Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանական պատերազմի իրական դեմքը

Օգոստոս 11,2010 00:00

Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում սպանվածների եւ վիրավորների թիվը շարունակում է աճել: BBC-ի մատուցմամբ, այդ են վկայում ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրությունները: Ըստ այդմ, Աֆղանստանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի եւ տուժածների թիվն այս տարի 31 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Ավելի քան 1200 մարդ սպանվել է միայն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, եւս 1997 մարդ վիրավորվել է: ՄԱԿ-ի տվյալներով, «Թալիբան» եւ ահաբեկչական մյուս կազմակերպությունների գրոհայինները պատասխանատու են զոհերի 76 տոկոսի համար, խաղաղ բնակչության մնացած հատվածը տուժել է ՆԱՏՕ-ի զինվորական համակազմի սխալ գործողությունների արդյունքում: Միայն կես տարվա ընթացքում սպանվել է 176 երեխա, 389 անչափահաս ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, ինչը 55 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Զոհերի մեծամասնությունը սպանվել կամ տուժել է երկրի տարածքում ահաբեկիչների իրականացրած պայթյունների արդյունքում: Գրոհայինների կողմից մահապատժի ենթարկվածներ թիվը կես տարվա ընթացքում աճել է 95 տոկոսով:
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը դիմել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին՝ առաջարկելով վերջ տալ արյունահեղությանը, դադարեցնել պայթյունների կազմակերպումն ու քաղաքացիական անձանց առեւանգումը:
Ընդսմին, ՄԱԿ-ի տվյալներով, 64 տոկոսով նվազել է ավիահարվածների արդյունքում տեղի խաղաղ բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը: BBC-ն հիշեցնում է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բազմիցս է Արեւմուտքին զգուշացրել, որ ՆԱՏՕ-ի գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի արձանագրման փաստը նպաստում է գրոհայինների ակտիվ գործողություններին եւ դժգոհություն է առաջացնում տեղի բնակչության մեջ:
Օգոստոսի սկզբին Աֆղանստանում ամերիկյան զինվորական համակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ Դեւիդ Պետրեուսը հայտարարել էր, թե յուրաքանչյուր խաղաղ բնակչի սպանությունը կոալիցիոն ուժերին հեռացնում է այն նպատակակետից, որին նրանք ձգտում են: Հրամանատարի այդ հայտարարությունից օրեր անց, սակայն, ՆԱՏՕ-ի ավիահարձակումների արդյունքում զոհվել էր 25 խաղաղ աֆղանցի:
Հիշեցնենք, որ հուլիսին «Վիքիլիքս» կազմակերպության կայքէջում հրապարակվել էր աֆղանական պատերազմին վերաբերող շուրջ 92 հազար գաղտնի փաստաթուղթ, որտեղ տեղեկություններ կային նաեւ Աֆղանստանում քաղաքացիական բնակչության շրջանում պատերազմի ընթացքում եղած կորուստների մասին: Այդ տեղեկությունները վկայում էին, որ զոհերի թիվն իրականում ավելի շատ է, քան հրապարակում են պաշտոնական մարմինները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել