Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոտայքի մարզում մասնակցել է եզդի կանանց առաջնորդության, նրանց կարողությունների զարգացման և հասարակական ու հանրային կյանքում մասնակցության խթանմանը նվիրված «Մարդու իրավունքներ և Քաղաքացիական առաջնորդություն» հնգօրյա ծրագրին և դասընթաց վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար։
Միջոցառումը կազմակերպվել է «Շամս» մարդասիրական ՀԿ-ի կողմից` Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամ (CFLI)-ի շրջանակում։
Դասընթացի ընթացքում քննարկվել են կանանց և ազգային փսքրամասնությունների առաջնորդության, հավասարության և ներառականության, խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների, ինչպես նաև հասարակական կյանքում բոլոր խմբերի հավասար մասնակցության հետ կապված հարցեր։
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց առաջնորդության խթանման կարևորությանը։
Իր խոսքի ընթացքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հավասարությունը ենթադրում է ոչ միայն մասնակցության հնարավորություն, այլև որոշումների կայացման գործընթացներում բոլոր խմբերի իրական, արդյունավետ և իմաստալից ներգրավվածություն։
Անդրադառնալով ազգային փոքրամասնություններին պատկանող, այդ թվում՝ եզդի կանանց առաջնորդությանը՝ Անահիտ Մանասյանը խոսել է նրանց ներուժի բացահայտման և զարգացման, նախաձեռնողականության խրախուսման ու որոշումների կայացման գործընթացներում դերակատարության ամրապնդման մասին` ընդգծելով, որ իրենք մշտապես ունեն Մարդու իրավունքների պաշտպանության աջակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց առաջնորդության խթանումը հավասար և ներառական հասարակության ձևավորման առանցքային գրավականներից է:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եզդիական համայնքի նըրկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քաղաքացիական հասարակության և եզդիական համայնքի այլ ներկայացուցիչներ։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ կանայք, այդ թվում` ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող, պետք է ունենան իրենց կյանքին առնչվող բոլոր որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություն, իսկ բոլոր դերակատարները պետք է աշխատեն այդ հնարավորություններն ապահովելու և խտրականությունը հաղթահարելու ուղղությամբ։
ՀՀ ՄԻՊ



















































