Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակը» մնում է բարձրագույն խմբում

Նոյեմբեր 19,2010 00:00

Բայց որոշումը դիտարկվե՞լ է  օրինականության տեսանկյունից

Ֆուտբոլի Հայաստանի 20-րդ առաջնությունը հաջորդ մրցաշրջանում ինը մասնակից է ունենալու: Սպասվելիք իրավիճակի «պատասխանատուի» ու «մեղավորի» դերում էլ ՀՖՖ գործկոմն է, որ նախորդ շաբաթ կայացած նիստում որոշում էր ընդունել՝ թույլ տալ «Շիրակին» մասնակցել 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը:

Այս որոշումը գործադիր կոմիտեն հիմնավորեց նրանով, որ ակումբն ունի նոր հովանավոր, ով լայնածավալ աշխատանքներ է կատարում ակումբի ենթակառուցվածքները բարելավելու եւ Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին աջակցելու նպատակով:

Բարի, շատ բարի նպատակներ են, դրական ու լուսավոր, բայց…

Իհարկե, երկար կարելի է վիճել ընդունված որոշման արդարացի լինել-չլինելու մասին, բազմաթիվ փաստարկներ բերել, հիշել «Շիրակի» տեղն ու դերը խորհրդային ու անկախ Հայաստանների ֆուտբոլային կյանքում, բայց նման որոշումները գնահատվում են բացառապես օրինականության կամ անօրինականության դաշտում, այլ ոչ թե արդարության կամ վաստակի, անունների կամ խոստումների:

Իսկ օրինականությունը տվյալ պարագայում սահմանվել է ՀՖՖ «Հայաստանի Հանրապետության ակումբների միջեւ 2010թ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի» 6-րդ հոդվածի 4-րդ կետում, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մրցաշրջանի ավարտին առաջնությունների արդյունքներով բարձրագույն խմբում վերջին տեղը գրաված թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա առաջին խմբում: Առաջին խմբի ավելի բարձր տեղ գրաված թիմը, որի ակումբը հաջորդ մրցաշրջանում ներկայացված չէ բարձրագույն խմբում, իրավունք է ստանում մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը»:

Բայց, ինչպես օրեր առաջ արդեն նշել էինք «Արարատը վերադառնում է» հոդվածում, Հայաստանում մրցումների կազմակերպման ձեւաչափն իր ձեւակերպմանը համապատասխան կիրառում չի ստացել վերոնշյալ հարցում: Թիմերը դուրս են մնում բարձրագույն խմբից՝ առաջնորդվելով սուբյեկտիվ որոշումներով, այլ ոչ թե օրենքով: Մինչդեռ, հենց օրինականությունն է ապահովում երկակի ստանդարտներից ազատումն ու պատմության եւ վաստակի, նպատակների արժեւորումը: Իսկ դրա վառ օրինակներին կարելի է հանդիպել եվրոպական ֆուտբոլի պատմության էջերը թերթելիս: Այդպես, 1973-74թթ. մրցաշրջանում անգլիական պրեմիեր-լիգան լքեց «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաները» մանկունիական դերբիի շրջանակներում առաջնության նախավերջին տուրում պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից» ու կորցրին ուժեղագույնների խմբում մնալու շանսերը: Նրանց վերադարձը կայացավ մեկ տարի հետո: Եվս 11 տարի անց թիմը գլխավորեց հաղթանակների կարոտ Ալեքս Ֆերգյուսոնը…

1999-2000 թթ. մրցաշրջանում իսպանական Պրիմերան լքեց Մադրիդի «Ատլետիկոն»՝ իսպանական ամենատիտղոսակիր թիմերից մեկը: Ընդ որում, «Ատլետիկոյի» սրընթաց անկումը հաջորդել էր 90-ականների երկրորդ կեսին գրանցած չեմպիոնությանն ու առաջին դերերում հանդես գալուն:

1988-ին Թել-Ավիվի «Հապոելը» հերթական նվերը մատուցեց իր երկրպագուներին՝ վաստակելով 11-րդ չեմպիոնական տիտղոսը, իսկ արդեն հաջորդ տարի նույն այդ երկրպագուներին «սառը ցնցուղի» տակ գցեց՝ դուրս մնալով ուժեղագույնների առաջնությունից: Այստեղ, իհարկե, կարեւոր դեր կատարեց 4 միավորային տուգանքը՝ ակումբի ղեկավարության կողմից բյուջեն վարելու գործում անճշտությունների պատճառով: Բայց փաստ է, որ մեկ տարի անց «Ալ Լիգա» վերադառնալով՝ «Հապոելը» միայն 2000 թվականին կարողացավ նվաճել իր 12-րդ տիտղոսը:

Տեղին է հիշել նաեւ ընդամենը 4 տարի առաջ Իտալիայում պայմանավորված խաղերի հետ կապված կոռուպցիոն սկանդալը: Վերջինիս հետաքննության արդյունքում միանգամից 5 թիմ («Ռեջինա», «Լացիո», «Ֆիորենտինա», «Միլան», «Յուվենթուս») տարբեր աստիճանի պատիժների արժանացավ: Իսկ ամենախիստ պատժամիջոցը կիրառվեց «A» սերիան երբեւէ չլքած Թուրինի «Յուվենթուսի» նկատմամբ: «Ծեր սինյորան» զրկվեց չեմպիոնական երկու տիտղոսներից, առաջին անգամ իր պատմության ընթացքում հայտնվեց «B» սերիայում, ընդ որում՝ մինուսային միավորներով: Եվ դա այն պարագայում, որ այդ օրերի «Յուվեում» հանդես էին գալիս աշխարհի նորընծա միանգամից հինգ չեմպիոն… Մի՞թե իտալացի չինովնիկները չէին հասկանում ընդունված որոշման մասշտաբը եւ ըստ արժանվույն չէին գնահատում «Յուվենթուսի» պատմությունն ու դերը իտալական ֆուտբոլում: Դժվար թե: Պարզապես, իտալացիները հիանալի գիտակցում էին, որ իրենց ֆուտբոլի զարգացման ճանապարհը օրինականությունն է եւ ոչ թե անուններին ու արժանիքներին գերի ամենաթողությունը: Նույնն էլ կարելի է ասել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ատլետիկոյի» կամ «Հապոելի» պարագայում:

Իսկ մինչ այդ՝ ֆուտբոլի Հայաստանի 20-րդ առաջնությունը 9 մասնակից կունենա:

Եթե, իհարկե, նոր անակնկալներ չլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել