Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդակ» մաքսակետում

Նոյեմբեր 30,2010 00:00

Անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, մեծ հերթեր են գոյացել Բագրատաշենի մաքսակետում: Ժամը 15-ից մոտ մեկ ժամ անջատված է եղել մաքսակետի էլեկտրական հոսանքի մատակարարումը, եւ ստիպված գործի են դրել դիզելային շարժիչ: Մաքսակետով Հայաստան ելումուտ անող վրացական համարանիշներով մեքենաներին առանձին են գրանցում: Ինտերնետ կապի վատ որակի պատճառով մաքսակետի համակարգիչը դժվարությամբ է գրանցել այդ մեքենաները: Այդ օրը Վրաստանի տարածքից ավտոմեքենայի Բագրատաշեն մուտքը տեւել է երեք ժամ: Մինչդեռ սահմանի այն կողմում՝ Վրաստանում, ամեն ինչ այնքան պարզ է, դյուրին եւ արագ, որ տպավորություն ես ստանում, թե սահմանը հատող չկա: Բայց հազիվ 100 մետր այս կողմ, հենց հասնում ես Հայաստան՝ հերթեր, աղմուկ, երբեմն վեճեր: Ու սա անկախ նրանից, էլեկտրաէներգիան «դվիժոկով» է, թե սովորական:
Բագրատաշենի մաքսակետը Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն է ենթարկվում, իսկ այս մաքսատան ղեկավարը Հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի շրջանային կազմակերպության ղեկավար, նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանն է: Հովիկ Աբովյանը ժամանակին հենց Բագրատաշենի մաքսակետի պետն էր եւ այստեղ փոքրիկ հյուրանոց եւ սրճարան ունի: Հերթերում սպասող մարդիկ կարող են սրտնեղել եւ ճարահատ օգտվել այս սրճարանից, ինչը Հովիկ Աբովյանի սրտով կլինի:
Չնայած Սերժ Սարգսյանի հանձնարարականներին, Բագրատաշենի մաքսակետում իրավիճակը չի փոխվել, «բարդակը» շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել