Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ՝ «ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆՈՎ»

Փետրվար 15,2011 00:00

Տոնը նշվեց այնպես, ինչպես ավանդույթն է պահանջում

\"\"

\"\"Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Տրնդեզը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը՝ Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, եւ հենց այդ կրակով էլ վառում են նաեւ Տյառնընդառաջի խարույկը:
Չնայած տոնի բուն եկեղեցական ծիսակատարություն լինելուն, Տրնդեզը խոր արմատներ ունի նաեւ հասարակության շրջանում: Այդ օրը յուրահատուկ է մասնավորապես նորապսակների, հարսնացուների եւ փեսացուների, ինչպես նաեւ սիրահար զույգերի համար, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի տոնական սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: \"\"Տոնի օրը, ըստ սովորության, նվերներով այցելում են նորապսակներին, նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում, իսկ հետո նրանց վրա շաղ են տալիս չիր, չամիչ, որ քաղցր զույգ լինեն: Ժողովրդական շատ սովորույթներից պահպանվել է նաեւ տոնի օրը ճոխ սեղաններ բացելը:
\"\"Ինչպես քաղաքի տարբեր անկյուններում, չխախտելով տոնի բոլոր ավանդույթները, Տյարընդառաջ տոնը օրերս նշեց նաեւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն:
Ինչպես նշեց հ/կ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, չնայած տոնը մեծ շուքով նշվում է հայկական ընտանիքներում, բայց քչերն են տիրապետում տոնին բնորոշ ուտեստներով ճիշտ սեղաններ դնելուն ու զարդարմանը:
«Մեր նպատակն է, ինչպես կարգն է՝ ըստ հերթականության կատարել ծիսակատարությունը, այս կերպ հասարակությանը ծանոթացնել տոնի կարգին, խորհրդին ու նշանակությանը, այնուհետ տոնին համահունչ հայ ավանդական կերակրատեսակներով պատված սեղանների ցուցադրումը: Այսօրվա միջոցառման բուն նպատակը հայկական խոհանոցի վերածննդի ցուցադրումն է, որն էլ բնորոշ է Տյառնընդառաջին: Լավ է, որ ունենք այս տոնը, բայց պետք է այն ճիշտ նշենք: Միայն խարույկ վառելով եւ վրայով թռչելով չէ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ բերքառատ սեղանը, ըստ նշանակության»:
Միջոցառմանը նախ եւ առաջ «Կարին» երգի-պարի ազգագրական խմբի կատարումների ներքո վառվեց Տյառնընդառաջի խարույկը, ապա կրակի շուրջ խումբը տոնին բնորոշ ազգային մի քանի պար պարեց: Չնայած իրական հարս ու փեսա չկար, սակայն «Հայ խոհարարների» կազմակերպած Տրնդեզն առանց նորապսակների չանցավ. «Կարին» խմբի բեմականացված հարս ու փեսան էլ առաջինը թռան Տրնդեզի խարույկի վրայով, ապա նրանց հաջորդեցին միջոցառման ներկաները՝ մեծից փոքր, զույգերով, թե առանց զույգերի: Միջոցառման կազմակերպիչները չէին մոռացել նաեւ տոնին բնորոշ առատ սեղանների մասին: Խարույկի վրայով թռչելուց հետո ներկաները հրավիրվեցին ֆուրշետի՝ համտեսելու տոնական ուտեստները: Սեղանները լի էին ազգային կերակրատեսակներով՝ գաթա, ղափամա, աղանձ եւ այլն:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի տնօրեն Գարիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տրդեզի սեղանը այդքան էլ չի առանձնանում մյուս տոներից. «Հեթանոսական ժամանակաշրջանում օգտագործվել են զանազան մթերքներ: Դա փոխանցվել է նաեւ մեր օրեր եւ որոշակի սահմանափակումներ չկան: Ամենակարեւորները՝ հայկական ավանդական գաթան է, չպետք է մոռանանք նաեւ ղափաման, ինչպես նաեւ քաղցրավենիքը, որը քաղցրության նշան է, իսկ աղանձը, որը նույնպես կարեւոր բաղադրիչն է՝ Տրնդզեի սեղանի առատության եւ հարստության նշանն է»:
Հյուրերը ուտեստները համտեսելուց հետո միացան «Կարին» խմբին եւ միասին կատարեցին տոնական շուրջպարեր: Ըստ «Կարին» անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանի, ինչպես մյուս տոները, այնպես էլ Տյառնընդառաջի տոնն ունի իրեն բնորոշ պաշտամունքային պարերը. «Ունենք բնապաշտական պարեր, որոնք բնության պաշտամունքի դարաշրջանից են: Օրինակ՝ խոյերի պաշտամունքի պարը քոչարին է, վերվերին՝ թռչունների պաշտամունքի պարը: Այսինքն՝ ինչքան սրբազան երեւույթներ կան՝ ազդել են մեր ամբողջ հետագա պատմության վրա: Իսկ Տրնդեզին մոմերով գյովնդ են պարում. «գյով», «գյովնդ»՝ գունդ բառից է կազմված: Գունդը դա փակ շրջանով պար է: Գունդը համայնքի խորհրդանիշն է, որը փակ շրջանով են պարում, որպեսզի չար ուժերը չներթափանցեն համայնք: Այս առումով առաջին կարեւոր պարը գյովնդն է, որին հետեւում է վերվերին, կրկին փակ շրջանով: Կրակի շուրջ պարտադիր պարում են մոմերով, որից հետո ավելացած մոմերը նետում են կրակի մեջ»: Միջոցառման ընթացքում «Կարինի» կատարմամբ ցուցադրվեցին գյովնդ, վերվերի, Ռոստամ Բազի, Վահագն Աստծուն նվիրված ռազմապար եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել