Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Չինաստանում նաեւ շոտլանդական վիսկիի լոբբինգ կանի

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"Առաջին անգամ պաշտոնական այցով Չինաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում եղել է շուրջ 50 գործարար: Բրիտանացի վարչապետը այդ այցը որակել է՝ «կենսական կարեւորության առեւտրային առաքելություն»:
BBC-ի մատուցմամբ, սպասվում է, որ Դեւիդ Քեմերոնն իր այցի շրջանակներում, բացի տնտեսական թեմաներից, կանդրադառնա նաեւ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստանի հետ գործարարության համար նպաստավոր պայմանների ստեղծումը բրիտանական արտաքին քաղաքականության առանցքային տարր է համարել: «Մեր ուղերձը շատ պարզ է. Բրիտանիան բաց է գործարարության համար, ունի բիզնեսի հանդեպ բարեկամական վերաբերմունք տածող կառավարություն, եւ ուզում է շատ ավելի ամուր կապեր ունենալ Չինաստանի հետ»,- հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը:
Բրիտանական պատվիրակության կազմում են այնպիսի խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, ինչպիսիք են՝ Rolls-Royce-ը, Barclays-ն ու Diageo-ն: Ոորշ համաձայնագրեր ստորագրելու մասին հաղորդվել էր դեռ մինչեւ վարչապետ Քեմերոնի այցը:
Մեծ Բրիտանիայի գործարարության հարցերով նախարար Բինս Քեյբլը, որը պատվիրակության այցից առաջ էր Պեկին ժամանել, արդեն բրիտանական ցեղական խոզեր Չինաստան արտահանելու մասին համաձայնագիր է ստորագրել: Այդ գործարքը բրիտանական անասնաբուծությանն առաջիկա հինգ տարիներին կապահովի 45 մլն ֆունտ ստերլինգով:
Չինական եւ բրիտանական իշխանությունները պայմանավորվել են, որ Չինաստանում «Սքոտչ» անվան տակ վաճառվեն բացառապես Շոտլանդիայում արտադրված վիսկիները: Ակնկալվում է, որ դա կնպաստի Չինաստանում ալկոհոլային խմիչքների վաճառքի ծավալների ավելացմանը եւ բրիտանացի արտադրողները դրանից տասնյակ միլիոնավոր ֆունտ ստերլինգի եկամուտ կստանան:
Սպասվում է, որ այլ գործարքների մասին կհայտարարվի Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի վարչապետների միջեւ բանակցությունների ավարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել