Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես կոչված՝ կեղծ եւ հավաստի տեղեկությունների մասին

Օգոստոս 06,2009 00:00

«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին»

«Առավոտինե» տված հարցազրույցում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե օրինագծի հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում՝ հավանաբար ակնկալելով նաեւ մեր լրագրողական հանրության ներկայացուցիչներիս պատասխանը:

Մեջբերենք. «Մենք գրել ենք, որ լրագրողը իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս պարտավոր է չհրապարակել կեղծ տեղեկատվություն: Ի՞նչ եք կարծում, լրագրողը կարո՞ղ է հրապարակել կեղծ տեղեկատվություն: Ես կարծում եմ՝ չի կարող» («Առավոտ», 24 հուլիսի 2009 թ.):

Թող պարադոքսալ չհնչի, եթե ես՝ «Առավոտի» ընթերցողների շահերի պաշտպանս, ասեմ՝ այո, կարող է: Պարզաբանեմ պատասխանս. նայած, թե դուք՝ հարգարժան պարոն Դալլաքյան, ինչ եք հասկանում կեղծ տեղեկություն ասելով, ինչպես եք այն սահմանում եւ ինչպես եք փորձում ապացուցել տեղեկության կեղծ կամ հավաստի լինելը: Օրինակ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ իշխանության վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցների հրապարակումները, նույն իշխանության ներկայացուցիչների կարծիքով՝ կեղծ էին: Այդ լրատվամիջոցների, դեպքերի ականատեսների, թերթերի հազարավոր ընթերցողների համար կեղծ տեղեկատվություն են ՀՀ ոստիկանության եւ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունները նույն դեպքերի մասին: Կրկնեմ հարցս. հիմա, եթե նման օրինագիծը օրենքի ուժ ստանա, Վիկտոր Դալլաքյանը ո՞նց է պարզելու, սրանցից ո՞րն է կեղծ, որը՝ հավաստի:

Նման պահանջի վտանգը հետեւյալն է. ցանկացած քաղաքական ու անգամ ոչ քաղաքական տեղեկատվության դեպքում, լրագրողները եւ լրատվամիջոցները դատապարտված են մեղադրվելու կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ տարածելու մեջ, եթե դա չի համապատասխանում պաշտոնական տեղեկատվությանը:

Ասածս էլի հիմնավորեմ թարմ օրինակներով: Վերջերս եղան դեպքեր, երբ մի քանի թերթեր հրապարակեցին այս կամ այն միջադեպերի (ասենք՝ Արտաշատում «ռազբորկաների» կամ Էրեբունիում հնչած կրակոցների) մասին տեղեկություններ, որոնց շուրջ պաշտոնական տեղեկատվությունը լռում էր: Հնարավոր է, որ այդ հրապարակումներն իրենց մեջ նաեւ ոչ հավաստի տեղեկություններ էին պարունակում (ասենք՝ անուններ, մասնակիցներ եւ այն), բայց դրանք ստիպեցին, որ պաշտոնական ատյանները այդ մասին հաղորդումներ հրապարակեն, որոնց հավաստիությանն էլ մենք՝ ընթերցողներս, կասկածելու իրավունք ունենք: Ստացվեց, որ շատերի պատկերացմամբ «ոչ հավաստի» տեղեկությունների հրապարակումը նպաստեց, որ հասարակությունը նաեւ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկանա հասարակական հնչողություն ունեցող միջադեպերի մասին:

Ես՝ իբրեւ ընթերցողների շահերի պաշտպան, ուզում եմ, որ «Առավոտի» ընթերցողներն ամեն օր կարդան միայն հավաստի, սակայն ոչ երբեք միայն պաշտոնական տեղեկություններ:

Եվ վերջում՝ տեղեկությունների հավաստիության եւ ճշմարտության հավերժական որոնումների հարցի պատասխանը անցյալ դարի սկզբներին տվել է ճապոնացի գրող Ակուտագավան՝ իր «Թավուտում» պատմվածքում: Ես իմ ուսանողներին պարտադիր հանձնարարում եմ այն: Խորհուրդ կտամ կարդալ այդ գործը նաեւ Վիկտոր Դալլաքյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել