«Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո արդեն 21-րդ անգամ անցկացվող միջոցառումը համախմբում է տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների, ներդրողների և քաղաքականություն մշակողների՝ NVIDIA-ի, Firebird AI-ի և Krisp-ի գործընկերությամբ:
Երևան, Հայաստան — 23 Սեպտեմբեր, 2026։ Դիջիթեք 2026-ը տեղի կունենա նոյեմբերի 20-22-ին՝ ազգային տեխնոլոգիական ցուցադրությունից վերածվելով արհեստական բանականության առաջնակարգ միջազգային հարթակի։ Միջոցառումը կհամախմբի ընկերությունների, հիմնադիրների, ներդրողների և քաղաքականություն մշակողների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից՝ նպատակ ունենալով արագացնել արհեստական բանականության գլոբալ արժեշղթայի զարգացումը։ Դիջիթեք 2026-ի մանրամասները ներկայացվել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիմնվելով առկա տեխնոլոգիական տաղանդի և արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների ենթակառուցվածքների վրա՝ Հայաստանը դառնում է արհեստական բանականության ոլորտի նշանակալի դերակատար։ Դիջիթեքն այս հնարավորությունը վերածում է գործնական հարթակի՝ միավորելով ոլորտի կարևորագույն խաղացողներին մեկ վայրում և հնարավորություն տալով ձևավորելու գործարար կապեր, համագործակցություններ և նոր հավակնոտ նախագծեր։
Կարդացեք նաև
«Digitec-ը համայնքի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառում է, որը ԱՏՁՄ-ն կազմակերպում է արդեն 21-րդ անգամ։ Այս տարի մենք անում ենք հաջորդ քայլը և բացում ենք Digitec-ն աշխարհի առջև, որպեսզի մեր ընկերությունները ձեռք բերեն աճի համար անհրաժեշտ միջազգային գործընկերություններ»,— ասաց ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։ «Digitec-ն ունի նաև սոցիալական առաքելություն։ Միջոցառման եկամուտների մի մասն ուղղվում է «Արմաթ» աշխատանոցներին՝ ԱՏՁՄ-ի կրթական ծրագրին, որը ինժեներական կրթությունը հասանելի է դարձնում Հայաստանի ավելի քան 17 000 երեխայի»։
«Հայաստանն այսօր ունի պատմական հնարավորություն. իր բացառիկ տեխնոլոգիական տաղանդի ու արագորեն ընդլայնվող ԱԲ ենթակառուցվածքի շնորհիվ այն դարձել է կարևոր հանգույց ԱԲ համաշխարհային քարտեզի վրա, և շատ բան ունի առաջարկելու աշխարհին արհեստական բանականության ոլորտում»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը. «Նպատակ ունենալով բազմապատկել այս ազդեցությունը՝ Դիջիթեք 2026-ը դառնում է առաջնակարգ ԱԲ միջոցառում՝ Հայաստանում միավորելով տեխնոլոգիական առաջնորդների, հիմնադիրների և ներդրողների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից»։
ԱԲ առաջնակարգ հարթակ
Դիջիթեք 2026-ի համաժողովի ծրագիրն ընդգրկում է արհեստական բանականության ամբողջ արժեշղթան՝ էներգետիկա, չիպեր և հաշվողական հզորություններ, ենթակառուցվածքներ և տվյալներ, ԱԲ մոդելներ, հավելվածներ և գործիքներ: Միջոցառումը կմիավորի շուրջ 100 գլոբալ բանախոսների․ հիմնական զեկույցներն ու պանելային քննարկումները տեղի կունենան 600 հանդիսականի համար նախատեսված գլխավոր սրահում, իսկ 150 տեղանոց ընդլայնված DigiHub սրահը կտրամադրվի առավել մասնագիտական՝ «ինժեներները ինժեներների համար» ուղղությանը: Դիջիթեք 2026-ի ծրագրի մաս կկազմի նաև OpenTalks.AI-ը՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտի միջազգային ճանաչված ձևաչափը՝ իր ավելի քան 5000 մասնագետների համայնքով։
Հաստատված բանախոսների շարքում են Ռև Լեբարեդյանը (Փոխնախագահ, NVIDIA), Ադրիան Մաքդոլանդը (Նախագահ, EMEA, Dell), Ռաջիվ Ջայարամանը (Փոխնախագահ, Microchip Technology), Ալի Աղան (Համահիմնադիր և գլխավոր տնօրեն, Field AI), Սուրեն Հարությունյանը (Compute-ի ղեկավար, OpenAI), Ժելկո Ռելիչը (Գործադիր փոխնախագահ, CTO, Align Technology), Անտոն Ռեպուշկոն (Հետազոտությունների ղեկավար, Revolut), Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը (Կորպորատիվ տեխնոլոգիաների տնօրեն, AWS, նախկին CTO, CPO), Րաֆֆի Կրիկորյանը (CTO, Mozilla, նախկինում՝ Twitter, Uber), Ռոդ Սոլայմանին (Տարածաշրջանային քաղաքականության և գործընկերությունների ղեկավար, OpenAI), Ջեք Մաքքոլին (Համահիմնադիր, Oculus VR) և այլք։ Խոսնակների թարմացվող ցանկը հասանելի է Դիջիթեքի պաշտոնական կայքում։
NVIDIA՝ գլխավոր գործընկեր
NVIDIA-ի ներկայությունը՝ որպես Դիջիթեք 2026-ի գլխավոր գործընկեր, ընդգծում է ընկերության կարևոր դերը տարածաշրջանում հաշվողական ենթակառուցվածքների ապահովման գործում: NVIDIA-ի տեխնոլոգիան հիմք է հանդիսանում տարածաշրջանային նշանակալի նախագծերի, այդ թվում՝ հայկական Firebird AI և Eleveight AI տվյալների կենտրոնների համար: NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը հիմնական զեկույցով հանդես կգա Դիջիթեքի գլխավոր բեմում, ինչպես նաև կունենա առանձին ԱԲ տեխնիկական ելույթ DigiHub-ում։
«Մեր նպատակն ընդամենը արհեստական բանականությունը Հայաստան բերելը չէ»,- նշել է Ռև Լեբարեդյանը։ «Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել արհեստական բանականություն ամբողջ աշխարհի համար։ NVIDIA-ի տեխնոլոգիաներով կառուցված արհեստական բանականության ենթակառուցվածքները Հայաստանի հետազոտողներին և ձեռներեցներին հիմք են տալիս ստեղծելու նոր տեխնոլոգիաներ, ընկերություններ և ճյուղեր։ Դիջիթեքը մեկ վայրում է հավաքում ստեղծարարների, ներդրողների և համաշխարհային գործընկերների՝ այս հիմքը արհեստական բանականության տնտեսության վերածելու համար»։
Firebird AI՝ գլխավոր գործընկեր
Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման առաջատար Firebird AI-ը միացել է Դիջիթեքին որպես գլխավոր գործընկեր։ Firebird AI արհեստական բանականության տվյալների կենտրոնը մինչև 2027թ. ավարտը նախատեսում է Հայաստանը դարձնել հաշվողական ռեսուրսների ծավալով աշխարհի 10 ընկերություններից մեկը։
«Դիջիթեքը մեր տեխնոլոգիական ոլորտի ամենակարևոր միջոցառումն է, որի մասին խոսում են արդյունքները», նշել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ «Firebird-ի հիմնադրման գործում այն ևս շատ կարևոր դեր է ունեցել, քանի որ նախագծի գաղափարի ձևավորման շուրջ առաջին քննարկումները մեր գործընկերների հետ տեղի են ունեցել հենց Դիջիթեքի շրջանակում, 2024թ.։ Այժմ մենք ունենք շատ ավելի մեծ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, ինչի շնորհիվ Դիջիթեքում տեսնելու ենք միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, որը նոր համագործակցություններ և նախագծեր սկսելու հնարավորություն է հայաստանյան ընկերությունների համար»։
Krisp՝ գլխավոր գործընկեր
Ձայնային ԱԲ տեխնոլոգիաների Krisp ընկերությունը՝ համաշխարհային ասպարեզում արհեստական բանականության ոլորտի հայաստանյան ամենաճանաչված ընկերություններից մեկը, միանում է Դիջիթեքին որպես գլխավոր գործընկեր։ Ընկերության տեխնոլոգիան կիրառվում է աշխարհում ավելի քան 200 մլն սարքերի վրա՝ մշակելով ամսական ավելի քան 80 մլրդ րոպե ձայնային տվյալ։ Krisp-ը վստահելի գործընկեր է աշխարհի ավելի քան 2,500 առաջատար ձեռնարկությունների համար։
«Դիջիթեքը նախկինում եղել է Հայաստանի ցուցադրությունն ինքն իրեն։ Այս տարի այն Հայաստանի ցուցադրությունն է աշխարհին»,- նշել է Krisp ընկերության համահիմնադիր ու նախագահ Արտավազդ Մինասյանը։ «100,000 GPU-ներով, NVIDIA-ի և Firebird-ի մասնակցությամբ՝ Հայաստանը դառնում է արհեստական բանականության հանգույց Եվրոպայի, Ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի միջև, վայր, որտեղ հնարավոր է ստեղծել և թողարկել մոդելներ։ Krisp-ը Երևանում ստեղծում է առաջատար մոդելներ և մատակարարում այն միլիոնավոր օգտատերերի ամբողջ աշխարհում։ Հիմա մենք ունենք նաև ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան նույնն անել հարյուրավոր այլ ընկերությունների»։
ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարարություն
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը միացել է Դիջիթեքին՝ վերահաստատելով պետության հանձնառությունը՝ Հայաստանը դիրքավորելու ԱԲ համաշխարհային քարտեզում:
«Արդեն 21-րդ անգամ անցկացվող Դիջիթեքի այս տարվա խորագիրը՝ «World’s New AI Hub»՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը», պարզապես միջոցառման թեմատիկ ձևակերպում չէ։ Այն ուղերձ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և այս համատեքստում մեր երկրի հավակնությունների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն ապահովել Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը, այլև այդ հետաքրքրությունը վերածել կոնկրետ և երկարաժամկետ արդյունքների: Վստահ եմ, որ Դիջիթեք 2026-ը դառնալու է կարևոր հարթակ՝ Հայաստանի տեխնոլոգիական և արհեստական բանականության էկոհամակարգի միջազգային դիրքավորման, նոր գործընկերությունների ձևավորման և Հայաստանի տեխնոլոգիական ներուժը համաշխարհային շուկային ներկայացնելու համար»,-նշել է նախարար Դավիթ Թադևոսյանը:
Picsart-ը և Netris-ը միացել են Դիջիթեք 2026-ին որպես ռազմավարական գործընկերներ։ Միջոցառման գործընկերներն են նաև Երևանի քաղաքապետարանը, EU4Innovation East-ը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), PMI Science-ը և Team ընկերությունների խումբը։
Տեխնոլոգիաներ, տաղանդներ և գործարքներ՝ երեք օր շարունակ
Դիջիթեք 2026-ի գլխավոր կոմերցիոն հարթակը ցուցահանդեսն է, որն ընդգրկելու է ավելի քան 100 կայացած ընկերությունների և շուրջ 80 ստարտափների։ Գործարար կապեր և համագործակցություններ ձևավորելու համար գործելու է հատուկ B2B հատված, իսկ Digitec-ի բջջային հավելվածն օգնելու է նշանակել հանդիպումներ հիմնադիրների, ներդրողների և ընկերությունների ներկայացուցիչների միջև։ Միջոցառման օրերին BANA Angels-ի կողմից իրականացվելու է ներդրողների շրջայց, իսկ Startup Arena հարթակում ստարտափները ներդրողներին ներկայացնելու են իրենց գաղափարները։ Դիջիթեքն ընդգրկելու է նաև բազմաթիվ այլ ոլորտային միջոցառումներ և հավաքներ, ինչպես նաև ԱրմՌոբոտիքս ինքնավար ռոբոտների ամենամյա առաջնությունը։
Պաշտոնական գրանցումը բաց է այցելուների, պատվիրակությունների, ընկերությունների և մամուլի համար։ Դիջիթեք համաժողովի տոմսերը հասանելի են digitec.am կայքում։
Դիջիթեքի մասին
Դիջիթեքը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է 21-րդ անգամ։ Կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որը ստեղծվել է 2000 թվականին և միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերությունների Հայաստանում։ Դիջիթեքը սկիզբ է առել 2005թ։՝ փոքր ցուցահանդեսային միջոցառումից վերածվելով 30,000 այցելուների մասնակցությամբ բազմահարթակ համաժողովի և ցուցահանդեսի։ Դիջիթեք 2026-ը տեղի կունենա նոյեմբերի 20–22-ին՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։






















































