Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ՝ ի պաշտպանություն լրագրողի

Մայիս 01,2009 00:00

«Ռեպորտյորներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 4 ակտիվիստներ հացադուլ են անցկացնում Փարիզում իրանական ավիաընկերության ներկայացուցչության մոտ՝ պահանջելով ամերիկացի լրագրող Ռոքսաննա Սաբերիի ազատ արձակումը: Իրանական արմատներ ունեցող լրագրողը Թեհրանում դատապարտվել է 8 տարի ազատազրկման՝ հօգուտ ԱՄՆ-ի լրտեսության համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հացադուլի վայրը պատահական չէ ընտրված: Փարիզում չկա իրանական դեսպանատուն: Բողոքի ակցիայի մասնակիցները փողոցում տեղադրել են Ռոքսաննայի մեծ նկարը եւ պաստառի վրա գրել, որ մասնակցում են հացադուլին՝ համերաշխությունից ելնելով: Ակցիայի մասնակիցներից է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժուլյառը: Նույնատիպ ակցիա է անցկացնում ինքը՝ Ռոքսաննան, որը ապրիլի 21-ից թեհրանյան բանտում հացադուլի է նստել՝ պնդելով իր անմեղությունը: Ֆրանսիական մամուլը մեծ ուշադրություն է դարձնում այդ գործին, համարելով, որ սա մեծ քաղաքականության մաս է եւ կապված է Թեհրանի միջուկային ծրագրի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները բարելավելու հեռանկարի հետ: «Ֆիգարո» թերթը գրում է, որ Ռոքսաննա Սաբերիի գործը Իրանի քաղաքական ղեկավարության մեջ տարբեր կլանների պայքարի արդյունք է: Ըստ որում, առավել արմատական իսլամական շրջանակները փորձում են ձախողել Օբամայի նախաձեռնությունը եւ տապալել 2 երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել