Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը կվաճառի մայր գազատարը

Հուլիս 08,2010 00:00

Վրացական իշխանությունները մտադիր են թույլատրել մայր գազատարի վաճառքը, որով ռուսական վառելիքը հասնում է Հայաստան: Հուլիսի 6-ին վրացական պառլամենտը, ըստ Civil Georgia-ի, առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը այդ գազատարը հանում է երկրի ռազմավարական եւ օտարման ոչ ենթակա օբյեկտների ցանկից: Գազատարը վաճառելու առաջարկով հանդես էր եկել վրացական պառլամենտի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար, իշխող կուսակցության պատգամավոր Պավել Կուբլաշվիլին: Նա իր առաջարկը հիմնավորելու համար բերել է ընդհանուր բնույթի փաստարկներ, հայտարարելով, թե «ցանկացած ձեռնարկություն զգալիորեն լավ է ղեկավարում մասնավոր հատվածը, քան պետական», եւ որ «ոչ մի ձեռնարկություն չպետք է բացառություն լինի»: Հարցին, թե ո՞ւմ է վաճառվելու գազատարը, պատգամավորը «ցրողական» պատասխաններ է տվել: Այդ օբյեկտի վաճառքին դեմ է արտահայտվել կառավարության ղեկավար Նիկա Գիլաուրին: Նա հայտարարել է, որ լավագույն դեպքում մի քանի տարի անց միայն կարող է վաճառվել գազատարի բաժնետոմսերի 5-10%-ը, իսկ վերահսկիչ փաթեթը պետությունը պետք է ցանկացած պարագայում պահի իր մոտ: Չնայած դրան՝ օրենսդրական ակտը դրվեց պառլամենտի քննարկմանն ու ընդունվեց առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, որ վրացական խորհրդարանում տեղերի մեծամասնությունը պատկանում է պրոիշխանական «Միասնական ազգային շարժմանը»:
Ընդդիմությունը քննադատել է պառլամենտական մեծամասնության դիրքորոշումը՝ պնդելով, թե իշխանությունները ըստ էության համաձայնել են հանձնել գազատարը Ռուսաստանին, որին ընդդիմությունը համարում է գազատարի ամենահավանական գնորդը: Դա, որոշ պատգամավորների կարծիքով, կարող է սպառնալ Վրաստանի էներգետիկ ծրագրերին, ինչպես նաեւ ՌԴ-ին թույլ կտա գազատարը որպես քաղաքական ճնշման լծակ օգտագործելու:
Հիշեցնենք, որ Վրաստանը այդ գազատարով գազ չի ստանում, այն ծառայում է միայն որպես տրանզիտ: Նախկինում Ռուսաստանն այդ օբյեկտի հանդեպ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել: Սակայն վրացական իշխանությունները, ամերիկյան խորհուրդները լսելով, հրաժարվեցին գազատարը սեփականաշնորհելու գաղափարից, քանի որ ամերիկացիները պնդում էին, որ գազատարը ՌԴ-ին փոխանցելը, որից այդ ժամանակ Վրաստանը դեռ գնում էր իր գազը, կարող է ավելի մեծացնել Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: 2005-ին Վրաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Վրաստանը ստացավ մի քանի հարյուր միլիոն դոլար՝ գազատարի վերանորոգման համար՝ պայմանով, որ վաճառքի չհանի այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել