Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԶԳԱՑԻՔ, ՈՐ ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՔ

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

 \"\"Ֆինանսների նախարարը հոգնել է այս հարցից: Իսկ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ «Ի սկզբանե իմ մեջ եղել է այդ որոշումը»:

ԱԺ վերջին քառօրյային էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները մասնակցում էին արդեն ՀՀԿ-ի կրծքանշաններով: Եվ այս կապակցությամբ փոքր-ինչ ուշացած հարց ուղղեցինք նրանց, թե իրենց կերպարի հետ մինչ այժմ բավական դժվար համադրելի էր կուսակցականի կարգավիճակը, ըստ այդմ՝ ե՞րբ նրանց մեջ հետաքրքրություն արթնացավ ՀՀԿ-ի դավանած գաղափարախոսության՝ նժդեհականության, տարոնականության հանդեպ: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ի պատասխան ասաց. «Ես կարծում եմ, ձեր ձեւակերպումը… Ես միշտ կարծել եմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական է: Եվ ես իմ մասով արդեն իսկ որոշում ունեի, երբ նախարար նշանակվեցի, որ ես կարող է՝ այդ որոշումը պիտի կայացնեմ: Եվ տվյալ պահին, որ նշանակումը կատարվեց՝ բնական է, նախագահի թիմն էր ձեւավորվում: Եվ պարզ էր, որ կուսակցությունը, որին պետք է անդամագրվել՝ ՀՀԿ-ն է: Ինձ համար գաղափարախոսական իմաստով էլ այս կուսակցությունը հավասարակշռված քաղաքական հայացքներ է կրում: Նաեւ տնտեսության զարգացման տեսակետից, կարծում եմ, այն ծրագիրը, որը կուսակցությունն ունի՝ բավական առաջ կտանի երկիրը: Դրա համար ուժեղ է այդ կուսակցությունն այսօր: Եվ մենք պետք է նպաստենք, որ կուսակցությունը կարողանա իր խնդիրներն իրականացնել»:

Ներսես Երիցյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ այն մեկնաբանություններին, թե ՀՀԿ-ին անդամակցելը տանիք փնտրելու փորձ էր՝ քաղաքական հարվածներին դիմակայելու համար. «Ո՛չ: Ես չեմ կարծում եւ ամենայն ազնվությամբ եմ ասում՝ իմ անձնական որոշումը դրանով պայմանավորված չի եղել: Ի սկզբանե իմ մեջ եղել է այդ որոշումը: Բնական է՝ բացահայտ հայտարարված չի եղել, որ ես պետք է այդ քայլն իրականացնեմ: Ուղղակի հարմար պահը համագումարից առաջ էր, եւ ես այդ որոշումը կայացրի: Ու սա իրոք իմ դիրքորոշումն է կամ որոշմանս իմաստը»:

Ավելի բարդ էր ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանից մեկնաբանություն ստանալը: Նա սկզբում չցանկացավ ՀՀԿ-ի մասին հարցերին պատասխանել՝ նշելով, թե ԱԺ է եկել բյուջեն ներկայացնելու, հետո խոստացավ ընդմիջմանն այնուամենայնիվ պատասխանել: Ընդմիջմանը հեռացավ դահլիճի մյուս դռնից՝ Գագիկ Մինասյանի հետ միասին: Եվ երբ վերջապես նիստի ավարտից հետո հնարավորություն ունեցանք հարցեր ուղղելու նրան՝ անընդհատ փորձում էր հեռանալ: Այսուհանդերձ՝ բավական նյարդայնացած պատասխանեց ընդդիմության վրդովմունքն առաջացրած իր հայտարարության մասին հարցերին, որոնք ներկայացրել ենք երեկվա համարում: Բայց երբ ասացինք՝ «Դուք մինչ այս հայտնի էիք առավել ազատական հայացքներով, ինչպե՞ս պարզվեց, որ ազգային պահպանողական եք»՝ հարցը դեռ կիսատ թողած՝ Տիգրան Սարգսյանը սկսեց բացականչել, թե ինչ պիտի լինի, որ այլեւս այդ հարցը չհնչի. «Ես հոգնե՛լ եմ այդ հարցից: Ես հոգնե՜լ եմ այդ հարցից»: Հետաքրքրվեցինք, թե պրն Դավթյան՝ այդպես էլ գրե՞նք, որ հոգնել եք, դա՞ է ձեր պատասխանը: Հաստատեց. «Այո, հոգնել եմ»:

Երեկ համացանցային որոնման մի քանի համակարգերում նշեցինք Տիգրան Դավթյանի անունը եւ փորձեցինք պարզել, թե քանի՞ անգամ է նա պատասխանել այդ հարցին, որ այդպես հոգնել է: Պարզվեց՝ ընդամենը մի անգամ: ՀՀԿ նոյեմբերի 28-ին կայացած 12-րդ համագումարի ընթացքում նա պատասխանել է «7օր» կայքէջի թղթակցի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված կուսակցությանն անդամակցելու որոշումը: Եվ Տիգրան Դավթյանը տվել էր հետեւյալ պատասխանը՝ մեջբերում ենք ամբողջությամբ. «Ընդհանուր տրամաբանությամբ՝ իմ կենսագրությամբ»:

Ծանոթացանք նաեւ նրա կենսագրությանը՝ www.gov.am/am/gov-members/15/ հասցեում: Եվ չգտանք որեւէ փաստ, որը կհուշեր, թե ինչն է Համաշխարհային բանկի սերտիֆիկատների արժանացած նախարարին բերել դեպի նժդեհականություն:

Սակայն որոնումների ընթացքում թեմայի առնչությամբ եւս մի լուր գտանք: ՀՀԿ-ին նոյեմբերի 24-ին անդամակցելուց ընդամենը 4 օր առաջ՝ ի պատասխան հարցադրմանը, թե Տիգրան Դավթյանը չի՞ պատրաստվում հետեւել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ անդամագրվել ՀՀԿ-ին՝ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից «7օր»-ին տեղեկացրել են. «ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը չի պատրաստվում անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այս պահին նման մտադրություն չկա»: Թե ինչպես պահը հասունացավ նոյեմբերի 20-ից հաշված օրեր անց՝ հնարավոր չէ պարզել նախարարից. նա չափազանց հոգնած է այս մասին հարցերից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել