Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր բերետներով մարդիկ, ձեր արած գործողություններն ապօրինի են»․ Երեւանում անհնազանդության գործողություններ են, ոստիկանները ուժ են կիրառում

Մայիս 27,2024 08:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։

Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։

Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացվում, պատասխանեց․ «Քիչ հետո կլսեք ձայնը, ես իմ քայլը կատարեցի։ Ահավասիկ, մեքենան այնտեղ է, մեր խաղաղ անհնազանդության գործողությունը կատարել ենք, իրենց շատ սիրած 40-60 հազարանոց «Լեքսուսը» փողոցի մեջտեղը կանգնած է՝ որպես իրենց նվեր»։

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Երեւանում, հարցին, թե մտավախություն չկա՞, որ բռնություններ կիրականացվեն, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Բռնություն ինչի՞ նկատմամբ, թող իրականացնեն, մեր գործողություններն օրենքի սահմաններում են, ոչ մի բան չկա»։

Երեկվա իր ելույթում Բագրատ սրբազանը նաեւ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել իր հետ հանդիպման գալ։ Հարցին, թե արձագանք եղե՞լ է, պատասխանեց․ «Դուք հավատում եք, որ կլինի՞։ Չի կարող, վախենում է։ Մենք հրավիրում ենք, որ այդպես լինի, գոնե մեկ անգամ»։ Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին հրապարակ է հրավիրում։

Կարմիր բերետավորները փողոցը փակած մարդկանց ուժով բերման են ենթարկում, քաշքշում են ԱԺ պատգամավորներին։ Բերման ենթարկվածների թվում է Իգոր Խաչատուրովը։

Բագրատ սրբազանը դիմեց ոստիկաններին․ «Ձեզ հստակ ասում եմ, ոստիկաններ, կարմիր բերետներով մարդիկ, ձեր արած գործողությունները լրիվ ապօրինի են, ձեզ խաղաղ ու հանգիստ պահեք, դուք գերու հոգեբանությամբ չշարժվեք։ Եթե ուզում եք վախեցնել, իմացեք, որ ավելի շատ վախենալու եք, եւ հիմա այդպես է։ Այն վախեցածը, որը հիմա ձեզ ուղարկել է այս կողմ, նրան պետք է տանեք, այդ աղետը պետք է տանեք, որ իր վախերը ձեզանով չփորձի թաքցնել, չլինեք այդ պատնեշը։ Բայց խնդիր չկա, դուք էլ գաք, ձեզ էլ դիմադրություն կլինի, փորձեք ու կստանաք։ Հստակ ասում եմ՝ ձեզ հանդարտ ու հանգիստ պահեք, ապօրինի գործողություններ չեք անելու, դարձել եք գործիք, ամոթ է, ամոթ։ Հետո ընտանիքները գալիս են, մեզ խնդրում են, որ՝ մեր տղաների նկարները մի դրեք, իրենք այսպես չեն, այնպես չեն։ Ցույց տվեք, որ այդպես չեք, վերջին անգամ եմ սա ասում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Կարմիր բերետավորները փորձում են «բերման ենթարկել» Բագրատ Սրբազանի մեքենան, որով նա արգելափակել էր Աբովյան փողոցը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031