Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԼԻՏԱՐ» ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ

Սեպտեմբեր 24,2010 00:00

Արարատ քաղաքում «քաղաքացիական պատերազմ» է

Մի քանի օր առաջ, երեկոյան, առաջին հայացքից մի անմեղ, նույնիսկ դաստիարակչական միջադեպ է եղել Արարատ քաղաքի՝ վերջերս վերանորոգված գլխավոր փողոցում: Հետո, սակայն, միջադեպը դարձել է ճակատագրական՝ ողջ քաղաքի բնակիչների համար:

Արարատի գլխավոր փողոցի վերանորոգումից հետո անգործությունից հիմնականում պարապ-սարապ թրեւ եկող քաղաքի «ոսկի երիտասարդության» սիրելի զբաղմունքներից մեկն էլ դարձել է այդ փողոցում «գոնկաների» կազմակերպումը: Դա, բնականաբար, դուր չի եկել արարատցիներին, իսկ այն բանից հետո, երբ ավտովթարի հետեւանքով մի երիտասարդ է զոհվել, Արարատում բնակվող քրեական հեղինակությունները որոշել են ջահելներին կարգի հրավիրել: Հետաքրքիր է, որ շրջանառվող խոսակցություններում քաղաքի ոստիկանության անունը չի շոշափվում, մինչդեռ հենց այդ մարմնի բուն գործառույթներից մեկն էլ հենց վեճի առարկա հարցն է: Առաջին «ապտակը» բաժին է ընկնում 25-ամյա Արսենին, ով նորանորոգ փողոցում մեքենան վարում է արագությունը գերազանցելով: Նրան կանգնեցնում է քրեական հեղինակություն Սամվելը, ով հայտնի է «Չոմբե» մականունով, ու սկսում «ջահելի» հետ բարոյախրատական թեմաներով «զրույց տանել» այն մասին, թե ինչու չի կարելի մեքենան արագ վարել, եւ ինչու է անհրաժեշտ պահպանել երթեւեկության կանոնները: Խրատը Արսենին դուր չի գալիս: Արսենը, «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, Վազգեն Սարգսյանի ընտանիքի բարեկամն է, եւ ժամանակին, երբ այդ ընտանիքն Արարատում «հարց լուծող» էր, վայելում էր նրանց հովանավորությունը: Չոմբեի խրատից «մանթո» Արսենը շտապում է ընկերների մոտ, ովքեր սովորաբար հավաքվում են Արարատի հուշարձանի մատույցներում գտնվող սրճարանում, որը պատկանում է մեկ այլ Արսենի: Սրճարանի տեր Արսենն էլ, մեր աղբյուրի հավաստմամբ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ջերմ երկրպագուն եւ անցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է: Մի քանի ժամ անց Արսեններն իրենց համակիրների բանակով ներխուժում են Չոմբեի սրճարանը, որը գտնվում է քաղաքի մյուս ծայրում, եւ ծեծկռտուք սարքում այնտեղ: Գույժը հասնում է չոմբեականներին: Գիշերն արդեն Արարատը վերածվում է մարտի դաշտի: Մոտակա գյուղերից օգնության են հասնում նաեւ երկու բանակների խնամի-ծանոթ-բարեկամները՝ «զինված» ով ինչով կարող է՝ քար, փայտ, երկաթյա ձողեր, դանակներ: Ոստիկանական մեքենաների երեւալուն պես բոլորը փախչում են: Միջադեպի արդյունքում որովայնի հատվածում սուր, ծակող գործիքից ստացած ծանր մարմնական վնասվածքներով Արարատի հիվանդանոց է տեղափոխվում Արարատի բնակիչ, 22-23-ամյա Ռոմիկ անունով մի երիտասարդ: Բժիշկներին հաջողվում է փրկել երիտասարդի կյանքը: Այժմ նրա բուժումը շարունակվում է երեւանյան հիվանդանոցներից մեկում: Արսենները ձերբակալված են: Միջադեպից մի քանի օր անց ձերբակալվել է նաեւ Չոմբեն: Այդ մի քանի օրը նա թաքնվել է Երեւանում՝ իր քեռորդիների մոտ: Վերջիններս Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող DDD մարզասրահի տերերն են:

Վարկած կա, սակայն, որ այս անմեղ միջադեպը հատուկ է «սարքված»՝ Չոմբեին «լիկվիդացնելու» նպատակով: Իսկ հովանավորները էջմիածնեցի քրեական հեղինակություններ են: Քրեական հեղինակություն գոռավանցի Մարզոյի մահից հետո արարատյան քրեական կլանը ենթարկվում էր Չոմբեին: Մարզոյին դաժանաբար սպանեցին մեկ տարի առաջ՝ երեխան գրկին, սեփական տան առաջ կանգնած: Նրա թաղման արարողությանը մասնակցում էր նաեւ եզդի քրեական հեղինակություն Դեդ Հասանը, ում վրա վերջերս իրականացված մահափորձը եւ դրա հետ կապված մանրամասները չեն իջնում լրահոսների առաջին էջերից: Թե ի՞նչ հաշիվներ են ունեցել էջմիածնեցի քրեական հեղինակությունները Չոմբեի հետ, որ որոշել են նրան պատժել՝ «Առավոտին» չհաջողվեց ճշտել: Բայց, մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցը հասել է գեներալ Մանվելին: Վերջինս իր մոտ է հավաքել էջմիածնեցի քրեականներին, վրաները մատ թափ տվել եւ հայտարարել, թե ով Չոմբեի հետ հարց ունի, ուրեմն իր հետ հարց ունի: Ասում են, որ խորհրդային տարիներին գեներալն ու Չոմբեն իրար հետ նստած են եղել երկու տարի, ու նրանց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի:

Կրքերն Արարատում դեռ հանդարտված չեն, կռվի մասնակիցներից շատերը դեռ փախած են քաղաքից, շատերին էլ խորհուրդ չեն տվել միայնակ տանից դուրս գալ: Չի բացառվում, որ հաշվեհարդարների շարանը շարունակվի: Քաղաքում արտաքուստ հանդարտ իրավիճակ է, սակայն բոլորը համոզված են, որ այս հարցը ոստիկանության իրավասության շրջանակով չի ավարտվի, այլ իր տրամաբանական հանգուցալուծումը կստանա քրեական օրենքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել