Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր այս տարվա քվոտաները հարցականի տակ են, նվազագույն պահանջները չենք կարողացել կատարել, կարող ենք զրկվել հավատարմագրումից»․ մարզիչը՝ «Փլեյ սիթի»-ի փակման պատճառով ավտոմրցարշավորդների մարզումների ընդհատման մասին

Սեպտեմբեր 22,2026 15:38 Share

«Փլեյ սիթին» էր մեր միակ հնարավորությունը, միակ մարզադաշտն էր, որտեղ մենք կարողանում էինք մարզվել ու անցկացնել մեր մրցույթները։ Այս պահին չունենք մարզվելու հնարավորություն, և դա շատ վատ է անդրադառնալու մարզիկների վրա։ Մեկ ամիս մարզումների բացակայության պատճառով վերականգնմանը տրամադրվում է 3-4 ամիս։ Պրոֆեսիոնալ կարտինգ վարելուց գործում է մկանային համակարգ, որը դու չես կարող աշխատացնել, եթե չմարզվես։ Դրա համար էլ կարևոր է մարզումները չկանգնեցնել և հնարավորություն ունենալ պատրաստվել մեր ապագա մրցույթներին»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «SH Racing»-ի համահիմնադիր, ավտոսպորտի մարզիչ Ռոդիոն Կռիլովը՝ անդրադառնալով այն փաստին, որ քննչական գործողությունների պատճառով «Փլեյ սիթին» փակ է և իրենք չեն կարողանում մարզվել։

Ռոդիոն Կռիլով

Մարզիչը նշեց՝ անցյալ տարի ստացել են Sodi World Series-ի հավատարմագրում ու կարողացել ՀՀ-ում անցկացնել SodiWseries-ի մրցույթներ․ «Դրա արդյունքներով՝ անցյալ տարի մեր մարզիկներից մեկը ստացել է քվոտա և մասնակցել միջազգային մրցաշարի։ Մեր այս տարվա քվոտաները հարցականի տակ են, որովհետև մենք Sodi-ի նվազագույն պահանջները չենք կարողացել կատարել, հետագայում կարող ենք հավատարմագրումից զրկվել և ստիպված նորից սկսել»։

Սամվել Համբարձումյան

Պատանի մրցարշավորդ 15-ամյա Սամվել Համբարձումյանը պատմեց՝ մասնակցել է բազմաթիվ եվրոպական և միջազգային մրցույթների․ «Այն պատճառով, որ ՀՀ-ում ավտոսպորտն այնքան էլ զարգացած չէ, մեր պետությունն այնքան էլ չի աջակցում, մեր մարզիկները չեն կարողանում լինել նույն մարզավիճակում, ինչ եվրոպացի մարզիկները։ Մեզ պետք է պրոֆեսիոնալ կարտինգի ավտոմրցուղի»։

16-ամյա մրցարշավորդ Ռեա Մկրտչյանն էլ նկատեց․ «Եվրոպացի մարզիկները հայերից շատ են տարբերվում, քանի որ այնտեղ ամեն ինչ պրոֆեսիոնալ է կազմակերպված։ Նաև պատճառներից է այն, որ մեզ մոտ կարտինգը նոր է զարգանում։ Պետք է էլ ավելի զարգացնենք»։

Ջոյի էլ Ռահի

Պատանի մրցարշավորդ Ջոյի էլ Ռահին արդեն հասցրել է տարբեր միջազգային մրցարշավներում մրցանակներ նվաճել, նա Լիբանանից է, 6 տարեկանից զբաղվում է կարտինգով։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց․ «Այսօր մենք խնդիր ունենք՝ «Փլեյ սիթին» փակվել է, և չենք կարողանում մարզվել։ Կարող եմ Լիբանան գնալ, մարզվել, բայց ապրում եմ Հայաստանում, դպրոց եմ գնում, չեմ կարող ամեն օր գնալ Լիբանան։ Բայց եթե «Փլեյ սիթին» չբացվի ու չկարողանանք մարզվել, հետ կընկնենք։ Ես չեմ հասցնի որակավորում ստանալ, որ մասնակցեմ ինձ համար 4-րդ միջազգային մրցույթին։ Սա իմ սպորտային  կարիերան է։ Ես մենակ չեմ, խոսում եմ բոլորիս անունից»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա Ասոցիացիա» ընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել