Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԻՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՆ»

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Ամերիկացի ռեժիսոր, կինոդերասան Մայքլ Սթոունն այսպես արտահայտվեց ցեղասպանություն եւ վայրագություններ կազմակերպողների հասցեին:

«Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի լինելու ոչ թե հետեւորդ, այլ առաջնորդ»,- ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպված հանդիպման ժամանակ ուսանողներին ասաց ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պոետ Մայքլ Սթոունը: Նա Հայաստան է ժամանել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Կանգնեք, մարդիկ» վերնագրով՝ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ, որը տեղի կունենա այսօր: Երեւանյան ցուցադրությունից հետո, ֆիլմը, որին զուգակցվում են նաեւ էրգրի երգերը՝ Ֆ. Մարտիրոսյանի կատարմամբ, կշրջի ողջ աշխարհով:

Ֆ. Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչի մասին է ֆիլմը. «Ֆիլմում նկարահանված են 4 ազգի ներկայացուցիչներ, որոնք մտերիմ ընկերներ են՝ հույն եւ հայ աղջիկները, ամերիկացի ու թուրք տղաները, որոնք շփվում են ինտերնետի միջոցով: Երբ ամերիկացի երիտասարդը տեսնում է, որ Բարաք Օբաման գնում է Թուրքիա, որոշում է Youtube-ում փնտրել-գտնել տեղեկություններ Եղեռնի մասին եւ հարցեր հղել իր թուրք ընկերոջը: Այստեղից էլ սկսում է նրանց շփումը: Մենք ուզում ենք ասել, որ հենց երիտասարդությունն է, որ պիտի բողոքի ձայն բարձրացնի՝ ընդդեմ ահաբեկչությունների եւ ցեղասպանությունների»:

Լրագրողներին հետաքրքրեց, թե Մայքլ Սթոունն ի՞նչ կարծիք ունի Բարաք Օբամայի ելույթի մասին: Նա, փոքր-ինչ շրջանցելով հարցը, պատասխանեց. «Օբաման Թուրքիայի նախագահի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել բացել սահմանը, որ մարդիկ ազատ տեղաշարժվեն»:

Անդրադառնալով իր ստեղծագործությանը, Մ. Սթոունն ասաց. «Հիմնականում գրում եմ պատերազմի, ցեղասպանության, քաղաքականության մասին: Այդպիսով՝ փորձում եմ մարդկանց հուսադրել, որ արվեստի միջոցով հնարավոր է ինչ-որ փոփոխություններ անել աշխարհում: Կարծում եմ՝ այս առումով մեծ պատասխանատվություն է դրված երիտասարդների վրա. նրանք պիտի կարողանան իրենց ձայնը տեղ հասցնել…»: Լրագրողներին հետաքրքրեց, թե հավաստի՞ են այն խոսակցությունները, ըստ որոնց, մայիսի վերջին Հայաստան կժամանի Մայքլի քույրը՝ հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը: Նա այդ այցը հավանական համարեց:

Այնուհետեւ ԵՊՀ ուսանողները բազում հարցեր հղեցին Մայքլին, որոնց մեծամասնությունը կրկին վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Այս կապակցությամբ Մ. Սթոունը դիվանագիտորեն պատասխանեց. «Ինչպես հայտնի է, Հռոմը մեկ օրում չի կառուցվել, նույն տրամաբանությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ երեք ամիս է՝ ինչ պաշտոնավարում է, հուսով ենք, որ ամեն բան լավ է լինելու»:

Ամերիկացի ռեժիսորը դրվագներ հիշեց նաեւ իր մանկությունից. «Տասնութ տարեկանում ինձ ստիպեցին մասնակցել Վիետնամի պատերազմին. չորս տարի շարունակ տեսել եմ այն վայրագությունները, որ կատարվում էին այդ ընթացքում: Քանի որ զգացել եմ պատերազմի ցավը, հասկանում եմ հայերիդ: Ես այժմ ձեզ համար եմ այստեղ, եկել եմ ձեր ցավը կիսելու: Պետք է հասնել նրան, որ վայրագություններ կազմակերպող մարդիկ կանգնեն դատաստանի առաջ»: Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե Վիետնամի պատերազմի մասնակից Մայքլ Սթոունը կհամաձայնի՞ նկարահանվել արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմում՝ ազատամարտիկի դերում: Ամերիկացի կինոդերասանը ժպիտով դրական պատասխան տվեց: Ապագա պատմաբաններին նաեւ հետաքրքրեց, թե, ըստ Մ. Սթոունի՝ Բարաք Օբաման երբեւէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Ամերիկացի ռեժիսորն ասաց. «Կարեւորն այն է, որ դուք հնչեցնեք ձեր կարծիքն ու դիրքորոշումները: Իսկ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել