Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է, ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ԿՈՐԵ՞Լ

Ապրիլ 10,2009 00:00

\"\"Հարեւան-բարեկամ Վրաստանում ՀՀ քաղաքացին չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

2008 թ. մարտի 31-ին Թբիլիսի քաղաքի Կինձմարաուլի նրբանցքի 20-րդ մասնաշենքի 22-րդ բնակարանում մահացել է 72-ամյա Հակոբ Ասատուրի Բաբայանը: Մահից 3 օր անց հարեւաններից մեկը՝ Էդուարդ Սուքիասյանը, անհանգստանալով, որ Հակոբի տան դուռն արդեն մի քանի օր չի բացվում, դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը ժամանել է ահազանգից՝ երկու, Հակոբի մահից՝ հինգ օր հետո:

Բերդի տարածաշրջանի Թոուզից (այժմ՝ Տավուշգյուղ) սերված Հակոբը անցյալ դարի 50-ական թվականներից, զինծառայությունից հետո, բնակություն էր հաստատել Վրաստանի մայրաքաղաքում, աշխատանքի անցել ռազմական ինքնաթիռներ արտադրող գործարանում: Աշխատանքային ողջ գործունեությունը անցկացրել է նույն ձեռնարկությունում, հմտացել բարդ սարքավորումների արտադրության մեջ: Հակոբ Բաբայանը քույր ունի Տավուշգյուղում, եղբայրն էլ՝ 50-ամյա Պավելը, Մասիս քաղաքի բնակիչ է: Պավելն ասում է, որ Հակոբին 10 տարի առաջ է այցելել: Վրաստանում բնակվող եղբոր հետ կապը թույլ է եղել, թոշակառու Հակոբն էլ տանը հեռախոս չուներ, որ գոնե զանգեր եղբորը: Հակոբի հարեւան Էդուարդ Սուքիասյանը նրա մահից հետո պատահաբար հայտնաբերել է փաստաթղթերի, նամակների ծրար, ուր գտել է հանգուցյալի բարեկամների հասցեն: Անցյալ տարվա հոկտեմբերին եկել է Հայաստան, Հակոբի հարազատներին որոնել Բերդի տարածաշրջանում, Մասիսում, գտել Հակոբի եղբոր՝ Պավելի հասցեն, ով լինելով Մասիսի բնակիչ, ժամանակավորապես բնակվում է Էրեբունիի Ջրաշեն գյուղում:

– Եկեք ձեր եղբոր տանը տեր կանգնեք,- Պավելին ասել է Էդուարդ Սուքիասյանը: Նա անհանգստացած էր, որ Մզիա անունով վրացուհին հասցրել էր վաճառել Հակոբի բնակարանը:

Շուրջ 55 տարեկան Մզիան Հակոբի տունը վաճառել էր մի վրացուհու: Մզիան Հակոբի կենդանության օրոք կարողացել է մի քանի անգամ ելումուտ անել Հակոբի բնակարան: Դրանից հետո Հակոբի փաստաթղթերը կորել են: Մզիան, փաստաթղթերը կեղծելով, «ամուսնացել» է Հակոբի հետ: Հակոբ Բաբայանը զգացել է այդ կնոջ վտանգավոր էությունը: Էդուարդի վրացուհի կինը մի քանի անգամ լսել է, թե ինչպես է Հակոբը շքամուտքի աստիճանների վրա նախատում Մզիային. «Ինչո՞ւ ես բոլորին որպես իմ կին ներկայանում, դու ո՞վ ես»: Հակոբը, զգալով, թե ում հետ գործ ունի, իր հերթին զգուշացրել է Էդիկին. «Մզիան վտանգավոր կին է, տուն մի թողեք»:

Էդիկի՝ Հայաստան այցից հետո, 2008թ. հոկտեմբերի վերջին, Պավել Բաբայանը կնոջ՝ Վարդիշաղի հետ մեկնել է Թբիլիսի: Հակոբի տան դուռը փակ է գտել. իրավապահներին Էդուարդի բողոքից հետո՝ Հակոբի տան դուռը կապարակնքված էր: Բաբայան ամուսինները գիշերել են Էդուարդի տանը: Պավել Բաբայանը դատական հայցով դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մ. Գվելեսիանիին, հայցի պատճենն ուղարկելով Իսանի-Սամգորի շրջանի դատախազ Նինո Ցիխիսելիին: Դատական հայց է բացել, որով պահանջել է պատասխանատվության ենթարկել Մզիային եւ նրա որդի Զուրաբին, ինչպես նաեւ հաստատել որպես Հակոբի տան ժառանգորդի՝ իր իրավունքները: Դատախազ Նինո Ցիխիսելին Բաբայան ամուսիններին հավաստիացրել է, որ նույն օրը երեկոյան իրենք կստանան Հակոբի տան բանալին, որպեսզի ամուսիններն այնտեղ գիշերեն, սակայն Բաբայանները այդպես էլ չստացան բանալին:

Բաբայանները Էդուարդի կնոջ միջոցով քրեական իրավունքի մասնագետ վրացուհի փաստաբան են ճարել: Դատավարությունը, ձգձգումներով շարունակվելով, ավարտվել է 2008-ի վերջին: Դատարանն ապացուցված է համարել, որ Մզիան ու նրա որդին կեղծ փաստաթղթերի միջոցով են տունը վաճառել եւ Մզիային դատապարտել է 5 տարվա, Զուրաբին՝ 4 տարվա ազատազրկման: Այս տարվա հունվարի 6-ին դատարանից Պավելին ծանուցագիր է ուղարկվել, որը Թբիլիսիում հանձնվել է Էդուարդ Սուքիասյանին: Մարտի 23-ին Պավելը մեկնել է Թբիլիսի, սակայն հիշյալ նամակն այդպես էլ չի կարողացել ստանալ, այդպես էլ չիմանալով, թե ի՞նչ կա այնտեղ գրված եւ եղբոր մահից ավելի քան մեկ տարի անց, չնայած բազմաթիվ ջանքերին, այդպես էլ չի կարողացել իմանալ, թե որտե՞ղ է գտնվում եղբոր գերեզմանը: Նրա խոսքերով, եղբոր դիահերձողը երկիմաստ եզրակացություն է գրել, որ Հակոբ Բաբայանի մահվան պատճառը պարզված չէ: Պավելը կարծում է, որ եղբորը թունավորել են՝ նրա տանը տիրանալու նպատակով: Մահից մի քանի օր առաջ Հակոբն անընդհատ մածուն է խնդրել: Հակոբի տնից անհետացել է ողջ գույքը, նրա ունեցած շատ արժեթղթեր: Դատավարության հերթական նիստի ավարտից հետո Մզիայի վրաց փաստաբանը երթուղային միկրոավտոբուսում գռեհիկ ակնարկներ է արել Պավելի հասցեին, թե նա եկել է եղբոր մնացորդները որոնելու: Նա նաեւ դատավարության ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել՝ «սրանց նայեք, Հայաստանից եկել, այստեղ տուն են ուզում պոկել»: Պավել Բաբայանին եւ նրա կնոջը շատ տարօրինակ է թվացել, որ Մզիան եւ նրա «գործընկեր», Հակոբի տունը գնած կինը շատ նման էին դիմագծերով, կարծես արյունակից հարազատներ լինեին: Տարօրինակ է եղել նաեւ այն, որ վրաց ոստիկանները Մզիային վերաբերվել են մտերմաբար՝ կարծես հին ծանոթի: Եղբոր տունը ժառանգելու համար Պավելը պիտի նոր դատական գործ՝ այս անգամ քաղաքացիական հայց նախաձեռնի: Բաբայան ամուսինները Թբիլիսիում նոր փաստաբան են գտել: Հանդիպման ժամանակ փաստաբանը, ծանոթանալով գործին, վստահեցրել է, որ այն 80%-ով շահած գործ է: Սակայն հաջորդ օրն իսկ կին փաստաբանը հրաժարվել է սույն հայցից: Պավել Բաբայանը կարծում է, որ փաստաբանի վրա ճնշում է գործադրվել, քանզի դատավարության ընթացքում կբացահայտվեին շատ հանցագործություններ վրաց պաշտոնատարների կողմից՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ կոռուպցիայի հետ կապված: Պավել Բաբայանը այս գործում շատ մութ հանգամանքներ է նկատել: Նրան ասել են, որ եղբոր բնակարանը գնած կինն իբր բարեխիղճ գնորդ է, սակայն Պավելը համոզված է, որ կեղծ փաստաթղթերով վաճառքը չի կարող օրինական համարվել: Դատավարության ընթացքում Մզիայի փաստաբանը «իմիջիայլոց» արված զրույցներով համոզում էր, որ Հակոբի տան դիմաց, որպես փոխհատուցում, Պավելին հանձնվի Մզիային պատկանող, Կախեթի շրջանի ինչ-որ գյուղում գտնվող տունը: Այս առաջարկը մերժվել է: Սակայն դատավարության ավարտին պարզվել է, որ Մզիան ոչ մի տուն էլ չունի:

Եղբոր բնակարանը ժառանգելու հետ կապված իր իրավունքները պաշտպանելու համար Պավել Բաբայանը 2008-ի վերջին եղել է Թբիլիսիում Հայաստանի դեսպանատանը եւ խնդրել իրեն օգնել: Դեսպանատան աշխատակիցն ասել է՝ եթե եղբայրդ լիներ Հայաստանի քաղաքացի, կզբաղվեինք: «Ես էլ Հայաստանի քաղաքացի եմ, իմ շահերը ինչո՞ւ չեք պաշտպանում»,- Պավել Բաբայանի այս հարցն անպատասխան է մնացել: Պավելը օրեր առաջ այցելել է Երեւանում Վրաստանի դեսպանատուն: Նրան լսելուց հետո ասել են, թե խարդախները՝ Մզիան եւ իր որդին, դատվել են: Եղբոր բնակարանը ժառանգելու առնչությամբ էլ հյուպատոսը պարզաբանել է, որ դեսպանատունը դատական գործերով չի զբաղվում:

50-ամյա Պավել Բաբայանը հյուսն է աշխատում «Գրանդ քենդի» ընկերությունում, կինը՝ Վարդիշաղը, Մասիսի ծննդատանը բուժքույր է: Ամուսինները հավաստիացնում են, որ բազմիցս Վրաստան մեկնելու, այնտեղ մնալու, փաստաբանական ծախսերի եւ այլնի համար շուրջ $3 հազարին համարժեք գումար են ծախսել: Համեստ եկամտի տեր այս մարդիկ այլեւս հնարավորություն չունեն Հակոբ Բաբայանի բնակարանը ժառանգելու հարցին դատական լուծում տալու համար Վրաստանում փաստաբան վարձել: Միգուցե վրացահայերի խնդիրներով զբաղվող որեւէ կազմակերպություն կամ Հայաստանի փաստաբանական որեւէ գրասենյակ զբաղվի՞ այս խնդրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930