Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ

Օգոստոս 10,2010 00:00

Վաղը երեկոյան «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իրան ընկերական հանդիպմանը հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում է նաեւ դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարձակվողին հանձնեցին մեր գլխավոր թիմի մարզաշապիկն ու ներկայացրին լրագրողներին:
«Յուրա Մովսիսյանն ավելի բարձր է գնահատում իր երկրի հավաքականը, քան այլ հավաքական: Մեր բոլորի խնդրանքով ու իր մեծ ցանկությամբ է նա ժամանել Հայաստան, որ աջակցի մեր ազգային թիմին։ Յուրան այն ֆուտբոլիստն է, ով կարող է ուժեղացնել Հայաստանի հավաքականը»,- նշեց ՀՖՖ նախագահը: Նա անդրադարձավ նաեւ արտասահմանում հանդես եկող այլ հայազգի ֆուտբոլիստներին՝ մեր ազգային թիմ հրավիրելուն: «Անընդհատ բանակցություններ են ընթանում հայազգի ֆուտբոլիստների հետ։ 10 մլն սփյուռք ունենք, ու ֆեդերացիան անընդհատ հետեւում է դրսում խաղացող հայ ֆուտբոլիստների խաղերին։ Բայց այն մարդիկ, ովքեր ազգային հավաքականի անունը լսում են ու սկսում տատանվել, մեզ պետք չեն։ Ազգային հավաքականը ակումբ չէ, որ մերժես, դա մեր խորհրդանիշն է: Չի կարելի տարիներով խնդրել խաղացողին, որ ժամանի հավաքական»,- ասաց Ռ. Հայրապետյանը՝ ավելացնելով, որ սա չի նշանակում, թե Խոակին Բոգոսյանի հետ բանակցությունները դադարեցվելու են։ «Բոգոսյանը պատկերացում չունի, թե ինչ է Հայաստանը: Նա երիտասարդ տղա է ու երեւի ինչ-որ մարդիկ նրան սխալ պատկերացում են տվել Հայաստանի մասին: Մենք շարունակելու ենք նրա հետ բանակցելն ու փորձելու ենք հրավիրել Հայաստանի հավաքական»,- շարունակեց ՀՖՖ նախագահը:
Իսկ ահա օրվա հերոսը նշեց, որ շատ է հետաքրքրվել հայկական ֆուտբոլով ու Հայաստանի հավաքականով: «Ռոբերտ Արզումանյանը շատ է պատմել հավաքականի մասին: Ես կարծում եմ, որ կարող եմ ուժեղացնել Հայաստանի հավաքականը։ Միասին պետք է լավ արդյունքներ արձանագրենք»,- ասաց Մովսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել