Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՄՏԱՀՈԳՎԵԼ

Ապրիլ 29,2009 00:00

\"\"Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այդ հարցի շուրջ տարբեր կարծիքների են:

Անկախ պատգամավոր, ՀՀԿ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանը խաղում է ուրիշի խաղը, եւ այդ խաղը, ըստ մեր զրուցակցի, «ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ Թուրքիայի խաղն է»: Տիգրան Թորոսյանը վստահ է, որ այս պահին լուրջ մտահոգությունների հիմք կա. «Հաշվի առնենք մի քանի հանգամանք: Առաջինը՝ խոսվում է գործողությունների ծրագրի մասին, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզի, բայց այն չի հրապարակվում: Եթե այդ փաստաթղթի հետ կապված համաձայնություն է ձեռք բերվել, այն ստորագրվել է, ինչի մասին խոսում է ԱԳ նախարարների հայտարարությունը, ապա ինչո՞ւ չի հրապարակվում: Այս հարցը որեւէ լավատեսական հիմքեր ներշնչող պատասխան չունի: Երկրորդ՝ ասվում է, որ որեւէ նշանակություն չունի, որ դա արվեց ապրիլի 23-ին: Համաձայն չեմ դրա հետ, եթե նշանակություն չունենար, դա կարվեր մեկ այլ օր՝ ապրիլի 27-ին, 28-ին, մայիսին: Շատ պարզ է, թե ինչ է կատարվում. դա հենց հարմարեցված էր ապրիլի 24-ին: Փորձ է արվում հիմնավորել, թե ինչու է այս գործընթացը լավ: Միակ հիմնավորումը, որ բերվում է, այն է, որ շատերը դա ողջունեցին՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ այլն, եւ այլն: Բայց կարելի է բազմաթիվ օրինակներ բերել պատմությունից, եւ ոչ միայն մեր պատմությունից, որ տարբեր երկրներ, տարբեր կազմակերպություններ ողջունում են ինչ-որ քայլեր, բայց դա բխում է միայն իրենց շահերից եւ ոչ թե մյուս կողմի շահերից: Հիմա էլ կարելի է շատ հանգիստ նշել օգուտները, որ ստացան այս հայտարարությունից եւ այս, այսպես կոչված, քարտեզից տարբեր կողմեր՝ Միացյալ Նահանգները, Թուրքիան, Եվրամիությունը: Բայց Հայաստանը ի՞նչ օգուտ ստացավ, որեւէ մեկը չի խոսում դրա մասին: Ասվում է, որ ցեղասպանության հետ կապված նախապայման չկա, եւ Ղարաբաղի հետ կապված նախապայման չկա: Բայց այդ դեպքում եւս, եթե որեւէ նախապայման չկա, ինչո՞ւ չի հրապարակվում փաստաթուղթը: Ավելին, նախապայմանները կարող են լինել ոչ միայն այս երկու, այլ բազմաթիվ այլ հարցերի հետ կապված եւս, բայց՝ ինչո՞ւ պետք է նախապայման լինի սահմանը բացելու հարցում: Սահմանը փակելու ժամանակ Հայաստանը որեւէ դերակատարություն չի ունեցել, եւ առիթ եղել է ասելու, եւս մեկ անգամ պիտի ասեմ՝ բաց սահման ունենալը ԵԽ անդամ երկրի պարտականությունն է: Այնպես որ, բազմաթիվ են հարցադրումները, որոնց պատասխանները այսօր մենք չենք լսում: Եթե սրան ավելացնենք նաեւ այն ամենը, այն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայում վերջին մեկ ամսվա ընթացքում, եւ այս հայտարարությունը ստորագրելուց հետո հատկապես վարչապետ Էրդողանի կողմից, կարծում եմ, պատկերն առավել պարզ կլինի»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, ի տարբերություն պարոն Թորոսյանի, կարծում է, որ անհանգստանալու որեւէ հիմք չկա, քանի որ հանրապետության նախագահը բազմիցս ասել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը բացառապես առանց նախապայմանների է. «Նախագահը բազմիցս շեշտել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում, սահմանների բացում երբեւէ չի կարող լինել ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հաշվին: Մենք որեւէ հիմք չունենք հանրապետության նախագահին չհավատալու, ուստի, այո, մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Դաշնակցության մտահոգություններին, ապա, երբ երեկ լսում էի Դաշնակցության պատասխանատուների պարզաբանումները այս խնդրի վերաբերյալ, նկատեցի մեկ բան՝ նրանք չէին հերքում, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրենց հավաստիացրել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող լինել որեւէ նախապայմանի գնով»:

Հ. Գ. Երեկ ԱԺ քառօրյա նիստի ավարտից հետո խմբակցությունների ղեկավարները եւ հանձնաժողովների նախագահները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հանդիպեցին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին։ Վերջինս պատգամավորներին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը։ Հանդիպումը դռնփակ էր եւ տեւել է 2,5 ժամ։ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հանդիպումից հետո «Առավոտին» հայտնեց, որ ինքը բավարարված է ԱԳ նախարարի պարզաբանումներով: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը «Ա1+»-ին հայտնել է, որ հանդիպումից հետո անգամ իրենց մտահոգությունները չեն փարատվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել