Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈ ՄԻԱՅՆ ՍԱՐԵ՞ՐԸ ՉԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Մայիս 14,2010 00:00

Ըստ Ռուբեն Հախվերդյանի, բոլոր չարիքները ծնվում են տգիտությունից

Ռուսախտից փրկվելու բանալին

 «Մարդիկ, ովքեր առաջարկում են ռուսալեզու դպրոցներ բացել, երեւի Նարեկացի չեն կարդացել, որը հրաշալի լեզու ունի… Բոլոր չարիքները ծնվում են տգիտությունից, դրա համար էլ շատերը վատ են խոսում նաեւ հեռուստատեսությամբ, գրական հայերենն աղավաղում ու այլանդակում են ամեն օր «Արմենիա» TV-ից սկսած՝ վերջացրած «Հ1»-ով, ցանկացած ալիքով կարելի է լսել այնպիսի հայերեն, որից հետո մնում է ականջները փակել կամ ուղղակի անջատել հեռուստացույցը: Կոմունիստական ժամանակներից եկած փտածությունը շարունակվում է, որովհետեւ ներկա սիստեմը նախկինի շարունակությունն է…Հիմա էլ հիվանդանոցներում շարունակում են ռուսերեն դեղատոմսեր գրել կամ տիկին Կլարային ասել՝ Կլարա Ամազասպովնա, առանց Հ-ի: Այն անասունները, որ հիմնեցին նման խոսելաոճ մեր հանրապետությունում՝ նախքան մեր պայծառ ժամանակները, երբեք իրենց՝ իրենց հայրենիքում չեն զգացել, իսկ հայրենիքը դա նախ եւ առաջ լեզուն է,- ասում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը ու հավելում:- Ուզում եմ մի փոքր ստորակետ դնել ու այս առիթով մի բան պատմել: Մի անգամ Լոս Անջելեսում մի թաղ ընկա, որտեղ ռուսախոս հայերի հանդիպեցի՝ Պուշկինի եւ Չեխովի դպրոցն ավարտած: Նրանք ինձ հետ խոսում էին ռուսերեն ու ասում, թե կարոտել են հայրենիքը: Երբ զարմացած ասացի՝ բայց չէ՞ որ դուք ձեր հայրենիքում էլ արդեն հայրենիքում չէիք, այդ տգետները չհասկացան՝ ինչ նկատի ունեմ… Ասացի՝ չէ՞ որ Հայաստանում ապրելով խոսում էիք ռուսերեն, էստեղ էլ խոսում եք անգլերեն… Ցավոք, մեր ազգի մեջ ստրկամտությունը, կեղծիքը, քծնանքը, ինքն իրեն խաբելու հաճույքը էնքան շատ է, որ պահանջվում է վիրաբուժական կտրուկ միջամտություն: Կարծում եմ՝ լեզվի հարցում պետք է ուղղակի դիկտատուրա լինի, նույնը վերաբերում է նաեւ մշակույթին: Ես ծափահարություններով չեմ ողջունում բոլոր մշակույթի նախարարներին, որովհետեւ նրանք կեցվածքով ու խոսվածքով հիշեցնում են կենտկոմի հրահանգիչների, վերջին նախարարը նույնպես թշվառական մեկն է: Հարկ եղած դեպքում բոլորն իրենց հայրենիքն էլ կծախեն, լեզուն էլ, գերեզմաններն ու խաչքարերն էլ հետը: Օտարալեզու դպրոցների հարց բարձրացնողները չեն հասկանում, որ մեր հայրենիքը մեր լեզուն է նախեւառաջ: Այսօր ավելի հայ են մնացել Բեյրութի ու Լիբանանի հայերը, քան Հայաստանինը, որովհետեւ Հայաստանի հայերը վարակված են ռուսախտով, ամեն ինչում կապկում են ռուսներին: Տաքսի սերվիսների անուններից սկսած, խանութներով վեջացրած՝ օտար անուններ ունեն… Ասում են՝ Լուժկովը էսինչի ընկերն է, տո Լուժկովն ո՞վ է, գող-ավազակի մեկը, հայերի հետ ի՞նչ կապ ունի…»

«Բոլոր կառավարություններն էլ գլխին դնելու բան չեն»

Ռ. Հախվերդյանը օրինակներով է փաստում հայկական օտարամոլությունը: Հիշում է. «Տարիներ առաջ Հրազդանում մի ճանճահոտ քյաբաբանոց մտանք: Երբ ուզեցի զուգարան գնալ, որտեղից գարշահոտություն էր գալիս եւ ճանճերի ձայն լսվում, դռան վրա գրված էր՝ open: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես անգլիացիները խմբով վազելով գալու են, որ օգտվեն այդ պետքարանից: Նման ստրկամտությունը հիմնականում ռուսական դպրոց ավարտած մարդկանց է բնորոշ, որոնք կոմպլեքս ունեն հայերենի նկատմամբ. նրանք ատում են այն, ինչը չգիտեն: Քանի որ բոլոր կառավարություններն էլ, մեղմ ասած, գլխին դնելու բան չէին, նույնն էլ բոլոր նախագահները, մշակույթը դարձել էր երրորդական, չորրորդական ինչ-որ բան: Մինչդեռ, մշակույթի նախարարը պետք է լինի ամենաինտելեկտուալը եւ մնացած նախարարությունները պետք է ենթարկվեն հենց մշակույթի նախարարությանը, որովհետեւ մշակույթ է ե՛ւ հողագործությունը, ե՛ւ սպորտը, ե՛ւ արվեստը, ե՛ւ հարցերի հարցը՝ լեզուն: Այնպես որ, եթե հայրենիքում չենք խոսում հայերեն՝ ուրեմն հայ չենք: Եթե մարդը գիտի Չայկովսկի, բայց չգիտի Կոմիտաս, նա որեւէ արժեք մեր հասարակության համար չի ներկայացնում: Ցավոք, մեր կուսակցություններն էլ ավելի շատ պաշտպանում են իրենց կուսակցական շահերը, քան ժողովրդինը, որովհետեւ կուսակցական շահերը կախված են իրենց տնտեսական շահերից: Ու որպեսզի վատամարդ դուրս չգան կառավարության կամ ղեկավարության առաջ, եթե նրանց չեն քծնում, գոնե ձենները կտրած են մնում: Իսկ մեզ ձենները կտրած կուսակցություններ պետք չեն, հարկավոր են ճշմարտությունն ասողներ… Մեզ համար տհաճ է նաեւ, այսպես ասած, KBH-ային կուլտուրան, որին կոմերիտական խանդավառությամբ ծառայող մի քանի նախկին երիտասարդներ հիմա շատ ազատ եթերով խոսում են… ոչ հայերեն, նրանց խոսքի շարահյուսությունն ու շեշտադրությունը հայերեն չէ: Ռուսաստաններում նրանք շեշտում են, որ հայ են, չնայած հայ չեն, որովհետեւ հայերեն խոսել չգիտեն, իսկ Հայաստանում ամաչում են՝ հանկարծ ռուսերեն շարահյուսության մեջ սխալ չանեն и говорят очень красиво на русском языке: Մինչեւ էդ այլանդակներից, KBH-ային կուլտուրայից էս ազգը չպրծնի, որեւէ լավ բանի չենք կարող հասնել: Մինչեւ նախագահը չդադարի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան տալ Ալլա Պուգաչովա կոչված թյուրիմացությանը ու նրա նմաններին, որեւէ բանի չենք հասնի: Ախր Ալլա Պուգաչովան ո՞վ է, իրենց ռաբիսի հայտնի ներկայացուցիչը… ճիշտ է, մեծ փողեր ունի, բայց տխմար երգչուհի է, իրեն որեւէ մեծ ամերիկյան երգչուհու, օրինակ՝ Շադեի հետ, չես համեմատի»: «Առավոտի» դիտարկմանը, որ տեղական ռաբիսի ներկայացուցիչներն էլ վաստակավորի կոչում են ստանում, Ռուբեն Հախվերդյանն այսպես արձագանքեց. «Քանի որ մեր ղեկավարությունը արվեստից հասկանում է ճիշտ այնքան, որքան խոզը տուրնիկից, դրա հետեւանքը, բնականաբար, էն պիտի լինի, որ այսպիսի պաստառներ կախեն՝ իմ դուդուկն իմ զենքն է… Էդ տխմարությանը պիտի վերջ դնել: Կամ՝ մի այլ պաստառում գրված է՝ ես սիրում եմ քեզ… Ով ում է սիրում՝ անհայտ է: Կանգնած է իմ մտերիմ Հրանտ Թոխատյանը իր երեք զավակների հետ ու ասում է՝ ես սիրում եմ քեզ: Պարզ չէ՝ իր երեք կանանցից ում է սիրում, զավակների՞ն է սիրում, թե՞ մեկ ուրիշի, չեմ հասկանում…»:

Ռ. Հախվերդյանը կարծում է, որ այսօր ազատ կարծիք հայտնելու դեֆիցիտ կա, երբ որեւէ մեկին քննադատում են, մարդիկ մտածում են՝ հետը լավ չէ: «Հրանտ Թոխատյանի հետ մտերիմ եմ, բայց եթե նա վատ դեր խաղա, չե՞մ ասի՝ Հրանտ ջան, լավ չէր: Օրինակ՝ այն հաղորդումը, որ ինքը վարում է, խայտառակ բան է, ինքը լավ դերասան է, բայց վատ վարող: Խոսքս հատկապես վերջին հաղորդումներից մեկին է վերաբերում, որտեղ Պրոֆ կոչեցյալը, որի գանգը իրոք ազիատի գանգ է, ասաց, թե իբր մենք ազիատ ազգ ենք: Գուցե ինքը իսկապես ազիատ է, որովհետեւ իր գանգի կառուցվածքը դա է փաստում, իմը՝ օրինակ, օրինական եվրոպական կառուցվածք ունի, ես սպիտակ՝ արմենոիդ ռասա եմ: Եթե ինքն իրեն համարում է ազիատ, դեմ չեմ, քանի որ ինքը ռաբիսի ներկայացուցիչ է: Նա նաեւ Կոմիտասին քառակուսի է անվանում, Հրանտ Թոխատյանն էլ հաղորդման ժամանակ ժպտում է, փոխանակ ասի՝ դա էդպես չի, բայց չասաց, որովհետեւ ուղղակի Կոմիտասին չգիտի»: Մեր զրուցակիցը կողմ է դասական ուղղագրության վերադարձին, ասում է՝ դրա ջատագովներն իրեն համոզել են իրենց տեսակետի իրավացիության մեջ, փոխարենը՝ «Եթե հանկարծ ռուսական դպրոցները վերաբացվեն, տգետների քանակը կշատանա հանրապետությունում… Տղերքը դրա համար են արյուն թափել Ղարաբաղում, որ մեզ ռուսացնե՞ն»: Հախվերդյանը նորից օրինակներով է խոսում. «Ղարաբաղցիները կարգին ժողովուրդ են, բայց էնտեղ երբեք հայկական անուն չեն դնում մարդու վրա՝ կամ Արկադիկ են, կամ Սերժիկ, կամ չգիտեմ ինչ: Դա նույնպես ռուսաֆիկացման արդյունք է: Այնտեղ մարդիկ իրենց ավելի շատ ռուս էին զգում, որովհետեւ զզված էին թուրքերից, Հայաստանի հետ էլ կապ չկար: Իսկ մենք հայրենասիրությամբ սնվել ենք Լիբանանից, քանի որ այնտեղ դաշնակցություն կար, որն ազգային կուսակցություն է: ՀՅԴ-ն մշակույթի վրա մեծ ազդեցություն է թողել ու միայն էդ իմաստով է հեղափոխական, թե չէ մնացած իմաստներով ես շատ խորը կասկածներ ունեմ»:

Ձեռագործ հեղինակային երգը

Ռուբեն Հախվերդյանը «Մեցցո» ակումբում 2 համերգ է ունեցել, 2-ն էլ՝ Արցախում է կայանալու: Ասում է՝ երգի այն տեսակը, որ ինքն է ներկայացնում, տանջալի ձեռագործ աշխատանք է, որ պահանջում է հայերենի իմացություն. «Ճիշտ է, ես առանձնապես դպրոց չեմ գնացել, բայց մեր տանը միշտ հյուրընկալվել են Սեւակը, Սահյանը, Սուրեն Քոչարյանը… Քոչարյանը հրաշալի Սասունցի Դավիթ էր ասմունքում, հիմա շատերն իբր ասմունքում են, բայց իրականում սիրահետում են իրենց իսկ էմոցիաներին եւ հիանում արտասանած հնչյուններով: Ինչ վերաբերում է երգի իմ տեսակին, այն զարհուրելի պատասխանատվություն է պահանջում, որովհետեւ եթե 2-3 տարին մեկ երգ ես գրում, սկսում ես վախենալ, որ այն կարող է ավելի թույլ ստացվել, քան նախորդները, փաստորեն՝ մրցակցություն է սկսվում ինքդ քեզ հետ: Իմ երգարվեստի տեսակն այնպիսին է, որ ասես անընդհատ սեր եմ բացատրում հայերենին: Հիշում եմ՝ մի անգամ ինձ մի սեւամորթ աղջիկ ասաց՝ ի՜նչ սեքսուալ լեզու ունեք: Մեր լեզվի մեջ բոլոր հնչյունները կան: Իսկ Կլարա Օսեպովնաներն ու Ամազասպովները, Պուշկինի դպրոցի դասատուները ք…քում են մեր լեզվի մեջ…»:

Դարձյալ նախագահների մասին

Ռ. Հախվերդյանը զարմանում է, երբ գրում են, թե Ռոբերտ Քոչարյանը 4,5 մլրդ փող ունի: Ասում է՝ կամ պիտի գրողին դատի տան, կամ երկրորդ նախագահին, որովհետեւ, եթե դա ճիշտ է, ապա, նրա ձեւակերպմամբ. «4,5 միլիարդը բյուջե վերադարձնելով՝ կծածկենք մեր պարտքերը»: Մեր զրուցակիցը գտնում է, որ լավ կլինի ՀՀ բոլոր նախագահներն էլ սպիտակ էջից սկսեն. «Իսկ դա նշանակում է՝ առաջինը սկսել քո բարեկամներից, ասենք՝ եղբորից, ինքդ քեզանից… Արդյո՞ք կալվածքներ չունեք ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ մի այլ տեղ: Որեւէ նորմալ երկրում եթե նախագահը այդքան փող ուտեր, հաստատ քրեական պատասխանատվության կկանչվեր, ինչպես Կորեայում… ժամանակին միլիոնուկես հայ Հայաստանից հեռացել է հենց այս երեք իշխանությունների պատճառով, որովհետեւ սահնակը ժողովրդի հետ հավասար չեն քշում: Լայկա շները երբ սահնակ են քշում ու ինչ- որ մեկը գլուխ է պահում, նրան երկրորդ կանգառում մյուս շները գզում են: Նախագահը պատասխանատու է իր ժողովրդի համար, պետք է ծառայի իր ժողովրդին, ոչ թե ժողովրդին ծառայեցնի իրեն: Էդպիսին են մեր մարզպետներից շատերը, գյուղապետերը…»: Ռ. Հախվերդյանը դատարկ բաներ է որակում հայ- թուրքական հաշտեցման ձեռնարկները. «Ի՞նչ հաշտեցում, եթե չեն ընդունում Ցեղասպանության փաստը, ընդունելուց հետո էլ թուրքերը պարտավոր են հողային զիջումներ անել, այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Էկոլոգիական խնդիրներով էլ է մտահոգված մեր զրուցակիցը, նաեւ Թեղուտով. «Առանց էդ էլ էկոլոգիան մեզ մոտ աղտոտված է, հանքերն էլ բացում ու չեն փակում, քաղցկեղով հիվանդները շատանում են: Կամ եթե Թեղուտի անտառները կտրում են, անտառտնտեսության պատասխանատուն ինչո՞ւ է ձկնիկի պես լռում, ասում են՝ ՀՅԴ-ից է (նկատի ունի Մարտուն Մաթեւոսյանին- Գ. Հ.), ինչո՞ւ չի խոսում, ինչո՞ւ պետք է բոլորի փոխարեն խոսի միայն Կարինե Դանիելյանը…Արդյունքում մարդիկ զզված՝ լքում են Հայաստանը, եթե լեզվից էլ զրկեն, ի՞նչ իմաստ ունի ապրել Հայաստանում, հո միայն սարե՞րը չեն հայրենիքը…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել