Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՉԷ՞

Նոյեմբեր 11,2010 00:00

«Մաշտոց» միավորման անդամ Գարեգին Ղազարյանը նոյեմբերի 8-ին վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ մասնավորապես նշելով, որ հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության» մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը հետ վերցնելու պահանջով: Սակայն դատարանը հոկտեմբերի 27-ի որոշմամբ մերժել է հայցադիմումի ընդունումը (որոշումն ստացել է նոյեմբերի 5-ին): Մերժումն էլ պատճառաբանվել է նրանով, որ ներկայացվածը «նյութաիրավական պահանջ չէ եւ, որպես այդպիսին, դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա վեճ չէ», «իսկ հայտը ներկայացնողը սուբյեկտիվ նյութական իրավունքի ենթադրյալ կրողը չէ»: Գարեգին Ղազարյանը վերաքննիչ բողոքում նշել է. «Համոզված եմ, սակայն, որ հիշյալ մերժումն է մերժելի եւ ոչ միայն այն հիմքով, որ հակասում է Հայաստանի անկախության մասին հռչակագրին եւ ՀՀ Սահմանադրությանը, այլեւ հետեւյալ նկատառումներով.
ա) մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում կան, մեղմ ասած՝ վիճելի երեւույթներ ու խնդիրներ (ընդգծում եմ՝ ոչ անպայման անձնական, նյութաիրավական բնույթի), որոնց օրինականությունը, ըստ նշված դատական որոշման իրավական հիմնավորումների, ոչ մի կերպ չի կարելի վիճարկել դատական կարգով, մասնավորապես՝ ընդհանուր իրավասության դատարանում»: Երկրորդ փաստարկը հետեւյալն է, թե ինքը, որպես հայցվոր, ենթակայական նյութական իրավունքի կրող է. «Լինելով ՀՀ քաղաքացի ու մշտական բնակիչ՝ այս պետության թե՛ նյութական, թե՛ իրավական մասն եմ, եւ Հայաստան պետության խախտված, խախտվող, խախտվելիք նյութական իրավունքներն ու համապատասխան նյութաիրավական պահանջներն իմն են նաեւ: Իսկ այդ իրավունքների խախտմանը, իրոք եւ ցավոք, վատագույնս նպաստում են ՀՀ-ում գործող օտարալեզու ուսումնական հաստատությունները»: Գարեգին Ղազարյանը նաեւ նշել է. «Եթե հայցապահանջիս ընդունումը, քննությունն ու բավարարումն անհնար են ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, ապա միգուցե հնարավոր են եւ անհրաժեշտ ՀՀ քրեական դատավարության կարգով, առավել եւս, որ վիճարկվող օրինագծերի պատրաստումը, «առաջին ընթերցմամբ ընդունումը» եւ հետագա ընթացավորումը ենթադրում են, չասելու համար՝ պարտադրում, քրեական գործերի հարուցում (եւ դատաքննություն) ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետական դավաճանությունը», 304-րդ՝ «Վնասարարությունը», 308-րդ՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» հոդվածներով նկարագրված հատկանիշներով, ինչպես նշել եմ ՀՀ գլխավոր դատախազին ուղղածս 22.10.2010թ. դիմումում»: Եվ խնդրել է իր բողոքը քննության առնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել