Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է 1990-ԻՆ ՈՐԴԵԳՐԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Երեկ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերին պատասխանելով՝ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ձեզնից որեւէ մեկը իրենց եւ միջազգային հանրությանը հիշեցնելո՞ւ է, թե իրականում ո՞վ է օկուպանտը հայոց բարձրավանդակի, Նախիջեւանի, Շահումյանի, Գարդմանից աշխարհի: Երկրորդը՝ ի՞նչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջեւ, ի՞նչ դրութներ է պարունակում ճանապարհային քարտեզը այդ լույսի ներքո»,- երեկ կառավարությանը հարցեր տալու իրավունքից օգտվելով՝ անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսպիսի հարց ուղղեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի պատասխան, վարչապետն ասաց. «Ես շատ քաջ գիտակցում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ զգայուն թեմա են հայ ժողովրդի համար՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ-ի տարածքից դուրս, եւ մենք մեր արտահայտություններում, մեր գնահատականներում պետք է լինենք շատ զգույշ եւ ճշգրիտ, նամանավանդ, երբ խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների հիմք դնելու մասին: Այսինքն՝ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք կողմ չեն, որպեսզի մենք հաստատենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ եւ բացենք սահմանները: Քննարկումները պետք է լինեն հրապարակային, մենք ոչինչ չունենք թաքցնելու՝ ե՛ւ մեր ժողովուրդը, ե՛ւ դուք, ժողովրդի ներկայացուցիչներ, այստեղ հնարավորություն եք ունենալու տալ ձեր գնահատականները, նամանավանդ՝ փաստաթուղթը անխուսափելիորեն հայտնվելու է Ազգային ժողովում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ որեւէ գաղտնի պայմանավորվածություն, գաղտնի սկզբունք, գաղտնի կետեր, որոնք մենք ձեզ չենք ներկայացնելու, չկան, եւ չի լինելու այդպիսի բան, որոշումները լինելու են ձեր որոշումները, եւ մենք չենք կարող մեզ համար սկզբունքային կետերից մեկը՝ թափանցիկությունը, շրջանցել: Մեր ազգային շահերից բխում է, համենայնդեպս, մեր պատկերացումներն են այդպիսին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել եւ չպետք է լինի հակաթուրքական, այլ պետք է լինի պրոհայկական: Սա սկզբունքային հարցադրում է, եւ հենց այս հարցադրման շուրջ է, որ կա բանավեճ»: Պարոն Հովհաննիսյանը ուզեց առավել հստակ իմանալ՝ «Մադրիդի առաջարկները, որոնք, ըստ համանախագահների, ընդունվել են Հայաստանի կողմից, որպես գործընթաց հանդիսանո՞ւմ են հայոց մեծ հայրենազրկման օրինականացումը մեր կողմից, եթե դրանք զուգորդվում են թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում, կամ Ղարսի պայմանագրով, որեւէ մի դրույթի վերահաստատմամբ, կամ էլ մեր պատմության առանցքային ջրբաժան փաստարկված խնդիրների պատմականությանը վերաբերող հանձնաժողովների ստեղծմամբ: Հիմա շատ պարզ հարց եմ բխեցնում սրանից, նախապայմանների մասին չեմ խոսում, ընդունված դրույթների մասին եմ հարցնում՝ ներկա դրությամբ, արդյոք, Հայաստանը ընդունե՞լ է որեւէ մի դրույթ սահմանների հետ կապված, ճանաչման հետ կապված, որոնք Ղարսի պայմանագրի կրկնությունն են կամ բովանդակության մասն են կազմել, եւ արդյոք կա՞ պատմականությանը նվիրված հանձնաժողովի ստեղծումը»: Ի պատասխան՝ վարչապետը կրկնեց իր պատասխանը. «Այդ հարցին հստակ պատասխանել է հանրապետության նախագահը, այդ հարցին հստակ պատասխանել է ԱԳ նախարարը: Չեն եղել եւ չկան այդպիսի կետեր: Մենք գնում ենք հարաբերությունների ստեղծման՝ առանց նախապայմանների: Ձեր կողմից բերված կետերը ենթադրում են, որ կան նախնական պայմաններ: Եվս մեկ անգամ ձեզ հավաստիացնում եմ, որ որեւէ նախապայման չկա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու շուրջ, չկան այդպիսի նախապայմաններ, որովհետեւ հայկական կողմը ի սկզբանե հայտարարել է, որ մեր քաղաքական դիրքորոշումը 1990 թվականից սկսված չի փոխվել: Մենք դեռեւս 1990-ին ենք հայտարարել, որ Հայաստանը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման՝ առանց նախապայմանների, եւս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ այդ սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել»։

Երեկ կառավարությանը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր ուղղեցին նաեւ Վիկտոր Դալլաքյանը, Արտյուշա Շահբազյանը: ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը տվեց նույն կարգի պատասխաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել