Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները սպառնում են Բաբայաններին

Սեպտեմբեր 16,2010 00:00

\"\"Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները Այգեկցու փողոցում ապրող Բաբայանների ընտանիքին անընդհատ անհանգստացնում են ու սպառնում: Նրանք այս ընտանիքի անդամներից պահանջում են ցուցմունք տալ, սակայն ոչ թե սովորական ընթացակարգով, այլ ոստիկանների կողմից կազմված տեքստի տակ ստորագրելով: Իսկ եթե Բաբայաններից որեւէ մեկը համարձակվում է ասել, որ ուզում է տեքստին ծանոթանալուց հետո ստորագրել, արժանանում է քննիչների վիրավորանքներին: Բացի այդ՝ նրանք այս տուն են այցելում Բաբայանների հարեւան Անմար Գասպարյանի հետ, որի ներկայությունը, մեղմ ասած, հաճելի չէ այս ընտանիքին: Այս մասին մեզ դժգոհեց Բաբայանների հարսը՝ Անուշ Դեմիրճյանը: Նրա խոսքերով, իրենք տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում. «Հիմա հարուցվել է քրեական գործ: Չենք հասկանում՝ ինչի հիման վրա: Մենք ի՞նչ ենք արել: Ընդամենը չենք թողնում դատական քաշքշուկի մեջ գտնվող ավտոտնակը օգտագործել: Մեզ մեղադրում են, որ մենք այդ ավտոտնակը դարձնում ենք անպիտան»:
Հիշեցնենք, որ Բաբայանների ընտանիքին պատկանող սեփական տան բակում հարեւան Անմար Գասպարյանի կողմից անօրինական ձեւով ավտոտնակ է կառուցվել դեռեւս 1973 թվականին, որը վերջինս վարձակալության հիմունքով է օգտագործել: Սակայն այդ ավտոտնակը եւ Բաբայաններին պատկանող հողը, որի վրա կառուցվել է ավտոտնակը, Արաբակիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կողմից ճանաչվել է Ա. Գասպարյանի սեփականությունը: Այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, սակայն ոչինչ չի փոխվել: Այս մասին «Առավոտն» արդեն գրել է (04.08.2010):
Նշենք, որ Բաբայաններին պատկանող սեփական տունն ամբողջովին վթարային վիճակում է: Այն կառուցվել է նախորդ դարում, այդ իսկ պատճառով պատերին մեծ-մեծ ճաքեր են, փոքր-ինչ ուժեղ քամուց տնակը նույնիսկ ճոճվում է: Այն դեռեւս 1979-ին է վթարային ճանաչվել եւ գրանցված է խարխուլ տների ցանկում: Այդ ժամանակից ի վեր տանտերերը չեն վերանորոգել իրենց տնակը, քանի որ հնարավորություն չեն ունեցել: Տան բակի ոչ այնքան հին ավտոտնակներից մեկն էլ արդեն փլվել է, իսկ մյուսը վերոհիշյալ քաշքշուկների մեջ է գտնվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել