Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆԻ ԴԱՍԱԺԱՄԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՎԵ՞Ն

Մարտ 29,2011 00:00

Վրաստանի ԿԳ նախարարի եւ գերմանական «Կոնարդ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում: Նախարարը մասնակցել է «Կոնարդ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած՝ Եվրամիության կողմից իրականացվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» տարածաշրջանային ծրագրի աշխատանքներին եւ հանդես եկել բացման խոսքով: Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացնելու եւ դրանց քանակը վրացերենի դասաժամերին հավասարեցնելու շուրջ: Նաեւ Հայաստանի մասնագետները այսուհետեւ կմասնակցեն դասագրքերի՝ վրացերենից հայերեն թարգմանության աշխատանքներին եւ կշարունակվեն նաեւ հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները:
ՀՀ եւ Վրաստանի ԿԳ նախարարները ստորագրել են հուշագիր՝ 2 երկրների ուսանողների համար բուհերում 10 կրթաթոշակ հատկացնելու վերաբերյալ: Ըստ panorama.am-ի, նախարարությունից հայտնել են, որ Ա. Աշոտյանը հանդիպումներ է ունեցել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Կատյա Քրիստինա Պլատեի, Վրաստանի կրթության որակի եւ զարգացման կենտրոնի տնօրեն Դավիթ Կերեսելիձեի, «Ալգորիթմ» ձեռնարկության տնօրեն Գ. Կորոխոշվիլիի հետ: Նախարար Ա. Աշոտյանն այցելել է նաեւ Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարան եւ հանդիպում ունեցել հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ինչպես նաեւ Թբիլիսիի N 104 հայկական դպրոցում հանդիպել է ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել