Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Պետք չէ տրվել հույզերին»

Հոկտեմբեր 12,2010 00:00

\"\"«Հաղթանակից հետո մեր նման երկրների հավաքականներին միշտ էլ շատ ավելի բարդ է դուրս գալ խաղադաշտ, անգամ՝ մեզանից անհամեմատ  թույլ հավաքականների հետ խաղում, քան անհաջողություններից հետո: Դա աքսիոմ է, ու հենց այդ աքսիոմի առաջ էլ այսօր կանգնած է Հայաստանի ազգային հավաքականը: Ընդամենը չորս օր առաջ սեփական հարկի տակ ֆուտբոլային աշխարհի համար անսպասելի՝ 3:1 հաշվով հաղթանակ տոնելով մեր՝ «B» խմբի ֆավորիտ համարվող Սլովակիայի ընտրանու նկատմամբ, այսօր երեկոյան մեր թիմը «Հանրապետականում» մրցելու է Անդորրայի հավաքականի հետ: Ու եթե նախորդ խաղում ոչ-ոքին հայ երկրպագուի համար դրական արդյունք կհամարվեր, ապա այստեղ պահանջները շատ ավելի կոշտ են՝ միայն ու միայն հաղթանակ: Իսկ նման պատասխանատվությունը  ծանր բեռ է»: Այդ մասին երեկ Անդորրայի հետ նախախաղյա մամլո ասուլիսում խոսեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ նշելով, որ թիմի վրա, բնականաբար, կա ճնշում, ուստի ինքը խորհուրդ է տվել տղաներին՝ քիչ ուշադրություն դարձնել լրատվամիջոցներին, ինչպես նաեւ՝ չկենտրոնանալ արդեն անցյալում մնացած Սլովակիայի խաղի վրա: Մանավանդ որ, բացահայտ ֆավորիտ լինելը նույնպես լրացուցիչ ճնշող հանգամանք է, ինչը, իհարկե, հաղթանակ չի ապահովում: Ավելին, ըստ Մինասյանի՝ թերագնահատելու դեպքում բոլոր հավաքականներն էլ կարող են պատժվել. «Միջազգային խաղերում երբեք չի կարելի թերագնահատել: Կոնկրետ Անդորրայի հետ հանդիպումում պետք է ավելի հավաքված խաղալ, քան Սլովակիայի դեմ, քանի որ Անդորրայի հավաքականը շատ կազմակերպված է գործում, հետեւաբար՝ խաղային իրավիճակից նրանց գոլ խփելն ավելի բարդ է»: Որպես օրինակ մեր մարզիչը հիշեցրեց, որ Մակեդոնիան վերջին խաղում Անդորրային՝ երկու, Իռլանդիայի թիմին՝ մեկ գոլ է խփել ստանդարտից: «Անդորրայի հավաքականի վտանգավոր կողմերից են բազմաթիվ սադրանքները: Իսկ այդ տեսանկյունից մեր թիմում վտանգի տակ է հայտնվում հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Մակեդոնիայում արդեն տրվել է սադրանքի ու դեղին քարտի արժանացել: Անդորրան անընդհատ պրովոկացիաների է դիմում: Յուրա Մովսիսյանի հետ խոսել ենք այդ կապակցությամբ: Հարձակվողը դեղին քարտ ստանալու իրավունք չունի: Դեղիններ ստանում են պաշտպանները, կիսապաշտպանները»,- ասաց Վարդան Մինասյանը: Անդրադառնալով մեր թիմի կազմին՝ Մինասյանը նշեց, որ որակազրկված Կառլեն Մկրտչյանի փոխարեն հանդես կգա Արթուր Եդիգարյանը:
Ինչ վերաբերում է վնասվածք ստացած ֆուտբոլիստներին, ապա Էդգար Մալաքյանը 90%-ով պատրաստ է խաղալ, իսկ Դավիթ Մանոյանը, ցավոք, չի կարողանա օգնել նաեւ այս խաղում: Իսկ ինչ վերաբերում է այս խաղում մարզչի նպատակին, ապա այն նույնպես անփոփոխ է: «Իմ նպատակը չի փոխվել: Ես ասել եմ, որ դա խաղի կայունացումն է, իսկ կայունացման ճանապարհը սա է: Այնպես որ, ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ պետք է հանգիստ ու քայլ առ քայլ անել: Պարտություններ ու ոչ-ոքիներ կլինեն, բայց պետք չէ ու չի կարելի տրվել հույզերին»,- եզրափակեց հավաքականի մարզիչը:

Կոլդո Ալվարես. Հայաստանի հավաքականը վտանգավոր է
Խաղին ընդառաջ՝ նախախաղյա մամուլի ասուլիսի էին ներկայացել նաեւ Անդորրայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսն ու թիմի ավագ Օսկար Սոնեխին: Թե ավագը եւ թե մարզիչը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանում են: Նրանք նկատեցին, որ հայկական ֆուտբոլը շատ է առաջադիմել: Օսկար Սոնեխիի խոսքերով՝ «Հայկական ֆուտբոլը շատ է առաջադիմել: Համեմատաբար՝ Հայաստանը առաջադիմելու ավելի շատ հնարավորություններ ունի: Անդորրան էլ առաջադիմել է, բայց առավել համեստ»: Կոլդո Ալվարեսն էլ նկատեց, որ Հայաստանի թիմը բոլոր շանսերն ունի խմբում առաջատարի դերը ստանձնելու: «Բոլոր թիմերը խմբում հավասար հնարավորություններ ունեն։ Եթե Հայաստանը մեզ հետ խաղում հաղթի, ապա կստանձնի առաջատարներից մեկի դերը, սակայն մենք պետք է ջանանք, որ դա տեղի չունենա»,- նշեց Ալվարեսը՝ ավելացնելով, որ Հայաստանի հավաքականն ունի ինքնավստահություն եւ վտանգավոր է ցանկացած մրցակցի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031