Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ՝ ՑԻՆԿԵ ԵՎ ԱՍԲԵՍՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող Հերհեր գյուղը հայտնի է իր պատմական եւ բնական հուշարձանների առատությամբ: Մարզի 640 հուշարձաններից 140-ը գտնվում է այս գյուղի տարածքում: Հերհեր համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ տարեցտարի զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Նրա խոսքով՝ Հերհերի զարգացմանը խոչընդոտում է միայն ճանապարհ չունենալը: Ի տարբերություն հանրապետության այլ համայնքների, այս տարի հերհերցիների այգիները ծփացել են տարբեր տեսակի մրգերով, բայց գյուղացիները շուկայից հեռու լինելու եւ մայրուղուց Հերհեր տանող 12 կմ ճանապարհի՝ անանցանելի լինելու պատճառով չեն կարողանում իրենց ապրանքն իրացնել: Գյուղապետի պնդմամբ, \"\"մեկ անգամ մայրաքաղաքից կամ Լեռնային Ղարաբաղից միրգ գնելու եկած վերավաճառողները երկրորդ անգամ գյուղ մտնել չեն ցանկանում. «Մեր գյուղը բնակլիմայական պայմաններով հարուստ գյուղ է, արտագաղթ չի եղել, բայց հիմա նկատվում է, որովհետեւ ծախսերի 30 տոկոսը մարդիկ մեխանիզմի վրա են ծախսում»: Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղի ճանապարհների վերանորոգումն արդեն քանի տարի է՝ ընդգրկված է «Հազարամյակի մարտահրավերների», «Ասիական զարգացման բանկի» եւ մի շարք այլ ծրագրերում, բայց ինչ-ինչ պատճառներով հարցը մինչ այսօր օդում կախված է մնացել: Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը (նկարում) խնդրի առնչությամբ «Առավոտին» ասաց, որ Հերհերի 12 կմ ճանապարհը կառավարության առաջնահերթ ծրագրերում է, եւ մինչեւ 2012 թվականը խնդիրը կլուծվի: Շուրջ 1000 բնակիչ ունեցող համայնքում խորհրդային տարիներից հետո մանկապարտեզ չի եղել, եւ այդ տարիքի 30-35 երեխաները ստիպված են դպրոց գնալ փողոցից: \"\"Հերհերի միջնակարգ դպրոցի տնօրեն Երվանդ Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզ չլինելու բացը լրացնելու նպատակով ամեն տարի մինչեւ սեպտեմբերի 1-ը, 2-3 ամիս երեխաների հետ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Գյուղը գազիֆիկացված է, Կեչուտի ջրամբարի եւ Հերհեր գետի միջոցով լուծված է նաեւ ոռոգման ջրի խնդիրը, իսկ ահա խմելու ջուրը հերհերցիների համար վտանգավոր է եւ ուռուցքների պատճառ է հանդիսանում: «Ամբողջ հանրապետությունում Հերհերը միակ համայնքն է, որ 50-ական թվականներից կառուցված ցինկե եւ ասբեստե խողովակներով է խմելու ջուրը հասնում տուն, խողովակների կեսն էլ կոտրված է»,- ասաց գյուղապետը: Մարզպետի խոսքերով, այս տարի մարզում բերքի ծավալները նվազել են՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով: Մարզպետից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է այս տարի մարզում կազմակերպվել խաղողի մթերումը: Նա ասաց, որ տարին խաղողագործների համար \"\"բարենպաստ է եղել, նախորդ տարվա շուրջ 3000 տոննա խաղողի փոխարեն այս տարի 4000 տոննա է եղել, որից 2930-ը մթերող կազմակերպությունները գնել են՝ 200-220 դրամով: Նա հավաստիացրեց, որ ոչ մի կազմակերպություն պարտք չի մնացել գյուղացուն եւ բոլորը կանխիկ ստացել են գումարները: Խոսելով Վայքում Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման մասին՝ Ս. Բագրատյանը նշեց, որ ինտերնետ կայքերում եւ միջազգային կազմակերպություններին ներկայացրել են համալիրի ծրագիրը. «Կլինեն ներդրումներ եւ հավանաբար այն կլինի «Թուֆենկյան» բրենդի կարգի շինություն, այսինքն՝ պահպանելու ենք վայոցձորցու մշակույթը եւ աշխարհին ներկայանալու ենք մեր բերք ու բարիքով»:
Հարցրինք՝ արդյո՞ք համալիրի տարածքի ծառերին վտանգ չի սպառնա, մարզպետը հավաստիացրեց՝ ոչ մի ծառ չի կտրվի. «Ես ծառ կտրելը համարում եմ մարդասպանության հավասար գործ»: Ս. Բագրատյանը հավելեց նաեւ, որ շուրջ 3500 գյուղացիներ ստացել են գյուղմթերքների արտադրության, հողի մշակման, ջրելու կուլտուրայի հետ կապված լուրջ կրթություն: Նրա կարծիքով, այսօր գյուղերում թիվ 1 խնդիրը աշխատատեղեր չունենալն է եւ գյուղացին գյուղը լքում է աշխատանք չունենալու պատճառով: Վայքի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝  Զառիթափում էլ, այժմ 1781 բնակիչ է ապրում: Համայնքի 7800 հա տարածքի 700 հա վարելահողի մեծ մասը գյուղացիները չեն մշակում՝ տեխնիկա չունենալու պատճառով: Համայնքի ղեկավար Խաժակ Դավթյանը նշեց, որ այժմ բնակիչները մրգատու ծառերի այգիներ են սկսել հիմնել: Նրա խոսքով, գյուղից արտագաղթը եղել է մինչեւ 2002 թվականը, իսկ այժմ չկա. «Միայն Կրասնոդար երկրամասի մի գյուղում 70 տնտեսություն զառիթափցի կա»:
Գյուղապետի խոսքով, այսօր իր ղեկավարած գյուղում միայն տեխնիկայի պահանջարկ կա. «Եթե դա էլ լինի, մարդիկ հողերը կմշակեն, կաշխատեն, կապրեն»: Նշենք, որ երեկ Զառիթափ համայնքում տեղի ունեցավ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի եւ «Oxfam» ՄԲ-ի Կենսապահովման ծրագրի կողմից կառուցված միրգ-բանջարեղեն պահելու համար նախատեսված 40 տոննա տարողությամբ սառնարանի բացումը:
«Oxfam» ՄԲ միջազգային կազմակերպությունը 2010-2015թթ. ընթացքում աջակցելու է Տավուշի եւ Վայոց ձորի մարզերի 40 համայնքների 4000 փոքր ֆերմերներին: Մթերման կենտրոնը պատկանում եւ ղեկավարվում է «Զառիթափ» եւ «Հերհեր» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների կողմից եւ սպասարկելու է շրջակա մի քանի համայնքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել