Լրահոս
Օրվա լրահոսը

Պասկեւիչի կամրջի մոտ Ագրոզբոսաշրջային կենտրոն կկառուցվի

Օգոստոս 07,2010 00:00

Այս տարի Վայոց ձորի մարզում ակնկալվում է 3500 տոննա խաղողի բերք: Երեկ աշխատանքային այցով մարզում գտնված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ տեղեկացվել, որ մթերման վերաբերյալ արդեն ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրությունից:
Փոխվարչապետը հանձնարարել է մարզպետ Ս. Բագրատյանին համապատասխան աշխատանքներ տանել ՋՕԸ-ների ղեկավարների եւ գյուղացիների հետ՝ ոռոգման ջրի վարձավճարները ժամանակին եւ ամբողջությամբ հավաքագրելու ուղղությամբ: Քննարկվել է նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը:
Այնուհետեւ փոխվարչապետը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Վայք քաղաքի Պասկեւիչի կամրջի հարակից տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագիր, ծանոթացել է նախաձեռնության մանրամասներին: Ծրագիրն ուղղված է լինելու Վայքում զբոսաշրջության զարգացմանը, տեղի բնակչության զբաղվածության ապահովմանը, ինչպես նաեւ նպաստելու է գյուղատնտեսական տեղական արտադրանքի իրացմանը: Ծրագրի հեղինակները փոխվարչապետին տեղեկացրել են, որ համալիրի տարածքի ընտրության հարցում հաշվի են առել քաղաքին մոտ լինելու, գյուղացիական տնտեսությունների ապրանքների վաճառքի համար բարենպաստ պայմանների առկայության, տեղի բնակչությանը սպասարկման աշխատանքներում հնարավորինս ներգրավելու հանգամանքները: Նախատեսված է համալիրը կառուցել էկոլոգիապես մաքուր նյութերով, իսկ շահագործումն ապահովել արեւային էներգիայով: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որից հետո մրցութային կարգով կընտրվի ծրագիրը իրականացնող կազմակերպությունը:
Փոխվարչապետը այցելել է նաեւ Վայքի քաղաքապետարան, որտեղ կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետի եւ քաղաքապետի հետ քննարկել է Ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագրի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքում մարզադաշտի եւ մշակույթի պալատի վերանորոգմանը, որոշ թաղամասերի ջրամատակարարման բարելավմանը վերաբերող հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել