Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանվենք՝ ներքին խնդիրները թոթափելով

Հունիս 13,2009 00:00

\"\"Առաջարկում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը

«Ժառանգություն» խմբակցությունը հունիսի 22-ին սկսվող ԵԽԽՎ նստաշրջանից, որում կլսվի նաեւ Հայաստանի հարցը, մեծ սպասելիքներ չունի եւ վստահ է, որ «այդպիսի վայրերում» (նկատի ունի ե՛ւ ԵԽԽՎ-ն, ե՛ւ ԵՄ նախարարների կոմիտեն) չի կարելի, որ Հայաստանի անունը անընդհատ բացասական կերպով շեշտվի»: Ըստ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, իշխանությունները մեկ հետեւություն պետք է անեն, որ՝ «իրենք այնպիսի գործունեություն պետք է ծավալեն, որի արդյունքում մենք ոչ թե մեր ներքին խնդիրներից պաշտպանվելով փորձենք պաշտպանել Հայաստանը, այլ վերջապես թոթափենք այդ ներքին խնդիրները եւ կարողանանք արտաքին մարտահրավերների նկատմամբ համարժեք աշխատանք իրականացնել»: Իսկ Ստեփան Սաֆարյանի սպասելիքն այն է, որ «մինչեւ մեր հարցի լսումը բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն, մեր չորս գործընկերները կմիանան մեզ՝ կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները, ինչպես նաեւ շատ լուրջ հետեւություններ կարվեն փաստահավաք խմբի լուծարման եւ փաստագողության փաստերի կապակցությամբ, եւ փորձ կարվի հասարակությանը ապացուցել, որ իշխանությունները, իրոք, շահագրգռված են մարտի 1-ի բացահայտման հարցում, մնացածը մեզ համար երկրորդական-երրորդական հարցեր են»:

«Ժառանգություն» խմբակցության անդամները երեկ չուզեցին սրել իրավիճակը եւ համարժեք պատասխան չտվեցին ՀԱԿ-ի կողմից իրենց հասցեին հնչած որոշ սուր գնահատականների: Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ «Ժառանգությունը» երբեք իրեն չի համարել թիվ մեկ կամ էլ՝ ամենավերջին կուսակցությունը. «Մենք քաղաքական դաշտում զբաղված չենք համարակալելով, այդ իսկ պատճառով գնահատականներ չենք տա: Գոնե «Ժառանգությունը» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչներից է, որը հենց նման չէ որեւէ մեկին»:

Հ. Գ. ԵԽԽՎ նստաշրջանին՝ հունիսի 22-ին, երբ կլսվի Հայաստանի հարցը, կմասնակցի նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել