Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐԵՐ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՋ

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"Պարզաբանում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը

Անցած տարվա հոկտեմբերին կայացած ասուլիսում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ պահանջելու է 2010 թվականի սկզբին հրավիրել «Ժառանգության» արտահերթ համագումար՝ օրակարգում ունենալով մասնավորապես «Ժառանգության» ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրների հիմնովին լուծման հրամայականը. «Ես պահանջելու եմ, որ համագումարում դրվի իմ պատասխանատվության եւ վստահության հարցը, անդրադառնալու եմ յուրաքանչյուրի վարքագծին՝ լինի նախագահ, թե պարզապես կուսակից ընկեր»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, թե դա կլինի առանցքային եւ ջրբաժան համագումար. «Կարծում եմ՝ այս ամենը կարող է օրինակ լինել այլ քաղաքական ուժերի համար՝ ներկուսակցական խնդիրները հրապարակավ լուծելու առումով»:
Անցած շաբաթ «Ժառանգությունը» տեղեկացրեց, որ կուսակցության մայիսի 8-ին կայանալիք համագումարը մի քանի շաբաթով հետաձգվում է, «որը պայմանավորված է բազմաթիվ պատվիրակների համար ի հայտ եկած կազմակերպչական բնույթի խնդիրներով»: Մեր խնդրանքով պարզաբանելով, թե ինչ խնդիրների մասին է խոսքը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Հետաձգման խնդիրներն առավելապես կապված էին համագումարի բազմաթիվ պատվիրակների համար հանկարծակի ծագած անհարմարություններով: Մասնավորապես՝ այս պահին Հայաստանից բազմաթիվ մարդիկ բացակայում են՝ գործուղումների մեջ են: Մարզերի տարբեր կառույցներում ի հայտ են եկել տարբեր բնույթի խնդիրներ: Պատճառները շատ տարբեր են: Հետաձգման պարագայում կազդի նաեւ այն գործոնը, որ կառավարության նիստերի դահլիճը, որտեղ անցկացվելու էր համագումարը՝ տրամադրվեց ԱԺ նիստերի համար»:
Մամուլում լուրեր հրապարակվեցին, թե իրականում համագումարը հետաձգվել է մարդկային ռեսուրսի պակասի պատճառով: «Մենք նման խնդիր չունենք»,- կտրուկ հերքեց պրն Սաֆարյանը: Հրապարակված այլ լուրերից է, թե «Ժառանգության» ղեկավարներն արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում են տարբեր հայտնի մարդկանց, մեծ մասամբ՝ մշակութային ու հասարակական գործիչների, հրավիրել իրենց համագումարին եւ նաեւ անդամակցել իրենց կուսակցությանը: Հրավիրվածների մեծ մասն, ըստ հրապարակման, բացասական պատասխան է տվել «Ժառանգության» ղեկավարներին, ինչն էլ պատճառ է դարձել, որ արտահերթ համագումարն անորոշ ժամանակով հետաձգվի: Ստեփան Սաֆարյանն այս կապակցությամբ նշեց, թե չի ցանկանում անդրադառնալ հերյուրանքների. «Անցած 6 ամիսների ընթացքում «Ժառանգություն» կուսակցությանն անդամակցել է մի քանի հարյուր մարդ, իսկ այս տարվա հունվարին՝ 100-ից ավելին: Հարկ ենք համարել միայն հասարակական ճանաչելիություն ունեցող 2 գործիչների վերաբերյալ տարածել մամուլի հաղորդագրություն: Եթե մնացածների մասին հաղորդագրություն չենք տարածում՝ դա դեռ չի նշանակում, որ «Ժառանգությունը» մարդկային ռեսուրսների խնդիր ունի»: Նաեւ նշեց. «Ոմանք ժամանակին փորձեցին շատ ուռճացնել «Ժառանգությունում» կատարվածը: Եվ նման հեքիաթներ հորինած անձինք այս ձեւերով մինչ այսօր ուղղակի փորձում են արդարացնել նախկինում հորինած իրենց ստերը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ընդգծեց, թե այս արտահերթ համագումարն «ընդամենը խնդիր ունի գնահատական տալ անցած ճանապարհին, քաղաքական իրավիճակին ու նաեւ հստակեցնելու առաջիկա անելիքները՝ մինչեւ հերթական համագումար ընկած ժամանակահատված»: Հաշվի առնելով, որ «Ժառանգության» ներկուսակցական խնդիրները կարծես լուծվել են՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք կարծո՞ւմ է, որ դեռեւս օրակարգում են մնում այն հարցերը՝ գերազանցապես որոնց կապակցությամբ եւ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում էր հրավիրել արտահերթ համագումար: «Միանշանա՛կ,- պնդեց Ստեփան Սաֆարյանը:- Խնդիր կա «Ժառանգության» քաղաքական ինքնության գնահատման: Մեր այս համագումարն արտահերթ է իր խնդիրներով, որոնք, հավատացնում ենք, պահպանել են իրենց արդիականությունը մինչեւ այսօր: «Ժառանգության» հավաքներում ինքնաքննադատությունը մշտապես անպակաս է եղել, եւ դա մեր հաջողության գրավականն է: Եվ այս անգամ էլ կլինի բավական խիստ ինքնագնահատական՝ կուսակցության գործունեության, արածների ու չարածների, բացթողումների մասին: Բայց մեր ինքնաքննադատությունն ամենեւին նպատակ չունի փորփրելու անցյալը: Մեր քննադատությունն արվում է առաջ նայելու եւ ապագայում շատ ավելի ճշգրիտ եւ արդյունավետ գործելու միտումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել