Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 12,2010 00:00

\"\"«Ադրբեջանի նման տեռորիստական վարչակազմին այդպիսի զենք
տրամադրելը համարժեք է նրան, որ մենք պայթուցիկներ մատակարարենք
չեչեն ահաբեկիչներին»,- կարծում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

 – Պարոն Սեֆիլյան, ինչպես եք գնահատում Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի, եւ տնտեսապես շահավետ գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում գրանցված վերջին զարգացումները՝ հաշվի առնելով մեր երկրում ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումն ու Ադրբեջանին հակահրթիռային համակարգերի վաճառքը:
– Իմ համոզմամբ, այսօրվա մոսկովյան իշխանությունները չեն վստահում Սերժ Սարգսյանի վարչակազմին եւ վարում են կորզելու քաղաքականություն: Քանի որ ռուսները համարում են, որ Սերժ Սարգսյանը շատ ընդգծված կերպով թեքվել է դեպի Արեւմուտք, նրանք փորձում են տարբեր կանխարգելիչ քայլեր կատարել այդ անվստահելի գործընկերոջը կարգի հրավիրելու նպատակով: Ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման պատճառը ես դրա մեջ եմ տեսնում՝ դա զգուշացում է Սերժ Սարգսյանին, որ նա հանկարծ չփորձի ռուսների գլխից թռնել: Ռուսները շատ լավ գիտեն, թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինվածության մակարդակը: Ինչպես նաեւ այն, որ հայկական կողմն ունի այնպիսի զինատեսակ, որից Բաքուն ապահովագրված չէ եւ այդ իսկ պատճառով է, որ չի համարձակվում ռազմական պոռոտախոսությունից անցնել գործի: Եվ երբ այդ ամենը իմանալով հանդերձ, ռուսները Ադրբեջանին են վաճառում C-300 զինատեսակը, նրանք դրանով մտածված կերպով խախտում են ռազմական առկա հավասարակշռությունը՝ վերացնելով այդ զսպող գործոնը:
– Տեսակետներ են հնչում, որ ավելի լավ է Ադրբեջանն այդ զինատեսակը գնի Ռուսաստանից, քան մեզ ոչ բարեկամաբար վերաբերվող որեւէ այլ երկրից: Համամի՞տ եք:
– Սա շատ անտրամաբանական եւ անհեթեթ միտք է: Նախ՝ բացի Ռուսաստանից այդ կարգի զինատեսակ շատ քիչ թվով երկրներ ունեն՝ ԱՄՆ-ը, Իսրայելը եւ, կարծեմ, էլ ոչ ոք: Բացի այդ, նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանն էլ կարող է ռազմական աջակցություն ցույց տալ Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբավորումներին: Մենք էլ կարող ենք նրանց պայթուցիկներ տրամադրել՝ հիմնավորելով, որ ավելի լավ է մենք դա անենք, քան ասենք, Թուրքիան կամ մի այլ երկիր:
– Բայց փորձագետները նշում են, որ C-300 հակահրթիռային համակարգը պաշտպանական եւ ոչ հարձակողական զինատեսակ է:
– Գիտեք, երբ խախտվում է ձեւավորված ռազմական բալանսը, ընդ որում հօգուտ ամեն օր պատերազմը վերսկսել սպառնացող կողմի, արդեն այնքան էլ կարեւոր չէ՝ պաշտպանական, թե հարձակվողական զինատեսակ է դա: Բացի այդ, երբ անհրաժեշտության դեպքում դու,  շնորհիվ այդ զինատեսակի, կարողանում ես ապահովագրել քո ցամաքային զորքերին հակառակորդի օդային հարձակումներից՝ դրանով իսկ ապահովելով նրա առաջխաղացումը, ապա այդ դեպքում C-300–ը ինքնըստինքյան պաշտպանականից դառնում է հարձակողական:
Ուզում եմ շեշտել, որ ահաբեկչական խմբավորումների հետ տարած զուգահեռս պատահական չէ, քանի որ Ադրբեջանն իր բնույթով ահաբեկչական, ջարդարար պետություն է: Մենք ականատես ենք եղել, թե սկսած 90 թ.-ից ինչպիսի գործողությունների է դիմել այդ երկրի քաղաքական ղեկավարությունը: Եվ այդ ամբողջ ընթացքում մենք պաշտպանական դիրքերում ենք եղել: Այսինքն, եթե մենք չպաշտպանվեինք, ոչ միայն Ղարաբաղը չէր լինի, այլեւ Հայաստանը կարող էր չլինել: Ուստի, Ադրբեջանի նման տեռորիստական վարչակազմին այդպիսի զենք տրամադրելը համարժեք է նրան, որ մենք պայթուցիկներ մատակարարենք չեչեն ահաբեկիչներին:
– Պարոն Սեֆիլյան, նկատենք, սակայն, որ այսօր միջազգային կառույցներում շրջանառվող փաստաթղթերում առավել հաճախ հենց Հայաստանն է նշվում որպես օկուպանտ երկիր:
– Մինչեւ 98, անգամ 99 թիվը, միջազգային ասպարեզում մեր հասցեին օկուպանտ ձեւակերպումը երբեք չի օգտագործվել: Դա սկսվեց 2000 թվից հետո՝ շնորհիվ քոչարյանական ռեժիմի: Բայց եթե հայկական կողմը սկսի ողջ ներուժով աշխատել՝ միջազգային ատյաններում հիմնավորելով, որ հայկական կողմը երբեք օկուպանտ չի եղել, ապա կարճ ժամանակ անց մենք կարող ենք փոխել այսօրվա մեզ համար ոչ նպաստավոր վիճակը: Այնպես որ, մեր ապիկարության պատճառով է, որ Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվել է միջազգային հանրությանը համոզել, որ մենք օկուպանտ ենք:
Ընդհանրապես, այսօր առկա, այդ թվում եւ՝ վերոնշյալ բոլոր խնդիրների սկզբնապատճառները մեր մեջ են: Եվ մեր բոլոր խնդիրները կլուծվեն, եթե մենք ստեղծենք ինքնիշխան իշխանություն, այլ ոչ թե այնպիսի իշխանություն, որն իր ժողովրդի վրա կրակելով եւ օտարի օգնությունը հայցելով է գոյատեւում: Այսօրվա մեր իշխանության քաղաքական օրակարգում միայն մեկ հարց կա. ինչպես ապահովել սեփական վերարտադրությունը: Սա է, մնացյալը ձեւականություն է: Եվ գերտերությունները դա շատ լավ հասկանում են: Արդյունքում՝ Հայաստանը հայտնվում է գնդակի դերում, որը ձեռքից ձեռք է անցնում գերտերություների ձեռքում:
Սակայն նշեմ, որ Այսրկովկասի շուրջ գերտերությունների աճող հետաքրքրւթյունը որքան վտանգավոր, նույնքան էլ շահեկան կարող է լինել մեզ համար՝ եթե կարողանանք ճշգրիտ քաղաքականություն վարել: Հատկապես որ՝ ներկայումս տարածաշրջանում հավակնություններ ունեցող ավանդական երկրներից բացի, հայտնվել են այնպիսի նոր խաղացողներ, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են: Այդ երկու երկրների ներգրավումը մեզ համար կարող է բավականին նպաստավոր եւ հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորություն ստեղծել: Բայց դրա համար, կրկնում եմ, պետք է ունենանք ինքնիշխան եւ ժողովրդի կողմից ընդունված իշխանություն, ինչը 20 տարի է մեզ չի հաջողվում անել:
– Պարոն Սեֆիլյան, եթե անգամ մեզ հաջողվի ձեւավորել ժողովրդի գերակշիռ մասի համար ընդունելի իշխանություն, արդյոք դա բավարա՞ր է սահմանափակելու համար Ռուստաստանի ազդեցությունը մեր երկրում:
– Իհարկե: Ով է ասում, որ մենք այլընտրանք չունենք: Համոզված եմ, որ ռուսական ռազմակայաններին մեծ հաճույքով կփոխարիներ, օրինակ, Չինաստանը: Եվ ամենեւին այնպես չէ, որ մենք, ուզենք-չուզենք, պարտավոր ենք Ռուսաստանի հետ դաշնակցել:
– Այդ դեպքում, ինչո՞վ եք բացատրում այն իրողությունը, որ այսօրվա մեր քաղաքական դաշտում, եւ հատկապես դրա ընդդիմադիր հատվածում՝ ՝Հայ ազգային կոնգրեսում, չեն հնչում ընդվզող ձայներ:
– Մենք՝ «Սարդարապատ» շարժումը, չենք ընդունում քաղաքական ներկայիս դաշտի խաղի կանոնները, եւ այդ պատճառով ես չեմ ընդունում Հայ ազգային կոնգրեսի այդ գործելաոճր, եւ համարում եմ, որ այդ մարտավարական ընթացը ոչ մի լավ բանի չի բերելու մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել