Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 19,2009 00:00

  \"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներկուերորդ

ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ

Սանյա Ռոդիոնովն ինքն էլ էր իր էդ գրական ու մանավանդ ազգային-ազատագրական առաքելությունն ու պարտավորությունները գիտակցում ու ընկալում եւ իր էդ մեծ առաքելության ողջ իմաստն ընկալելով, գիտակցելով ու բոլորեքյան ըմբռնելով՝ ամենահարբած պահերին անգամ հոգեւոր ու քաղաքական առաջնորդի իր դերն ստանձնած ուներ, եւ իր էդ առաքելության ու առաջնորդության կարեւորագույն բաղադրիչն ու բաղկացուցիչն, իհարկե, Անդրյուշան էր, եւ Անդրյուշան Սանյայի համար ճիշտ էն դերն ուներ՝ որն ունեն երիտասարդ սարկավագները վաստակաշատ ու տարեց հոգեւորականներին առընթեր, ու երեւի բոլորդ էլ նկատած կլինեք, որ կնունքների ու թաղումների ժամանակ առանց սարկավագի գործող տարեց ու վաստակաշատ տերտերները չափազանց անօգնական տեսք ունեն, եւ Սանյան էլ առանց Անդրյուշայի էր էդպես անօգնական, մանավանդ որ՝ Անդրյուշայի կարիքն Ալեքսանդր Ռոդիոնովը մշտապես էր զգում, որովհետեւ մշտապես արթուն էր՝ օրվա մեջ գրեթե քսանչորս ժամ, եւ լրիվ քսանչորս ժամ չեմ կարող ասել, որովհետեւ Սանյան խմելու ու խումհարի արանքում ժամ կամ ժամուկես, այնուամենայնիվ, հաջողացնում էր քնել, եւ առիթից օգտվելով՝ էդ ժամն ու ժամուկեսն Անդրյուշան էլ էր քնում, եւ շատ դեպքերում Անդրյուշան խումհարից հետո էլ էր մի որոշ ժամանակ քնում, որովհետեւ խումհարից հետո, երբ բոլորը վերստին ցրվում էին, Սանյան գնում էր իր սենյակ ու գործի էր գցում գրամեքենան, ու մինչեւ իրիկուն Սանյայի գրամեքենան անխափան ու անընդմեջ չխկչխկալով՝ անսխալ ու գրեթե անընթեռնելի արձանագրում էր Սանյա Ռոդիոնովի մտքի ողջ վայրիվերումներն ու սրտի կարդիոգրաման, որոնց վերծանման պատիվն ամեն իրիկվա իննից հետո ինձ էր վերապահված, եւ իմ գործն առանձնապես ծանր չէր, որովհետեւ Սանյա Ռոդիոնովի գրամեքենայի արձանագրած տառերի էն մասերը, որոնք սեւ չէին, Սանյայի դեղնավուն թղթերի համեմատ ահագին ճերմակ էին, եւ ցանկության դեպքում դրանք հնարավոր էր նշմարել, եւ սկզբնական շրջանում լավ էլ նշմարում էի, բայց հետո, երբ զգացի, որ Սանյան ինձ որպես ընթերցող չափից ավելի է հավատում ու վստահում, արդեն հիմնականում սեւերն էի կարդում, ու էդքանն էլ բավական էր, որ հաջորդ իրիկուն դույն տրցակը Սանյային հանձնելիս ու հաջորդն ստանալիս կարծիքս ամփոփ ու համոզիչ հայտնեի, եւ չնայած Սանյան կարծիքս առանձնապես ուշադիր չէր լսում, ես երկարբարակ կարծիքս հայտնում էի, եւ էդ պահերին իր ուշքումիտքն ուրիշ տեղ էր, որովհետեւ իրիկվա իննի կողմերն Անդրյուշայի նախաձեռնությամբ նոր օրն արդեն մանրից հունի մեջ էր մտնում, եւ, բացի այդ, էդ ընդունման ու հանձնման պահերին Սանյա Ռոդիոնովն արդեն բացառապես իր նոր տրցակի բովանդակությամբ ու էությամբ էր ներծծված լինում, եւ չնայած ասացի, թե կարծիքս ուշադիր չէր լսում, իրականում երեւի ձեւ էր անում թե՝ ուշադիր չի լսում, ու երեւի լավ էլ ուշադիր էր լսում, որովհետեւ հետագայում էդ ասածներս ինձ բառացի հիշեցնում էր, եւ չնայած ինքը դիտողություն ընդունող ու հաշվի առնող չէր, հատկապես դիտողություններս էր հիշում ու նույնիսկ հաշվի առնում, իսկ դիտողություններ գրեթե միշտ էի անում, որովհետեւ վաղուց արդեն Գրողների միության անդամ էի ու արդեն գիտեի, որ եթե շարան-շարան գովեստներդ երբեմն-երբեմն դիտողություններով չհամեմես, էդ գովեստներիդ հասցեատերը կարող է չհավատալ, որ իր էդ գրածը կարդացել ես, եւ չնայած էդ նրբություններին բոլորս էինք տեղյակ, այնուամենայնիվ, առանձին-առանձին բոլորս էլ հակված էինք անվերապահորեն հավատալ մեզ հասցեագրված գովեստներին ու մեզ հասցեագրված որոշ դիտողություններն էլ որոշակի քամահրանքով ու ականջի պոչով էինք լսում, ու Սանյան էլ, չնայած բոլորիցս էականորեն էր տարբեր, բոլորի պես ականջի պոչով էր դիտողություններս լսում, բայց, ի տարբերություն մյուսների, ինքը գովեստներս էլ էր ականջի պոչով լսում, որովհետեւ հոգով ու սրտով արդեն իր նոր տրցակի էության ու բովանդակության հետ էր, եւ, բացի այդ, էդ ամենօրյա ընդունման ու հանձնման պահերին Անդրյուշայի նախաձեռնությամբ նոր օրն արդեն հունի մեջ էր լինում, եւ Անդրյուշան ու տղերքն արդեն անհամբեր իրեն էին սպասում, եւ Սանյան գովեստներս ու դիտողություններս ի գիտություն ընդունելով գնում էր՝ առաջնորդելու իր երամին, բայց նախքան գնալը, այնուամենայնիվ, քաղաքավարությունից դրդված հարցնում էր՝ «չես գա՞ հետներս մի բաժակ բան խմես», եւ ես ժպտալով պատասխանում ու ասում էի՝ «ես որ խմեմ՝ էս գրածներդ ո՞վ պիտի կարդա», եւ Սանյան հարցնում էր՝ «մի բաժակն ի՞նչ պիտի անի», եւ ես ժպտալով ասում էի՝ «որ խմում եմ՝ կարդացածս չեմ հասկանում», եւ Սանյան առանձնապես չէր պնդում, որովհետեւ ինքն ինձ որպես ընթերցող ավելի էր կարեւորում, քան՝ որպես բաժակակից ու սեղանակից, մանավանդ որ՝ մեր ուսումնառության երկրորդ ամսից սկսած՝ իրենց էդ գինարբուքների մասնակիցները բացառապես ռուսներ էին, ու էդ տարբերակը թե՛ իրենց էր ձեռնտու, թե՛ այլազգիներին, եւ թե՛ հատկապես ինձ՝ ոչ միայն էն պատճառով, որ իրենց ազգայնական ու շովինիստական խոսակցություններն անհասկանալի էին ինձ, այլեւ էն պատճառով, որ խմելու իրենց տեմպերին ու չափերին ի վիճակի չէի դիմանալ, ու նաեւ էն պատճառով, որ իրենց գինարբուքի ժամերը հիմնականում համընկնում էին իմ ստեղծագործելու ժամերին, որովհետեւ մոսկովյան ուսումնառության էդ երկու տարիներին ես ոչ թե առավոտներն էի գրում, այլ՝ իրիկունները, քանի որ առավոտները դասի էի, որովհետեւ, ի տարբերություն Սանյայի ու բաժակակիցների, մանավանդ առաջին շրջանում ռուս դասախոսների դասախոսություններով հետաքրքրված էի, եւ, բացի այդ, ես Մոսկվայում սովորելու տարիներին ավելի շատ էի գրում, քան՝ սովորաբար, որովհետեւ Սանյայի ու մյուսների արձակ էջերը կարդալով՝ շուտով ինքս էլ սկսեցի արձակ գրել, բայց, ի տարբերություն Սանյայի ու բաժակակիցների, ես արձակի ռեժիմին համակերպվեցի, իսկ խմելու ռեժիմին՝ ոչ, ու Սանյայի ձեռագրերն էլ թերթում էի էն ժամերին, երբ իրենց ամենօրյա գինարբուքն արդեն սկսված ու հունի մեջ էր լինում, ու էդ ընթերցանությունն ինձանից առանձնապես ժամանակ չէր խլում, մանավանդ որ՝ շուտով Անդրյուշան միանգամայն ինքնուրույն գլխի ընկավ, որ հարկավոր է շուտափույթ փոխել Սանյա Ռոդիոնովի գրամեքենայի խունացած ու քրքրված ժապավենը, եւ չնայած ժապավենը փոխելուց հետո Սանյայի տառերն ու բառերն արդեն չափազանց հստակ էին կարդացվում, ես սովորությանս համաձայն շարունակում էի իր գրածների մի չնչին մասը միայն կարդալ՝ ոչ միայն էն պատճառով, որ ես ռուսական արձակը հայերեն թարգմանությամբ էի սովոր կարդալ, այլեւ էն պատճառով, որ Սանյա Ռոդիոնովն ավելի հետաքրքիր էր, քան՝ իր արձակը, ու նաեւ էն պատճառով, որ ինքս էլ էի պարտավորված ստեղծագործել, եւ չնայած իմ ստեղծագործելու ու մեր ազգի փրկության պրոցեսներն իրար կապող Անդրյուշա չունեի, ես էլ իմ չափով ու իմ ռեժիմով էի գրում ու ստեղծագործում, այսինքն՝ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի էդ հանրակացարանում ինքս էլ էի ապրում ու ստեղծագործում, եւ իմ ապրելն ու ստեղծագործելը Սանյա Ռոդիոնովի ապրելուն ու ստեղծագործելուն բացարձակապես չէր խանգարում, եւ իրենց ամենօրյա գինարբուքներն ու աղմուկները հատկապես ինձ չէին խանգարում, որովհետեւ ես էն գրողներից եմ, ովքեր կարող են նաեւ աղմուկի մեջ ստեղծագործել, ու հենց էս պահին՝ երբ էս բաները հիշելով գրում եմ, մեր շուշաբանդի հեռուստացույցը միացած է, եւ քիչ հետո Հովոն ու Ռաֆոն կհայտնվեն ու կասեն՝ «բարի լույս, հայե՛ր», եւ ամեն օրվա պես իրենց կատակներն ինձ չեն խանգարի՝ ճիշտ այնպես՝ ինչպես իմ էս գրածները որեւէ մեկին չեն կարող խանգարել, եւ չնայած որոշ գրագետներ համառորեն շարունակում են էս գրածներիցս խանգարվել, դրանք էն թուլամիտներն են, ովքեր դեռեւս գլխի չեն ընկել, որ մարդու իրավունքների զանազան կոնվենցիաներով իրենց անսահմանափակ իրավունքներ է շնորհված՝ «Առավոտի» իմ բաժին էս շաբաթօրյա էջերը շրջանցելու, եւ նույնիսկ մեր տեղական ու բարեփոխված սահմանադրությամբ է էդ իրավունքը յուրաքանչյուրին տրված, բայց, այսուհանդերձ, դեռեւս ոմանք չեն ղմշում օգտվել իրենց էս տեսակ զանազան իրավունքներից, մինչդեռ ես մշտապես օգտվել ու շարունակում եմ լիուլի օգտվել էդ տիպի իմ բոլոր իրավունքներից, ընդ որում՝ ոչ թե գիտակցաբար եմ օգտվում, այլ միանգամայն անգիտակցաբար ու բնազդաբար՝ անկախ մարդու իրավունքների կոնվենցիաների ու մեր բարեփոխված սահմանադրության իմ իմացությունից ու չիմացությունից, եւ ահա Ռաֆոն «Արմենիայի» եթերում մենմենակ հայտնվեց ու ամեն օրվա պես ասաց՝ «բարի լույս, հայե՛ր», եւ ամեն օրվա պես Հովոն էլի ուշացել է, եւ ամեն օրվա պես Հովոյի ուշանալը Ռաֆոյի վրա ավելի է ազդում, քան՝ ինձ վրա, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ ես ամեն օրվա պես մեր շուշաբանդում զբաղված եմ իմ ամենօրյա գործով, եւ Հովոյի ուշանալն ինձ համար ոչ տաք է ու ոչ էլ՝ պաղ, մինչդեռ Ռաֆոյի վրա Հովոյի ուշանալը չի կարող չազդել, որովհետեւ իրենք երկուսով միասին նույն գործն են անում ու, ըստ ամենայնի, նույնչափ էլ աշխատավարձ են ստանում, եւ, բնականաբար, Հովոյի ամեն օր ուշանալը Ռաֆոյի նյարդերի վրա լավ էլ ազդում է, եւ չնայած Ռաֆոն Հովոյի էդ ուշացումներն ամեն օր հանաքի է տալիս ու հումորի է վերածում, ես Ռաֆոյի էդ ամենօրյա նեղսրտությունն ու լարվածությունը լավ էլ զգում ու նկատում եմ՝ հիշելով էն օրերը, երբ Բոբոշին ու Գուգուշին փորձում էի կենդանություն ու շունչ տալ, եւ ամեն երկուշաբթի առավոտ մեր «Հեքիաթն է կանչում» հաղորդման ողջ ստեղծագործական խմբով՝ շուրջ տասը հոգի, անհամբեր ու նյարդային վիճակում սպասում էինք Նազենիի հայտնվելուն՝ ճիշտ այնպես, ինչպես էս պահին Ռաֆոն է լարված ու նյարդայնացած սպասում Հովոյին, բայց հենց Նազենին հայտնվում ու մեկ առ մեկ ժպտում էր բոլորիս, մենք իրեն որեւէ վատ բան չէինք ասում՝ ոչ միայն էն պատճառով, որ իր կաշառող ժպիտն ու գեղեցկությունն անմիջապես զինաթափում էր մեզ, այլեւ էն պատճառով, որ մենք չորս ժամվա ընթացքում պարտավոր էինք նկարահանել ամբողջ ամսվա նկարահանելիքը, եւ քանի որ էդ չորս ժամերից շուրջ երկուսը Նազենիի ուշանալու պատճառով հօդս էին ցնդած լինում, Նազենիից բացատրություններ պահանջելու ժամանակ էլ չէր մնում, եւ, բացի այդ, Նազենիից բացատրություններ պահանջելը մեր կողմից անշնորհքություն կլիներ, որովհետեւ բոլորն ու հատկապես նվաստս շատ լավ հասկանում էինք, որ մեր էդ «Հեքիաթն է կանչում» հաղորդումն անձամբ Նազենիի խաթեր էր վերականգնվել ու շարունակվում, եւ, դրանից էլ բացի, եթե Նազենին նույնիսկ շատ էլ ուզենար, էլի չէր կարող պարտաճանաչորեն ներկայանալ մեր էդ նկարահանումներին, որովհետեւ ինքը, մեր էդ հաղորդաշարից բացի, առավոտից իրիկուն այլ հաղորդումներ էլ էր վարում ու ցանում. կարճ ասած, մեր էդ մեկուկես տարվա նվաստացումները մեկին մեկ համընկան Նազենիի աստեղային ժամերին ու օրերին, եւ հիմա էդ օրերը հիշելով՝ մեր էդ վիճակը համեմատում եմ էս «Բարի լույս, հայեր» հաղորդումն ամեն օր մենմենակ սկսող Ռաֆոյի վիճակի հետ, եւ ակնհայտ է, որ Ռաֆոյի բախտն էլ չի բերել՝ էն առումով, որ իր էս ամենօրյա հաղորդավարությունը մեկին մեկ համընկել է Հովոյի աստեղային ժամերին ու օրերին, ու մեզ պես Ռաֆոն էլ է ստիպված համակերպվել իր էս մշտական վիճակին, եւ չնայած Ռաֆոն նախքան Հովոյի ժամանելն ու հատկապես Հովոյի ժամանումից հետո Հովոյի ուշանալու թեմայով որոշ կատակներ, այնուամենայնիվ, անում է, այդուհանդերձ, իր էդ կատակները վիրավորանքի չի հասցնում եւ եթե երբեմն հասցնում էլ է, երկուսով հանաքի են տալիս ու առայժմ հաջողացնում են իրենց էդ ներքին տարաձայնություններին ու անհամաձայնություններին լուրջ տեսք ու ընթացք չտալ, եւ իրենց ու հատկապես Ռաֆոյի էս հանդուրժողականությունը հատկապես ինձ է ձեռնտու, որովհետեւ եթե հանկարծ լրջանալով՝ ուղիղ եթերում լրջորեն իրար ասեն էն ամենը՝ ինչ իրար մասին մտածում են, ոչ միայն իրենք կշեղվեն իրենց ուրախ ու զվարթ էս ամենօրյա առաքելությունից, այլեւ բուն գործից կկտրեն բոլոր նրանց, ովքեր առ էսօր իրենց բուն գործն ու սրանց էս «Բարի լույս, հայեր» հաղորդումը հաջողությամբ համատեղում են, ու ամենից հաջող համատեղողն ինքս եմ, որովհետեւ ես էն գլխից եմ սովոր աղմուկի մեջ ստեղծագործել, բայց, բոլոր դեպքերում, էդ աղմուկն էլ պիտի չափավոր լինի, որպեսզի ոչ միայն ինձ չշեղի իմ իսկ ստեղծագործական պրոցեսից, այլեւ էդ պրոցեսին նպաստի առնվազն էնքանով, ինչքանով հիմա՝ հենց էս պահին է նպաստում, եւ, որ ամենակարեւորն է, Ռաֆոյի ու Հովոյի էս չափավոր աղմուկը, չափավոր վիրավորվածությունն ու չափավոր ինքնազսպումն առաջին հերթին իրենց իսկ ստեղծագործական պրոցեսին ու իրենց էս «Բարի լույս, հայեր» հաղորդմանն են նպաստում, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ էս երկուսի՝ մի կերպ իրար հանդուրժելու շնորհիվ է իրենց էս հանապազօրյա հաղորդումը շարունակվում, եւ ընդհանրապես՝ եթե մարդիկ չհանդուրժեն իրար, մեր էս համատեղ ու համընդհանուր կյանքը դժվար թե շարունակվի, եւ առաջին հերթին թույլերը պիտի ուժեղներին հանդուրժեն, այլ ոչ թե՝ հակառակը, եւ Հովոյի ու Ռաֆոյի դեպքում հեչ պարզ չէ՝ իրենցից ուժեղն ով է, եւ միայն իրենց էս հաղորդման հետագա ընթացքը ցույց կտա՝ ով է ուժեղը, եւ չնայած Հովոն ամեն առավոտ ուշանալով՝ ամեն առավոտ մեղավոր ժպտում է Ռաֆոյին ու հեռուստադիտողներին, եւ չնայած Ռաֆոն էլ ամեն առավոտ Հովոյին մեծահոգաբար հանդուրժում ու ներում է, այդուհանդերձ, էս պահի դրությամբ դժվար է ասել՝ էս երկուսից ով է թույլն ու ով է ուժեղը, ու մինչ իրենց էս հաղորդման հետագա ընթացքն էդ հարցի սպառիչ պատասխանը կտա, ես հիմա պարտավոր եմ էդ հարցի կապակցությամբ անձնական կարծիքս հայտնել, ու էդ ամենի մասին իմ անձնական կարծիքն էն է, որ էդ հարցում ընդհանրապես կարծիք չունեմ, որովհետեւ իմ էս երկրային հիսունհինգ տարիներն ինձ բավական տեսանելի ցույց են տվել, որ շատ հաճախ հենց հանդուրժողն է հաղթում, այլ ոչ թե՝ հանդուրժվողը, եւ եթե կյանքում որեւէ ցանկալի երեւույթ շարունակություն է ունենում, հենց հանդուրժողների հանդուրժողականության շնորհիվ է շարունակություն ունենում, եւ ամենեւին պարզ չէ՝ էս կյանքում ովքեր են հաղթողներն ու ովքեր են պարտվողները, եւ նմանապես պարզ չէ՝ ովքեր են ուժեղներն ու ովքեր են թույլերը, եւ եթե հանդուրժողներն անգամ իրենց իսկ աչքում են թույլ երեւում ու ներկայանում, դա նրանից է, որ հանդուրժողները համառորեն չեն ուզում հասկանալ, որ իրենց իսկ հանդուրժողականության շնորհիվ է էս երկրագունդն իր պտույտները դեռեւս շարունակում, եւ նմանապես չեն հասկանում, որ իրենց իսկ հանդուրժողականության շնորհիվ են էս երկրի երերուն սյուները դեռեւս կանգուն, եւ իրենց էս չհասկանալն ու չգիտակցելն է պատճառը, որ կամավոր ու մշտապես թույլի ու պարտվածի կարգավիճակն իրենցն են համարում ու իրենց են վերագրում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ կարգավիճակում որեւէ մեկը պարտադիր պիտի գտնվի, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ երբեւէ չեն էլ երազել էն հաղթանակների մասին, որոնց մասին էս թվացյալ ու կարծեցյալ հաղթողներն են անդադար ու անդադրում երազում, եւ չնայած էս պահին էսպես եմ ասում ու գրում, այդուհանդերձ, թվացյալ պարտվողներս շատ հաճախ էս թվացյալ հաղթողների ոչ միայն ռեալ ու տեսանելի ունեցվածքը չենք տեսնում ու չենք նկատում, այլեւ՝ էդ թվացյալ հաղթողների երեւելի, երեւացող ու աչք ծակող իշխանությունը, եւ դրանց էդ պերմանենտ իշխանության դեմ չենք էլ ընդվզում, ընդ որում՝ ոչ թե էն պատճառով, որ բազմիցս կարդացել, լսել ու մեր սեփական աչքերով էլ տեսել ու համոզվել ենք, որ հավերժական իշխանություններ ու մանավանդ հավերժական իշխանավորներ առ էսօր չեն եղել, այլ հիմնականում էն պատճառով, որ մենք շարունակաբար ոչ միայն մեր պարտությունները չենք տեսնում ու չենք հասկանում, այլեւ՝ նրանց հաղթանակները, ընդ որում՝ էդ ամենը չենք տեսնում ու չենք հասկանում ոչ թե գիտակցաբար, այլ՝ միանգամայն բնազդաբար եւ նույնիսկ բնականաբար, եւ անցյալ դարի ութսուներկուսի աշնանն էլ, երբ Մոսկվայի Դոբրոլյուբով-Ռուսթավելի փողոցների հատման կետում գտնվող մեր էդ հանրակացարանի չորրորդ ու յոթերորդ հարկերում անընդմեջ թեւածում էր իմ համակուրսեցի արձակագիր Ալեքսանդր Ռոդիոնովի միահեծան իշխանությունը, ես էս բաների մասին չէի մտածում եւ, կարելի է ասել, իր էդ անվիճելի իշխանության տակ չէի՝ ի տարբերություն Սանյայի հետ երանությամբ խմող եւ Սանյայի հետ կատեգորիկ չխմող այլոց, եւ եթե Սանյայի հետ խմողները կամավոր ու ժամանակ առ ժամանակ էին Սանյայի իշխանության տակ գտնվում, ապա Սանյայի հետ չխմողներն ու հատկապես Սանյայի թշնամի չխմողները մշտապես էին նրա իշխանության տակ, որովհետեւ Սանյայի հետ խմել ցանկացողներն էնքան շատ էին, որ միայն Անդրյուշային էր բախտ վիճակված Սանյայի ամենօրյա բաժակակիցն ու սեղանակիցը լինել, իսկ մյուսներին, հատկապես առաջին շրջանում, լավագույն դեպքում օրումեջ էր էդ բախտը վիճակվում, մինչդեռ Սանյայի հետ չխմողներն ու հատկապես թշնամի չխմողները մշտապես մտքով Սանյայի հետ ու վերջինիս իշխանության տակ էին. սրանց մի մասն այլազգի չխմողներն էին, որոնք էդ հանրակացարանում երկու տարի ապրելով՝ հիմնականում իրենց գրական կարիերայով ու իրենց ստեղծագործությունների թարգմանության գործերով էին զբաղված եւ մշտապես զբաղված լինելով՝ սրանք կամ ատում էին Ռոդիոնովին, կամ էլ զգուշանում էին նրանից, ավելի ճիշտ՝ ատելով զգուշանում էին, եւ նույնը կարող եմ ասել ռուսալեզու հրեա խմողների ու չխմողների մասին, եւ նույն վիճակում էին նաեւ բոլոր էն չխմողները, որոնք բացառապես չէին խմում, որպեսզի միշտ սթափ լինեին եւ խմողների խմելու ու հատկապես Սանյայի խմելու մասին տեղյակ պահեին ինստիտուտի ու հանրակացարանի ղեկավարությանը, բայց սրանց շուրջօրյա ջանքերը միանգամայն սիզիֆյան էին, որովհետեւ հանրակացարանի ու մանավանդ ինստիտուտի ղեկավարները սրանց էդ ամենօրյա տեղեկատվությունն ի գիտություն ընդունելով՝ խմողների խմելուն առանձնապես լուրջ չէին վերաբերվում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ ղեկավարներն իրենք էլ խմիչքի հանդեպ որոշակի թուլություն ունեին, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ մեր հանրակացարանի ու մանավանդ ինստիտուտի ղեկավարները հասկանում էին, որ, ի տարբերություն այլ ինստիտուտների ուսանողների, Գորկու ինստիտուտում սովորող եւ Ռուսթավելի-Դոբրոլյուբով փողոցների հատման կետում գտնվող էդ հանրակացարանում ապրող ուսանողներն ազատ ապրելու ու ազատ տեղաշարժվելու որոշակի իրավունքներ ունեն, որովհետեւ սրանք, ի տարբերություն այլ ինստիտուտների ուսանողների, հիմնականում բանաստեղծներ ու արձակագիրներ էին, ու էդ հասարակ բանը չէին հասկանում միայն մեր կուրսում մեզ հետ սովորող ու էդ հանրակացարանում մեզ հետ ապրող գրողներից ու բանաստեղծներից նրանք՝ ովքեր բացառապես տոն օրերին խմելով՝ մնացած բոլոր օրերին իրենց չխմելով եւ ուրիշների խմելով էին զբաղված, բայց, ի տարբերություն սրանց, էդ հասարակ բանը շատ լավ էին հասկանում մեզ հետ սովորող ու էդ հանրակացարանում ապրող ռուս երդվյալ չխմողները, որոնք Մոսկվա՝ սովորելու էին ժամանել ոչ թե գրողական կարիերա անելու կամ ուրիշների կյանքը քչփորելու նպատակով, այլ ընդամենը՝ խմիչքից ու խմելուց բուժվելու նպատակով, եւ սրանց մասին առայժմ էս ու էսքանն ասելով՝ անդրադառնամ խմողների էն խմբի անդամներին, ովքեր խմելու ու խմիչքի դեմ որեւէ առարկություն չունենալով՝ երբեւէ Սանյայի հետ սեղան նստելու պատիվը չունեցան, եւ սրանք հիմնականում ռուսալեզու հրեաներն էին, եւ սրանք էլ իրենց հերթին էին երեք խմբի բաժանվում. հրեաներ՝ ովքեր իրենց հրեա լինելը խոստովանում էին, հրեաներ՝ ովքեր իրենց հրեա լինելը գիտեին ու էդ մասին չէին բարձրաձայնում, եւ հրեաներ՝ ովքեր իրենց հրեա լինելու մասին մեր էդ հանրակացարանում իմացան, ընդ որում՝ անձամբ Սանյայից ու Սանյայի հիմնական բաժակակիցներից իմացան եւ Սանյայից ու բաժակակիցներից էդ մասին իմանալով՝ մանրից սկսեցին Սանյայի ու Սանյայի բաժակակիցների հիմնական թշնամիներին՝ իմացյալ հրեաներին ընկերակցել, ու էդ ուսումնառությանս ընթացքում նաեւ հասկացա, որ հրեաները ոչ միայն նրանք են՝ ովքեր իրականում հրեա են, այլեւ նրանք են՝ ում ուրիշներն են հրեա համարում, եւ դրանք հիմնականում մեր կուրսի էն խառնածիններն էին՝ ովքեր իրենք անգամ իրենց ծագումնաբանության վերաբերյալ ճշգրիտ եւ նույնիսկ մոտավոր տեղեկություններ չունեին, մինչդեռ Սանյան ու բաժակակիցները շուրջօրյա գինարբուքների ու խումհարների մեջ գտնվելով՝ միանգամայն ճշգրիտ տեղեկություններ ունեին բոլորի ու ամեն ինչի մասին, ընդ որում՝ ոչ միայն տեղեկություններ ունեին, այլեւ, համաձայն իրենց էդ տեղեկությունների, համապատասխան ցուցակ էլ ունեին, ու իրենց էդ ցուցակը միանգամայն սեւ էր, ու իրենց էդ սեւ ցուցակում ընդգրկված էին բոլոր նրանք՝ ովքեր որոշակի վտանգ էին ներկայացնում ռուս ազգի առաջընթացի ու բարգավաճման համար, եւ չնայած էդ ցուցակն աչքովս չէի տեսել, լսելով գիտեի, որ էդ ցուցակը համալրում էին նաեւ մեր համակուրսեցիներից մի քանիսը, բայց կոնկրետ անուններ հայտնի չէին, որովհետեւ Սանյան ու նրա հիմնական սեղանակիցները մշտապես ու շարունակաբար հարբած կամ խումհարի մեջ լինելով՝ երբեք բերանբացություն չէին անում, ու մենք էդ ցուցակի վերաբերյալ ընդամենն ընդհանուր տեղեկություններ ունեինք, ու էդ ընդհանուր տեղեկություններն էլ ունեինք մեր էն համակուրսեցիների շնորհիվ, ովքեր թեեւ բացահայտ համակրանք էին տածում առ Ալեքսանդր Ռոդիոնով ու սեղանակիցներ, այդուհանդերձ, էդ թիմի մշտական ու հիմնական անդամներ չէին հանդիսանում հիմնականում էն պատճառով, որ սրանք Սանյայի ու հիմնական բաժակակիցների խմելու տեմպերին ու մասշտաբներին ֆիզիկապես չէին դիմանում, բայց, չդիմանալով հանդերձ, բարոյապես Սանյայի իշխանության տակ էին:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել