«Ազատություն». «Աղդարայի [Մարտակերտի] շրջանի Վենգլի [Վանք] գյուղի Գյանջասարի վանական համալիրում դարձյալ հնչել են աղվանական հնագույն աղոթքներ»,- սեպտեմբերի 21-ի երեկոյան ազդարարեց պետական «Ազերթաջը»՝ Գանձասարից ծավալուն ռեպորտաժ ու լուսանկարներ հրապարակելով:
Պաշտոնական Բաքուն վերջին շաբաթներին շարունակում է որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիները: Թեև նախկինում՝ 2023-ին Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից և տարածաշրջանից հայերի տեղահանումից հետո ևս նման պնդումներ եղել էին, բայց պետական մակարդակով քարոզչությունը հատկապես ակտիվացավ նախագահ Ալիևի օգնականի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում և դրանից հետո: Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին հավաստիացնում էր, թե Քելբաջարում Դադիվանքը և Մարտակերտում Գանձասարը հին աղվանական եկեղեցիներ են, որոնք հայերը յուրացրել են:
Մեկ շաբաթ անց նախագահի կաբինետի առանցքային անդամը կրկնեց այս պնդումը՝ դարձյալ հայտարելով, թե «Կովկասի Ալբանական թագավորության քրիստոնեական ժառանգությունը տարիների ընթացքում հայերի կողմից ենթարկվել է կեղծման ու եկեղեցիների ճարտարապետության փոփոխման»:
Հաջիևին միանում են այլ պաշտոնյաներ
Հիքմեթ Հաջիևից հետո պաշտոնական քարոզչությանն այս շաբաթ միացավ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը: Սաբինա Հաջիևան հայկական կողմին մեղադրեց Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու համար։
Կարդացեք նաև
Թեև անցած տարի նախաստորագրված խաղաղության պայմանագրով կողմերը պարտավորվել էին դրա ստորագրումից ու ուժի մեջ մտնելուց հետո միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնել, ադրբեջանցի պաշտոնյայի հարցազրույցից պարզ դարձավ, որ Դադիվանքից դուրս բերված որմնանկարներն ու խաչքարերը վերադարձնելու պահանջով Բաքուն դեռ անցած տարի է դիմել Ինտերպոլին: Դրանք, ըստ, Հաջիևայի ներառվել են «Գողացված արվեստի գործերի» տվյալների բազայում:
«Սա նախատեսում է միջազգային մեխանիզմներ՝ նշված արտեֆակտները Ադրբեջանի Հանրապետություն վերադարձնելու համար՝ Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում դրանց հայտնաբերման դեպքում», – ասել է պաշտոնյան ու հավելել. – «Խուդավենգի վանքը [խմբ. Բաքուն այդպես է անվանում Դադիվանքը] Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության ամենակարևոր և հարուստ ճարտարապետական համալիրներից մեկն է»:
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավարը ավելի հեռուն է գնացել և Դադիվանքից ու Գանձասարից բացի «աղվանական» հռչակել Ամարասի, Ծիծեռնավանքի, Սուրբ Եղիշեի, Հոռեկավանքի եկեղեցիները: Ավելին՝ Հաջիևան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ հետազոտություններ անցկացնել նաև Հայաստանի տարածքում, քանի որ «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի որոշակի մասը նույնպես մտել է Կովկասյան Աղվանքի կազմի մեջ»։
Այս հարցազրույցից մի քանի ժամ էր անցել, երբ Բաքվի լրատվամիջոցները հրապարակեցին պետական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունը, թե աշխատանքային խումբ են ստեղծել՝ «ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Դարալայազում և Գյոյչայի [նկատի ունեն՝ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերը և Սևանա լիճը] ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրման նպատակով»։
Պաշտոնական Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը և պահանջում «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ:
Բաքուն նաև գործնական քայլերի է անցել
Հայկական ժառանգությունը աղվանական հռչակելու պաշտոնական քարոզչությունը նաև գործնական քայլերով է ուղեկցվում: Սեպտեմբերի 21-ին Գանձասարում կրոնական ծես են անցկացրել Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները: Պետական լրատվամիջոցը հոգևորականներին ներկայացրել են որպես Կովկասյան Աղվանից առաքելական ավտոկեֆալ եկեղեցու իրավահաջորդներ:
Ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները կրկնել են պաշտոնական Բաքվի թեզերը՝ իրենց եկեղեցիները յուրացնելու, ձևափոխելու մասին: Կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին «աղվանական եկեղեցու մարգարիտ» է անվանել Գանձասարը ու հայտարարել, որ այն ևս վերջապես ազատվել է գերությունից:
Գանձասարի ու Դադիվանքի շուրջ վեճից հետո ադրբեջանցիները հետաձգել են Հայաստան այցը
Լարվածության ֆոնին ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները։ «Մինչև լարվածությունը թուլանա», – «Ազատությանը» հայտնել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, ով քաղհասարակության այն ներկայացուցիչներից է, որ ներգրավված է երկու երկրներում անցած տարվանից անցկացվող քննարկումներին։
Սիրանույշ Գեւորգյան,
Աստղիկ Բեդեւյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































