Լրահոս
Օրվա լրահոսը

ONLINE ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԵԿՈՒՅԹ

Հունիս 03,2010 00:00

Ֆեյսբուքյան հերթական party-ն

X-TECH ընկերության նախաձեռնությամբ հունիսի 9-ին մեկ հարկի տակ կհամախմբվեն facebook սոցիալական ցանցի բնակիչները: Այս անգամ խրախճանքը հյուրընկալելու է Aftershock Republic ակումբը՝ իր վերանորոգված դահլիճում:
Միջոցառման կազմակերպիչ՝ X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը «Առավոտի» հետ զրույցում, խոսելով ամսի 9-ին կայանալիքի մասին, ասաց, որ այն իրենց հերթական ֆեյսբուքյան խրախճանքն է: Նրա ձեւակերպմամբ՝ «սա online մարդկանց party է: Ֆեյսբուքյան նախորդ 5 խրախճանքների արդյունքում բոլորիս հաջողվեց ճանաչել անճանաչելին ու բացահայտել անբացահայտելին: Այսինքն՝ այս party-ները հնարավորություն են տալիս իրականում տեսնել բոլոր նրանց, ում հետ ֆեյսբուքում ծանոթանում եւ պարբերաբար շփվում ես: Ձեռք բերվածն ամրապնդել է պետք՝ ծանոթությունները խորացնել, ընկերությունը ընդլայնել, հետեւաբար, նախորդ միջոցառումներին չմասնակցած ու մասնակցած հազարավոր «ֆեյսբուքյանների» խնդրանքով 2010թ. հունիսի 9-ին կազմակերպվում է ֆեյսբուքյան հերթական խրախճանքը»:
Դառնալով նախորդ party-ներին, Ա. Աթոյանն ասաց, որ, օրինակ, ֆեյսբուքյան 5-րդ party-ն՝ վերջինը, տեղի է ունեցել «KAMI» ակումբում, իսկ չորրորդը՝ «Aftershock Republic»-ում, որտեղ, ինչպես նշվեց, անցկացվելու է նաեւ 6-րդը:
Պարբերաբար կազմակերպվող party-ները, ըստ մեր զրուցակցի, սերիալի են նման: Եվ երեկույթներն անցկացնելու իրենց տարբերակը, ըստ Ա. Աթոյանի՝ մարդկանց միավորելու նպատակ ունի, որի համար ստեղծում են բոլոր հարմար պայմանները ու հաշվի առնում ամեն մանրուք. «Օրինակ՝ յուրաքանչյուր երեկույթի ժամանակ առաջին րոպեները դանդաղ երաժշտություն է հնչում, որովհետեւ ոմանք նոր-նոր են հանդիպում, զրուցում, այսպես հանգիստ միջավայր ենք ապահովում, որ նորմալ ծանոթանան»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ լավ է, որ այժմ մարդկանց մեջ բացակայում է վիրտուալից իրականի անցումի վախը: Նրա խոսքերով՝ «Վախ չկա: Հիմա մարդկանց առիթ է պետք, միջնորդ, որ հավաքվեն, այսինքն՝ ինչ-որ մեկի նախաձեռնությունն է անհրաժեշտ: Ճիշտ է՝ շատերը կմտածեն՝ մենք կարող ենք առանձին էլ հանդիպել, զրուցել եւ այլն: Բայց գուցե առանձին-առանձին հանդիպեն ու, ասենք, ընդհանուր թեմա չունենան խոսելու: Իսկ մեր առաջարկած տարբերակը բոլոր առումներով հարմար է, երեկոյի ժամանակ միմյանց հետ շփվելը, խոսելը, ընդհանուր թեմա գտնելն ավելի հեշտ է: Սա ուղղակի հնարավորություն է տալիս հանգիստ ու ազատ միջավայրում մարդկանց հանդիպում կազմակերպել, որի իրական ու գուցեեւ թաքնված նպատակը այդ մարդկանց միմյանց հետ ծանոթացնելն է եւ, ինչու չէ, նրանց ինչ-ինչ գործնական կամ անձնական հարաբերություններին նպաստելը»:
Իսկ թե ինչո՞ւ հենց ֆեյսբուքյան party՝ Ա. Աթոյանը մեկնաբանեց. «Facebook-ի «բնակիչներն» ի սկզբանե եղել են կայուն, հաստատուն, գործունյա մարդիկ: Երբ կայքը միայն անգլերեն էր, այստեղ ավելի կիրթ եւ հավաքված վիճակ էր, հատկապես մյուս սոցիալական ցանցերի համեմատ: Ու քանի որ հիմա կայքը հնարավորություն է տալիս տարբեր լեզուներով գրանցվել՝ «բնակիչներն» արդեն շատ են եւ տարբեր, բայց ամեն դեպքում անգլերեն տարբերակի «բնակիչները», այսինքն՝ հները, ակնհայտորեն տարբերվում են «նորեկներից»:
Կրկին դառնալով 6-րդ երեկույթին, Ա. Աթոյանը նշեց, որ իրենք հիմնականում կենտրոնացել են facebook-ի «հնաբնակների» վրա՝ «մեզ հետաքրքրում է կոնկրետ այդ խումբը, որովհետեւ շատ հավանական է, որ երեկույթի արդյունքում մի բիզնես ծրագիր ստեղծվի կամ գործարք կնքվի»:
Խոսելով պարբերաբար անցկացվող երեկույթների մասին, կազմակերպիչը նկատեց, որ դրանց միայն ցանցի բնակիչները չեն մասնակցում. «Բացի ցանցի այցելուներից, ներկա են լինում նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, բայց նշեմ, որ մենք մեր առջեւ աստղային երեկույթ անելու նպատակ չենք դրել»:
Պարզվում է՝ ֆեյսբուքյան party-ներին մասնակցելը տոմսերով է: Այս առթիվ Ա. Աթոյանը ասաց. «Մուտքը տոմսերով ենք արել, քանի որ ֆեյսբուքյան փարթիները սովորական ակումբային երեկոներ չեն: Մեծ գումարներ են ծախսվում դեկորացիաների վրա, քանի որ փորձում ենք հնարավորինս ֆեյսբուքյան մթնոլորտ ստեղծել. օրինակ՝ առաջին երեկույթին ակումբը ամբողջովին պատված էր կապույտ փուչիկներով: Այս անգամ շապիկներ ենք պատվիրել նույն գույների մեջ եւ FACEBOOK գրվածքով, որոնք վաճառքի են հանվելու: Իսկ մեր երեկույթների մշտական մասնակիցներին շապիկները կնվիրենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել