Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՀՈԳԻՆ ԹԼՊԱՏԵԼ

Հուլիս 07,2010 00:00 Share

Հայ առաքելական եկեղեցին գտնում է, որ սեռական օրգանը թլպատելու փոխարեն՝ տղամարդիկ պետք է հոգով մաքրվեն ու հոգին թլպատեն:

Վերջին շրջանում հայ տղամարդկանց նոր դարդ է տանջում՝ թլպատվե՞լ, թե՞ չթլպատվել: Որոշ կազմակերպություններ այս թեման մեր երկրում ժամանակ առ ժամանակ ակտիվացնում են եւ քարոզում, որ տղամարդկանց ամլությունը հենց չթլպատվելու պատճառով է, որ չթլպատված հայ տղամարդիկ հիգիենայի պահպանման հետ կապված խնդիրներ են ունենում, արագ ձեռք են բերում սեռավարակներ եւ այլն: «Առավոտը» մեկ անգամ արդեն անդրադարձել է այս խնդրին եւ այն կարծիքներին, թե թլպատված տղամարդիկ ավելի մաքուր են, հիգիենիկ եւ ցանկալի: Սակայն հաշվի առնելով, որ այս խնդրի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մեծ է, եւ մարդիկ չեն կողմնորոշվում՝ որն է ճիշտ, մենք զրուցեցինք մասնագետների, ինչպես նաեւ թլպատումը չընդունող Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի հետ՝ ավելի օբյեկտիվ տեսակետ ձեւավորելու համար: «Դուք երբեւէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչո՞ւ են ձեր ոտքի կամ ձեռքի մատները 10-ը, եւ ոչ թե 9-ը: Եթե այդպես ենք մենք ստեղծվել, նշանակում է՝ դա է ճիշտը, բնությունը չի կարելի կասկածի տակ դնել: Մարդու որեւէ օրգան կտրելու առավելությունը ո՞րն է: Զարմանալի է, որ իբր թե սեռավարակներից խուսափելու կամ հիգիենան պահպանելու պատճառով տղամարդկանց առաջարկում են թլպատվել: Այդ դեպքում թող նորածին երեխաների ոտքի բութ մատը կտրեն, որովհետեւ կարող է հետագայում եղունգը մսի մեջ աճի՝ բարդություններ առաջացնի, կամ կարող է սունկ լինի՝ երեխային հիվանդանոցի դռները գցի: Նախօրոք ո՞նց կարելի է մարդուն թլպատել, ինչ է թե՝ հեռավոր ապագայում կարող է հանկարծ սեռավարակ անցնել կամ ունենալ թլիպի նեղացում, քաղցկեղ կամ վեներական հիվանդությունների զարգացում: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք՝ պետք է նախօրոք երեխայի նշիկներն էլ հեռացվեն, կույր աղին էլ»,- «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետը հայտնեց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի ուրոլոգ Սամվել Մալխասյանը: Նրա խոսքերով՝ «Թլպատվելը վայրի ցեղերին է հատուկ, անապատաբնակ տգետների եւ որոշ ազգերի, որոնք նաեւ աղջիկների ամոթաշուրթերն են կտրում, ուրեմն մենք ի՞նչ է՝ նմանվենք նրա՞նց: Մեր տղա երեխաները պետք է ո՞ւմ նմանվեն՝ Մուհամեդի՞ն, թե՞ Սասունցի Դավթին»: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե Հայաստանում տարածված ամլությունն ու սեռավարակները հենց չթլպատվելու արդյունքն է՝ մասնագետը վստահեցրեց, որ մուսուլմաններն էլ են վեներական հիվանդություններով տառապում ու դիմում ուրոլոգների օգնությանը. «Ես գիտեմ, որ թլպատված տղամարդիկ թերարժեքության զգացում ունեն, իսկ ինքն իրենից «մանթրաշ» տղամարդը ավելի շուտ կարող է ամուլ դառնալ: Պրոֆիլակտիկայի համար չի կարելի չարդարացված միջամտություններ անել ու մարդուն թլպատել, կան հիվանդություններ, երբ մանկական հասակում թլիփը նեղացած է լինում կամ չափից շատ է զարգանում, եւ եթե վաղ տարիքում այդ խնդիրը չի լուծվում՝ կարող է ամլություն առաջանալ: Բայց հարց է՝ այդ երեխան տատի-պապի, քավոր, քեռի, վերջապես մամա-պապա չունի՞, որոնք լողացնելիս կտեսնեն այդ տարբերությունը»: Թե ո՞ւմ է պետք եւ ինչո՞ւ՝ պարբերաբար քարոզչություն տանել, որ թլպատվելը ճիշտ է, Ս. Մալխասյանի համոզմամբ՝ կա՛մ վիրաբույժներն են դրանց հետեւում կանգնած, որոնք ուզում են, որ մարդիկ լավ փող ծախսեն ու ազգը գնա թլպատման, կա՛մ նրանք, որոնք ուզում են նմանվել ուրիշ ազգերի. «Թլպատված կաթոլիկը ոչ մի ազգի չի կարող ապացուցել, որ ինքը կաթոլիկ է: Մերոնք ուզում են դառնալ հրեաների, ուրիշ ազգերի տնազը»:
Ինչպես հայտնի է, մեր եկեղեցին դեմ է թլպատմանը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ թլպատումը հին ուխտյան ծիսական արարողություն է, եւ նույնիսկ Հիսուս Քրիստոսն է 8 օրական հասակում թլպատվել, դրանով Աստված ցույց է տվել, որ Հիսուսն էլ մարդկային բնություն ունի, եւ աստվածային պատգամներին պետք է անշեղորեն հետեւել: Իսկ Աստված ժամանակին Աբրահամին պատգամել է, որ իր բոլոր արու զավակներին թլպատի՝ որպես ուխտի նշան: Նույն պատգամը տրվել է նաեւ Մովսեսին. «Թլպատությունը հրեաների համար դարձավ նշան՝ իրենց ազգային պատկանելության, որով իրագործվում էր նախեւառաջ հին կտակարանյան ուխտը: Թլպատության երեւույթը շարունակվեց քրիստոնեական վաղ շրջանում, սակայն դեռեւս առաքելական շրջանում, Պողոս առաքյալի պնդմամբ, այն պարտադիր չնկատվեց հեթանոսությունից դարձածների համար: Ըստ Աստվածաշնչի, եթե թլպատված մեկը հավատի կանչվեց, թող չփորձվի ծածկել թլպատության նշանները: Եթե անթլպատության վիճակի մեջ գտնվող մեկը կանչվեց, թող չթլպատվի, որովհետեւ թլպատվածությունը ոչինչ է, կարեւոր է Աստծու պատվիրանների պահպանումը» (Ա Կորնթ. Է 19)»: Տեր Վահրամի հաղորդմամբ՝ Նոր Կտակարանում արդեն թլպատումը փոխարինվել է «հոգու թլպատման» գաղափարով, ինչը խորհրդանշում է մեղքերից հրաժարվել, զղջալ, դարձի գալ դեպի Աստված. «Եկեղեցին թլպատությունը հոգեւոր-կրոնական առումով անհրաժեշտ չի համարում եւ չի ընդունում: Համաձայն Պողոս առաքյալի, մարդու ներքին, հոգեւոր նորոգության հիմքը Աստծո հետ հաղորդությունն է՝ «հոգով եւ սրտով», ինչի պատճառով թլպատությունն այլեւս քրիստոնյաների համար անհրաժեշտ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել