Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՍԱԼՍԱ ԷԼ ԵՆ ՊԱՐՈՒՄ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Կուբայից ժամանած սեւամորթ պարուսույցը մաստեր-կլաս է անցկացնում

\"\"

\"\"

\"\"Օրերս «Congres» հյուրանոցում կրքոտ պարերի սիրահարների համար առիթ էր ստեղծվել, ինչպես ասում են, տեղը տեղին թափահարել սեփական մարմիններն ու լավ լիցքաթափվել: «Իսպանական կենտրոնը» որոշել էր ամառային բացօթյա party-ների սեզոնը փակել կուբայական տաք ռիթմերով: «Իսպանական կենտրոնը» Կուբայից պրոֆեսիոնալ պարուսույց Ջորդանոյին էր հրավիրել, որը ոչ միայն պետք է ճոխացներ party-ն իր մասնակցությամբ, այլեւ 4 ամիս աշխատեր կենտրոնում:
Երեկոն սկսվելուն պես՝ party-ի կազմակերպիչ Աշոտ Փարսյանը, որը Իսպանական կենտրոնի հիմնադիրն է, շտապեց դեպի DJ-ի վահանակը: Երեկոյի ընթացքում ողջ երաժշտական մասի ապահովումը նա վերցրել էր իր վրա: Party-ի ժամանակ, սալսայից բացի, հնչեցին շատ այլ հաճելի ստեղծագործություններ: Ուրախ մթնոլորտ էր տիրում: Ճիշտ է, բարդույթավորված մարդիկ էլ կային, որոնք ամենեւին էլ չէին շտապում պարել ու հետեւել հատուկ Կուբայից ժամանած սեւամորթ պարուսույցի հրահանգներին, ով ողջ երեկոյի ընթացքում խոստացել էր վարպետության դաս անցկացնել, ինչ էլ արեց:
Ալինա անունով աղջիկը, որը թերեւս ամենահամարձակն էր. առաջինն էր, ով համաձայնեց պարել մեգա պարուսույցի հետ. մեգա, որովհետեւ այդպես էր ինքն իրեն ներկայացրել Կուբայից ժամանած հյուրը:
«Առավոտի» հետ զրույցում Ալինան ասաց, որ Ջորդանոն իրենց համատեղ պարի ընթացքում բացատրեց լատինաամերիկյան պարերի բնավորությունը, ինչը, ըստ նրա, անչափ անհրաժեշտ է: Լատինաամերիկյան պարերի գիտակների հավաստմամբ, Ջորդանոն իրոք սալսա պարերի մեգա մաստեր է, բայց, չգիտես ինչու, մաստերը ողջ երեկոյի ընթացքում շփոթում էր պարերի անունները, ինչը զարմացրեց անգամ լատինաամերիկյան պարերի գիտակներին: Տեսնես ինչպե՞ս պետք է պարի գիտակը դասընթացներ անցկացնի կենտրոնում, եթե ռումբան սամբայից չի տարբերում…
Հետո պարզվեց, որ կուբացի պարուսույցը պատրաստվում է հայերին միայն կուբայական սալսա սովորեցնել: Դասընթացները հավանաբար «փարթիոտ» կլինեն, սիրողական բնույթի: Այս կարգի «կայֆավատներ սիրողները», ինչպես մի տղա բարձրաձայնեց (նկատի ուներ Ջորդանոյի պարի դասընթացներ այցելողներին), մեկ ամսվա համար 12 000 դրամ պետք է վճարեն:
Ինչպես նախապես հայտարարված էր, party-ի մասնակցության տոմսի մեջ էր մտնում նաեւ մեկ անվճար կոկտեյլ: Այդ անվճար ըմպելիքը մասնակիցները կարծես թե չհավանեցին՝ «միայն սփրայթի ու լիմոնի համ է գալիս», ասում էին հյուրասիրությունից օգտվողները:
Ամեն դեպքում party-ն կայացավ, ջրավազանի շուրջ հավաքված երիտասարդները իրենց լավ էին զգում: Որոշ պարողներ, օգտվելով տրամադրող պարային ռիթմերից եւ տեղը-տեղին «լիցքավորված» էներգետիկ խմիչքների ազդեցությունից՝ պարելիս չափից ավելի սեքսուալ շարժումներ էին անում:
Փաստորեն՝ հեռատես էին party-ի կազմակերպիչները, որոնք միջոցառման մուտքը մինչեւ 16 տարեկանը բոլորած անձանց՝ խստիվ արգելել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930