Լրահոս
Օրվա լրահոսը

TV ոլորտը պիտի կարգավորեն դրան չառնչվողնե՞րը

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

Ըստ Արամ Սաֆարյանի, երբ ՀՌԱՀ-ում լրագրողներ կային՝ ոլորտի խնդիրներն «ամենեւին ավելի արագ չէին լուծվում»:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, թեեւ մի տարի՝ 2004-2005թթ., նաեւ «ԱՐ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է եղել, իսկ 1996-ին էլ մասնակցել է «Շողակաթ» ստուդիայի ստեղծմանը: Սիմավոն Անդրեասյանը էլեկտրակապի ճարտարագետ է, Արա Թադեւոսյանը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալության հիմնադիր տնօրենը: Սա ՀՌԱՀ-ի՝ մինչեւ դեկտեմբերի 9-ը գործող կազմն է:

ԱԺ ամբիոնից երդմամբ ՀՌԱՀ անդամի պարտականությունները դեկտեմբերի 9-ին ստանձնած 4 նոր անդամներից երկուսը՝ Հայկ Քոթանյանը եւ Արամ Մելքոնյանը, տնտեսագետներ են, Արմեն Մկրտչյանը՝ իրավաբան, իսկ Կորյուն Առաքելյանը՝ բանասեր, որը շատ կարճ շրջան՝ 2-3 տարի, զբաղվել է լրագրությամբ, իսկ հիմնականում քաղաքականությամբ է զբաղվել կոմկուսի եւ հետո «Ազգային միաբանության» շարքերում:

Հիշեցնենք, որ այս շաբաթ կայացած ընտրության ընթացքում ԱԺ-ն մերժեց այն 3 լրագրողներին, որոնք առաջադրել էին իրենց թեկնածությունը: Եվ երեկ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվում էինք՝ մի՞թե կարծում են, թե ավելի ճիշտ է, որ հեռուստաոլորտը կարգավորեն մարդիկ, որոնցից գրեթե ոչ մեկը հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում չունի երկարատեւ աշխատանքային փորձ: Երկարատեւ փորձ ունենալը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 41 հոդվածի պահանջն է: Եվ մեր հարցադրմանն ի պատասխան՝ հենց այս ակնարկն արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը. «Օրենքի պահանջն է դա՝ մարդիկ պետք է տեղյակ լինեն ոլորտին, որը կարգավորում են: Եվ իհարկե՝ անհրաժեշտություն է այնտեղ ունենալ նաեւ ԶԼՄ-ներում աշխատանքի փորձ ունեցող, հեռուստատեսության, ռադիոյի եւ թերթերի հետ առնչված մարդիկ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ դեռ ԱԺ քննարկման ընթացքում էին հայտարարել. «Առաջադրված անդամների զգալի մասը չի համապատասխանում օրենքի չափանիշներին»: Նաեւ կրկնեց, թե այս պայմաններում «չունենք շատ մեծ հույսեր, որ այս հանձնաժողովի շնորհիվ փոփոխություններ կլինեն հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում»:

ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանն ասաց. «Մեր դիրքորոշումն այնպիսին է, որ մենք հենց այսօր էլ այդ հանձնաժողովի աշխատանքներից գոհ չենք: Ինչպես երեւի գոհ չեն նաեւ մեր նորմալ քաղաքացիները, որոնք առնչվում են հեռուստաընկերություններին եւ տեսնում, թե առօրյա եթերից ժողովրդին ինչ է մատուցվում: Բայց լսելով թեկնածուներին՝ մենք հույս ունենք, թե գոնե որեւէ առաջընթաց, բարեփոխում տեղի կունենա այդ բնագավառում»: Հետաքրքիր է, թե ինչ հիմքեր ունի այդ հույսը, երբ ընտրված թեկնածուներից մեկը հայտարարում էր, թե ՀՌԱՀ-ը հիմնականում կատարել է իր առջեւ դրված խնդիրները, մյուսը, թե ՀՌԱՀ-ը միայն պատժողի դեր չպիտի կատարի եւ այլն: Եվ հեռուստաոլորտը քննադատում էր թեկնածուներից միայն մեկը, որը չընտրվեց:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ճիշտ համարեց, որ առաջադրվեին այնպիսի թեկնածուներ, որոնք ուղղակիորեն առնչվում են ոլորտին. «Ի վերջո, ոլորտը սպեցիֆիկ է: Իսկապես, ոլորտին չտիրապետողների համար կարող են աշխատանքային դժվարություններ առաջանալ: Բայց թեկնածուները վստահեցնում էին, որ շատ կարճ ժամանակում կյուրացնեն, կտիրապետեն ոլորտը»: Եվ կրկին ցավ հայտնեց, որ չառաջադրվեցին «այնպիսի պրոֆեսիոնալներ, որոնք կարող էին իսկապես շատ ավելի արդյունավետ աշխատել հանձնաժողովում»:

ԲՀԿ պատգամավոր Արամ Սաֆարյանը հավելեց. «Այն ժամանակ, երբ այդ հանձնաժողովում կային լրագրողներ՝ հեռուստատեսության եւ ռադիոյին առնչվող եւ հասարակական հնչեղություն ձեռք բերած խնդիրներն ամենեւին ավելի արագ չէին լուծվում: Եվ չեմ կարծում, թե ինքնանպատակ է ՀՌԱՀ-ում ունենալ մարդիկ, որոնք այդ մասնագիտության կրողներն են»:

Եվ միայն ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը միանշանակ համոզմունք հայտնեց, թե 7 թեկնածուներից 4-ին ընտրելիս ԱԺ-ն առաջին հերթին հաշվի է առել նրանց մասնագիտական կարողություններն ու փորձը. «Չեմ կարծում, որ ընտրված 4 մասնակիցները հեռու են ոլորտից: Յուրաքանչյուրը նաեւ որոշակի առնչություն է ունեցել՝ ըստ կենսագրական տվյալների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել