Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ 1915 ԹՎԱԿԱՆԸ

Ապրիլ 22,2010 00:00

Ադանա

Ադանա տեղանունը պատմության մեջ հանդիպում է մի շարք անվանումներով՝ Ադան, Ադանահ, Ադանիա, Անտիոքիս առ Սարոսիվ, Ատան, Ատանա, Ատանա Կիրանոս, Րադնե, Մաքսիմիանոսյան Ադանա, Սարոսյան Անտիոքիս, Սեյհան: Ադանայի անվան ծագման մասին ստեղծվել են մի շարք առասպելներ ու ավանդություններ: Ըստ հունական մի առասպելի` քաղաքը կառուցվել է երկնքի ու երկրի որդի Ադանայի կողմից եւ կոչվել նրա անունով, իսկ գետը կոչվել է եղբոր՝ Սարոսի անունով: Ոմանք Ադանա անունը բխեցնում են Ադամի անունից, ոմանք էլ գտնում են, որ այն փյունիկերեն նշանակում է «ուռենի», հաշվի առնելով Սարոսի ստորին հոսանքում ուռենու լայն տարածումը:
Առաջին անգամ հիշատակվել է Քսենոֆոնի «Նահանջ բյուրաց»-ում, ապա հռոմեական աղբյուրներում, կապված Հռոմի դեմ Միհրդատ Եվպատորի մղած պատերազմների հետ: 4- րդ դ. (մ.թ.ա.) անշքացել եւ վերածվել էր հասարակ բնակավայրի՝ գյուղի: Նորից բարգավաճում է Հուստինիանոս կայսեր ժամանակ (527- 565). կառուցվում են մի շարք նոր շինություններ, վերակառուցվում է Սարոսի բազմաչք հայտնի կամուրջը (կառուցված 2-րդ դ.), որը մի քանի վերակառուցումներից հետո պահպանվել է մինչեւ մեր օրերը: Բյուզանդա-արաբական պատերազմների ժամանակ ենթարկվել է ասպատակության եւ ավերածության: Սակայն շուտով այն բռնում է իր բարգավաճման ուղին. 10-րդ դ. կեսերին հայտնի վաճառաշահ քաղաք էր, որն իր նշանակությունը պահպանեց նաեւ Կիլիկիայի հայկական թագավորության շրջում: 14-րդ դ. երկրորդ կեսից ընկել էր թուրքական զանազան ցեղերի եւ եգիպտացիների իշխանության տակ, 1575 թ. վերջնականապես գրավվեց օսմանյան թուրքերի կողմից:
19-րդ դ. երկրորդ կեսին Ադանան ուներ մոտ 30 հազար բնակիչ: Հայկական տների թիվն այդ ժամանակ 2000-ից անցնում էր: Ադանայում հիշատակվում են Մինաս (միջնաբերդում), Համբերդ կամ Անհամբեր, ս. Աստվածածին, Մորոթու (հավանաբար՝ ասորական), ս. Ստեփանոս (նորոգված 1649 թ.) եկեղեցիները:
Հին ժամանակներից ի վեր Ադանան հայկական մշակույթի նշանավոր կենտրոններից էր: Այստեղ ընդօրինակվել են մի շարք ձեռագրեր: 19-րդ եւ 20-րդ դդ. սկզբին Ադանայում հրատարակվել են «Ատանա», «Կիլիկիա», «Հայ ձայն», «Տավրոս» եւ այլ պարբերականներ: Եկեղեցիներին կից կային երեք վարժարաններ, գոյություն ուներ ավելի բարձր տիպի երկու վարժարան, մեկը Մուշեղյանն էր, մյուսը՝ Աղջըկանցը:
Ադանա քաղաքը 20-րդ դ. սկզբներին ուներ մոտ 45 հազար բնակիչ, որոնցից 13 հազարը հայեր էին:
Ադանայի համանուն նահանգի հայ բնակչությունը երկու անգամ՝ 1908 եւ 1915 թթ. ենթարկվել է ջարդերի: Միայն 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Ադանայի նահանգում կոտորվեցին կամ տեղահանվեցին 37 000 հայեր (ըստ Լեփսիուսի): 1920-ի օգոստոսի 4-ին հայերը Կիլիկիան եւ նրա մեջ մտնող Ադանան հայտարարեցին անկախ, որը, սակայն, շատ կարճատեւ եղավ: Ադանայից արտաքսված հայերի մի մասը հաստատվել է Լիբանանում, նրանք Բեյրութի մոտ հիմնել են իրենց թաղամասը՝ Նոր Ադանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել