Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ» ԱՍՈՒԼԻՍ

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը դեռ չի մեկնարկել, բայց կազմակերպիչներն արդեն դժգոհում են լրագրողներից, իրենց ուղղված քննադատություններից: «ՌեԱնիմանիան» այսօր կբացվի Սիլվան Շոմենի «Աճպարարը» ֆիլմով: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին: Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ Շոմենի «Եռյակը Բելվիդից» աշխատանքը: Հայ հանդիսատեսը ականատես կլինի Շոմենի ֆիլմերին, բայց նրա ներկայությունը կազմակերպիչներն այդպես էլ չեն կարողացել ապահովել՝ այս էլ արդեն երկրորդ տարին: Վ. Քասունին պատճառաբանեց, որ Շոմենը չի սիրում ինքնաթիռով թռչել:
«ՌեԱնիմանիա» փառատոնի կազմակերպիչներն այնքան են մտահոգված լրագրողների աշխատանքները հեշտացնելու գործով, որ Գերմանիայից լրագրողների համար վարպետության դաս անցկացնող են հրավիրել՝ Յոհաննես Ուոլթերսին, ով պետք է սովորեցնի՝ ինչպես լուսաբանել անիմացիայի փառատոնը: Առաջին «դասն» արդեն կայացել էր երեկ առավոտյան: Վ. Քասունին վրդովված էր. «Ես ակնկալում էի, որ ամենաքիչը 50 մարդ կլիներ վարպետության դասին: Սակայն նրանց թիվը 15-ից չէր անցնում»:
Քասունին կարեւոր համարեց այն հանգամանքը, որ այսուհետեւ պետք է ոչ միայն օտար ֆիլմերը բերել Հայաստան, այլեւ հայկական անիմացիոն ֆիլմերը ներկայացնել լայն հանրության դատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել