Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՆԱՍԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՉԵԶՈՔԱՑՎԵՑ

Հուլիս 31,2010 00:00

\"\"ՀՀՇ համագումարում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ չմանրամասնելով,
թե հատկապես ի՞նչ վնասարարության մասին էր խոսքը:

Հայ ազգային կոնգրեսը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 30-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Առաջին նախագահը բարձրացրել է նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման եւ տնտեսական զարգացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին:
Կոնգրեսն այս հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի փոխանցել: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ եւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ԱՄՆ դեսպանի հնարավոր հանդիպման մասին առաջինը հաղորդել էր ռուսական՝ «մերձկրեմլյան» աղբյուր համարվող «Ռեգնում» գործակալությունը: Ըստ վերջինիս հրապարակած տեղեկատվության, որն օրերս հրապարակվել էր նաեւ հայաստանյան մամուլում, «ԱՄՆ-ը՝ ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, Հայաստանում ակտիվ լոբբինգ է իրականացնում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսության ուղղությամբ»։ «ԱՄՆ-ը Հայաստանում ձեւավորում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական դաշի՞նք» վերնագրով այդ հոդվածում նշվում էր, թե ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է առաջիկա ընտրություններից առաջ վերաձեւավորել Հայաստանի ներքաղաքական դաշտը եւ այդ կերպ ակտիվացնել արտաքին քաղաքական խնդիրների իրականացումը մասնավորապես Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունը, իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, դեռ հուլիսի 27-ին հաստատելով Տեր-Պետրոսյան-Յովանովիչ կայանալիք հանդիպման փաստը, միաժամանակ հերքել էր «Ռեգնումի» առաջ քաշած վարկածն ու հավելել, որ այդ հանդիպումը որեւէ կապ չունի հրապարակված տեղեկատվության հետ, որը, նրա ձեւակերպմամբ, «լիակատար աբսուրդ է»:
ՀԱԿ-ում մեր աղբյուրները, սակայն, ոչ միայն պնդում են, որ «Ռեգնումի» հրապարակումն իրականում այնքան էլ մտացածին չէ: «Առավոտի» տեղեկություններով, Միացյալ Նահանգները, ի դեմս ՀՀ-ում այդ երկրի դեսպան Յովանովիչի, իսկապես փորձում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շեմին իշխանությունների եւ ընդդիմության միջեւ տանելի եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորել: Որպես այդպիսի հնարավորություն՝ դիտարկվում է Կոնգրեսում ավելի արմատական ու ազատական թեւի եւ իշխանությունների միջեւ երկխոսության դաշտ բացել, բանակցել առաջիկա ընտրությունների շուրջ: Որպես արմատական եւ ազատական թեւ՝ ԱՄՆ դեսպանը նկատի է առել ՀՀՇ-ին եւ, ըստ մեր տեղեկությունների, փորձել է ՀՀՇ արդեն նախկին ղեկավարության եւ իշխանության վերնախավի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել: ՀՀՇ-ն, ըստ ամենայնի, այդ իմաստով պարարտ հող է դարձել ոչ միայն այն պատճառով, որ դժգոհ է եղել ՀԱԿ-ի պասիվ կեցվածքից կամ՝ որ Կոնգրեսում հստակ ընդգծված ազատական ուժ է, այլեւ արեւմտամետ կողմնորոշում ունի ու դժգոհ է ՀԱԿ-ում ազդեցիկ առանձին անձանց նախաձեռնությամբ վերջին 3-4 ամիսների ընթացքում սկսված «պրոռուսական» խաղերից:
Մեր աղբյուրները չեն հերքում, որ ՀՀՇ-ն իսկապես բանակցել է իշխանության ներկայացուցիչների հետ, բայցեւ չեն հաստատում այն տեղեկությունը, թե՝ այդ կուսակցության վերնախավի անդամները իշխանության հետ քննարկել են առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ից առանձին մասնակցելու հարցը: Չի հաստատում նաեւ «Ռեգնումում» հրապարակված այն տեղեկությունը, թե՝ ՀՀՇ-ի շուրջ կոնֆլիկտի գագաթնակետը եղել է այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը մերժել է ՀՀՇ-ի առաջարկը՝ գլխավորել այդ կուսակցության՝ ՀԱԿ-ից առանձին ԱԺ ընտրություններին մասնակցելու ցուցակը: Մեր տեղեկություններով, Կոնգրեսին ու մասնավորապես ՀՀ առաջին նախագահին վրդովեցրել է գլխավորապես այն փաստը, որ ՀՀՇ ղեկավարությունը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, «թռել» է Կոնգրեսի եւ Լ. Տեր-Պետրոսյանի «գլխի վրայով» եւ համարձակվել է դեսպան Յովանովիչի միջնորդությամբ «սեպարատ» բանակցություններ վարել իշխանական թեւի հետ: Սկանդալի ծավալմանը նպաստել է նաեւ այն, որ Կոնգրեսում շահագրգիռ որոշ անձինք «ծաղկեցրել» են ՀՀՇ արդեն նախկին ղեկավարների եւ իշխանությունների միջեւ քննարկումների բովանդակությունը: Բացի այդ, Կոնգրեսում նաեւ մտավախություն են ունեցել, որ ՀՀՇ-ին առաջիկա ընտրություններում ԱԺ-ում տեղեր ունենալու շուրջ իշխանությունների կողմից հնարավոր երաշխիքներ տալու հանգամանքը կարող է գայթակղիչ լինել նաեւ ՀԱԿ անդամ մյուս կուսակցությունների համար, ուստի՝ ՀՀՇ-ն իշխանության ներազդեցությունից զերծ պահելը ՀԱԿ վերնախավի համար կենսական անհրաժեշտություն է եղել: Հանուն արդարության հարկ է շեշտել, թերեւս, որ ՀԱԿ-ՀՀՇ «վնասարարներ» հակադրության համար նպաստավոր է եղել նաեւ արդեն կուտակված նստվածքը, որն առաջացել էր մասնավորապես ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայքում» «ռուսներին չկպնելու» ՀԱԿ-ից իջեցված «հորդորից»:
Որ ՀՀՇ նախկին ղեկավարության հրաժարականն ու առանձին անդամների՝ ՀԱԿ-ից հիասթափության պատճառը միանգամայն կարող է հենց այս հանգամանքները եղած լինել, ինչպես պնդում են մեր աղբյուրները, խոսում է երեք փաստ, որոնցից երկուսի մասին բարձրաձայնել է հենց Լ. Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նա ՀՀՇ համագումարում ունեցած իր ելույթում անդրադառնալով «Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողություններին»՝ ըստ ամենայնի, ՀԱԿ-ականներին փորձել էր թափանցիկ կերպով բացատրել, թե ինչու է ՀԱԿ-ը, հակառակ ՀՀՇ-ականների գոնե մի հատվածի, հակված դեպի «ռուսամետություն». «Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նման վարքագիծը կապված է ո՛չ ցանկությունների, ո՛չ էլ կողմնորոշումների, այլ բացառապես իրականության գիտակցության եւ քաղաքական ռեալիզմի հրամայականի հետ»։
Երկրորդ, Տեր-Պետրոսյանը, խոսելով ՀՀՇ-ի ներքին խնդիրների մասին, արձանագրել էր, որ «վերջին շրջանում ՀՀ իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ։ Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգը իսպառ չեզոքացվել»։
Երրորդ, ըստ էության, ՀՀՇ-ում տեղի ունեցած ներկուսակցական «իշխանափոխության» վերաբերյալ մեր աղբյուրի պնդման վկայությունն են նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի վերջին օրերին՝ ՀՀՇ համագումարից առաջ եւ հետո արած տրամագծորեն հակառակ՝ նախ, ՀՀՇ-ի խորհրդարան անցնելու, ապա՝ ո՛չ այդ կուսակցության, ո՛չ էլ ՀԱԿ-ի՝ խորհրդարան չմտնելու մասին արած հայտարարությունները:
Իհարկե, ՀՀՇ-ում այս վարկածի ճշմարտությունը ճշտող հարցին ի պատասխան՝ ՀՀՇ նախկին խոսնակ Կարեն Կարապետյանը շատ լակոնիկ ոճով ասաց. «Նման բան գոյություն չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել