Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ վերահսկողություն»

Մայիս 01,2010 00:00

Հենց այդ «գրիֆի» պայմաններում էլ չի բացահայտվում լրագրող եւ փաստաբան Արգիշտի Կիվիրյանի գործը:

Ուղիղ մեկ տարի առաջ, ապրիլի 30-ի վաղ առավոտյան, իր տան շքամուտքում առնվազն երեք անհայտ անձինք, որոնք զինված են եղել փայտե մահակներով եւ հրազենով, դաժան ծեծի էին ենթարկել «Armenia Today» էլեկտրոնային թերթի խմբագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ եւ «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի Կիվիրյանին, այնուհետեւ կրակել նրա ուղղությամբ: Արձակված գնդակները նրան չէին դիպչել միայն երջանիկ պատահականությամբ. Կիվիրյանը բռնել էր կրակողի ձեռքը, եւ գնդակներն այլ ուղղությամբ էին արձակվել: Արդյունքում՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած Կիվիրյանը անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, իսկ հարձակվողները դիմել էին փախուստի: Ի դեպ, թեեւ միջադեպի ընթացքում հնչած կրակոցների ձայները լսել էին ոչ միայն Կիվիրյանների ընտանիքի անդամները, այլեւ հարեւանները, այդուհանդերձ, չգիտես ինչպես, ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչները դեպքի վայրի զննությամբ ոչ միայն կրակված պարկուճները «չէին հայտնաբերել», հետո էլ Կիվիրյանի հարազատներին ու հարեւաններին փորձել էին համոզել, թե կրակոցներ չեն եղել, որ նրանք ոչ թե կրակոցների, այլ դռան շրխկոցի ձայներ են լսել: Դա այն դեպքում, երբ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի՝ դեպքի վայրում արված լուսանկարներում արձանագրված էին երկու կրակված պարկուճներ:
Դեպքի առթիվ ոստիկանության կողմից քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 117 հոդվածով (միտումնավոր թեթեւ մարմնական վնասվածքների պատճառում), թեեւ Կիվիրյանների հարազատները պնդում էին, որ տեղի ունեցածը սպանության փորձ է եղել: Այն բանից հետո, երբ գործը տեղափոխվեց ՀՀ ԱԱԾ-ի վարույթ, վերաորակավորվեց նաեւ քրգործի հոդվածը՝ «սպանության փորձ՝ իրականացված մի խումբ անձանց կողմից»: Առ ժամանակ հետո այս գործով կալանավորվեց երկու անձ՝ Վլադիկ Սերոբյանն ու Գուրգեն Կիլիկյանը:
Այն, որ ի սկզբանե քրգործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 117 հոդվածով, պարզվում է՝ ամենեւին էլ պատահական չէր եղել: «Գործի հենց սկզբից ՀՀ ոստիկանությունը զբաղված էր ոչ թե գործը բացահայտելով, այլ ինչ-որ կերպ կոծկելով: Ոստիկանությունն ամբողջությամբ տապալել էր դեպքի վայրի տեղազննությունը, որը, որպես այդպիսին, չէր էլ կատարվել»,- երեկ իր ասուլիսում հայտարարեց Ա. Կիվիրյանը: Հիմա ԱԱԾ-ն գործի քննությունը շարունակում է նույն ոգով: Այս տարվա մարտին նախաքննական մարմինը հերթական անգամ դատարանին միջնորդություն էր ներկայացրել այդ անձանց նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին, բայց կարճ ժամանակ անց ետ էր վերցրել իր միջնորդությունը, ու մարտի 8-ին Վլ. Սերոբյանն ու Գուրգեն Կիլիկյանը հայտնվել էին ազատության մեջ՝ մնալով մեղադրյալի կարգավիճակում: Թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ ծանր հոդվածով սպանության փորձի մեջ մեղադրվողներն ազատ են արձակվել, ընդ որում, առանց նրանց նկատմամբ խափանման այլ միջոց կիրառելու, եւ ինչո՞ւ է ԱԱԾ-ն մոռացել նախաքննության, գործով անցնող վկաների վրա ճնշում գործադրելու, քննությունից թաքնվելու պատճառաբանությունների, ի վերջո, նաեւ Կիվիրյանի անվտանգության մասին, այս գործում եղած ռեբուսներից մեկն է, որի պատասխանը Կիվիրյանը, թերեւս, ունի:
Նա երեկ հայտարարեց, որ իր դեմ կատարված հարձակումից 10 օր առաջ՝ ապրիլի 20-ի լուսադեմին, իր գրասենյակից տուն գնալիս բակում տեսել էր սպորտային հագուստով մի քանի հավաքված երիտասարդների, որոնք փորձել էին մոտենալ իրեն: Ինքն անմիջապես վերադարձել էր գրասենյակ եւ փակել էր մուտքի դուռը: Արդեն հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում նա առերեսվել էր իր վրա հարձակում կատարած անձանցից մեկի հետ, ի դեմս որի ճանաչել էր ապրիլի 20-ին իր դեմ հարձակման փորձ արած երիտասարդներից մեկին: Ա. Կիվիրյանի տեղեկություններով, իր դեմ հարձակումներից առաջ՝ դեռ փետրվարին, Գ. Կիլիկյանի հայրը Վրաստանում կալանավորվել էր կաշառք տալու եւ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով. նա մոտ 5 իրաքահայերի կեղծ անձնագրերով տեղափոխվել էր Վրաստանի տարածք: Իսկ Վլ. Սերոբյանը Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի ազգականն է: Եվ «Armenia Today»-ում ու նաեւ հիմնականում «Բագին» լրատվական կենտրոնում մշտապես սուր հրապարակումներ են եղել այս մարդու՝ Ս. Պետրոսյանի վերաբերյալ: «Երկու՝ ապրիլի 20-ի եւ 30-ի դեպքերից մեկ-երկու օր առաջ էլ, իմ տեղեկություններով, Գ. Կիլիկյանն ու Վլ. Սերոբյանը այցելել են Ախալքալաք եւ հանդիպել են ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի եւ նրա որդու հետ»,- արձանագրեց Ա. Կիվիրյանը՝ հավելելով, որ այդ փաստերի եւ իր դեմ կատարված հարձակումների միջեւ կապ է տեսնում: Ի դեպ, տեղի ունեցած մահափորձից հետո Գ. Կիլիկյանի հայրը Ախալքալաքում ազատ էր արձակվել: Այսքանից հետո Կիվիրյանը չի կասկածում, որ ԱԱԾ-ում, իբր, նախաքննության փուլում գտնվող այս քրգործը որոշ ժամանակ անց կկասեցվի եւ կմնա ԱԱԾ-ի գզրոցում, որովհետեւ իշխանություններին այդպես է պետք. «Ես համոզմունք ունեմ, որ այս իշխանությունների պարագայում իմ գործը չի բացահայտվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել