Օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը, որում Սերժ Սարգսյանի քարոզարշավի գովազդային հոլովակ պատրաստելիս օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը զայրանում եւ հայհոյում է Սերժ Սարգսյանին, բոլորի խոսակցության թեման էր դարձել: Երեկ «Տեսակետ» ակումբում Ալբերտ Ազարյանն այս մասին որոշ պարզաբանումներ տվեց: Նա նշեց. «Ուզում էի, որ դուք իմանաք, որ ես նման բան չեմ ասել: Ու եթե հանկարծ բռնեցի այս ամենն անողին՝ քիթը կպոկեմ»: 80-ամյա մարզիկը նշեց, որ ինքը չափազանց վատ վիճակում է հայտնվել, նույնիսկ ԱՄՆ-ից են այս հարցի կապակցությամբ զանգել իրեն: Պարոն Ազարյանը վրդովված ասաց. «Ախր ես ինչո՞ւ պիտի վարկաբեկեմ մեր երկրի ղեկավարին, դա հնարավոր բան չէ: Այդ հոլովակում ես ասում եմ, որ եթե ընտրենք Սերժ Սարգսյանին, մեր երկրի դրությունը կլավանա, ու մեկ էլ գլուխս թափ եմ տալիս ու չգիտեմ… Դա 100%-ով սարքել են, մոնտաժել, կպցրել իմ խոսքին: Ես նույնիսկ իմ մարզիչների, ընտանիքի անդամների մոտ չեմ հայհոյում: Ուղղակի ինչ- որ մեկը նախանձություն է արել, բայց դա անթույլատրելի է: Ախր ո՞նց կարելի է այսպես վարկաբեկել մի մարդու, որը կյանքն է նվիրել իր երկրին: Ես չգիտեմ քանի տարվա կյանք ունեմ, բայց 2 օր առաջ, որ զանգեցին ու այս մասին ասացին, սիրտս կանգնում էր»: Դառնալով մտավորականների եւ մարզիկների՝ սոցիալական բնույթի հարցեր լուծելու համար քաղաքականության մեջ ներգրավվելու հարցին՝ նա ասաց. «Ոչ մի անգամ քաղաքական հարցերով չեմ զբաղվել եւ իմ աշխատողներին էլ եմ նույնը կոչ արել: Եթե այդպես լիներ, ուրեմն ես Գագիկ Ծառուկյանի կողքից պետք է հեռու չգնայի, քանի որ նա իմ 80-ամյակին ավտոմեքենա է նվիրել»: Պարոն Ազարյանը նշեց, որ ինքը ենթադրություններ չունի, թե ով կարող էր նման բան արած լինել, բայց ասաց. «Չգիտեմ ով է արել, բայց անողը թող գլուխը պատին տա»:


















































