Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՎԱՍՏԱԿԸ

Մայիս 03,2011 00:00

\"\"Հիրավի, մեծ ու անուրանալի է Ռադիկ Մարտիրոսյանի ավանդն ինչպես մեր երկրի կրթության ու գիտության զարգացման գործում ընդհանրապես, այնպես էլ Երեւանի պետական համալսարանի կյանքում՝ մասնավորապես:

Ռ. Մարտիրոսյանի՝ որպես գիտնականի կայացման գործում կարեւոր դեր է խաղացել նրա ուսումնառությունը ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում (1961-1964թթ.)՝ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորովի ղեկավարությամբ: Այնտեղ ստանալով գիտական առաջին մկրտությունը՝ դեցիմետրային տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեղծման բնագավառում նա կատարել է մի շարք հետազոտություններ: Առանձնահատուկ հիշատակման է արժանի այն իրողությունը, որ ռադիոաստղագիտության մեջ առաջին անգամ կիրառվել է Ռ. Մարտիրոսյանի մշակած՝ 21 սմ ալիքի երկարությամբ լայնաշերտ երկռեզոնատորային քվանտային ուժեղացուցիչը: Նրա խորը գիտելիքները եւ հետաքրքրությունների լայն շրջանակը, բազմակողմանի գործունեությունը, կազմակերպչական տաղանդը գիտնականին հնարավորություն տվեցին ոչ այնքան երկար ժամանակահատվածում հասնելու մինչեւ ակադեմիկոսի աստիճանի, Հայաստանում ստեղծելու համաշխարհային ճանաչում ստացած ռադիոֆիզիկայի դպրոց:
Բազմաբեղուն, խոսուն ու արգասավոր է ականավոր գիտնականի գործունեությունը բնութագրող կենսագրությունը ասպիրանտուրային անմիջականորեն նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում: 1958թ.-ին ավարտելով ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ նա մասնագիտական աշխատանքային կենսագրությունը սկսել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում, այնուհետեւ տեղափոխվել է ՀԽՍՀ ԳԱ նորաստեղծ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ՝ նախ որպես գիտաշխատող, ապա՝ լաբորատորիայի վարիչ, այնուհետեւ՝ գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, իսկ 1980-2006 թվականներին՝ գիտահետազոտական ոլորտում իր դերով հայտնի այդ հիմնարկության տնօրեն: 1964թ.-ին Ռ. Մարտիրոսյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1980թ.-ին՝ դոկտորական ատենախոսություն՝ նվիրված քվանտային ուժեղացուցիչների կիրառությանն ու արդյունավետության բարձրացմանը: Տարածուն է նաեւ գիտնականի հետազոտությունների թեմատիկ ընդգրկվածությունը: Նա հեղինակ է երեք արժեքավոր մենագրությունների եւ 200-ից ավելի գիտական հոդվածների, որոնք ամփոփումն են տարիներ ի վեր կատարած ջանադիր ու հետեւողական աշխատանքի:
Մեծ է Ռ. Մարտիրոսյանի ներդրումը ռադիոաստղագիտական հետազոտություններում քվանտային ուժեղացուցիչների ստեղծման եւ տարբեր ալիքային տիրույթների՝ քվանտային ուժեղացման ֆիզիկական հիմունքների մշակման բնագավառներում: Առաջին անգամ նա է առաջարկել եւ ուսումնասիրել մակարդակների շրջման սխեման, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախությունների երկու ազդանշան: Բարձր զգայունության ընդունիչ համակարգերի մշակման եւ ներդրման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար 1988թ.-ին Ռ. Մարտիրոսյանը գիտության եւ տեխնիկայի բնագավառում արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, իսկ միլիմետրական տիրույթում քվանտային ուժեղացման հիմունքներին նվիրված հիմնարար հետազոտությունների համար 1989 թ.-ին գիտության եւ տեխնիկայի բնագավառում նրան շնորհվել է նաեւ Ուկրաինայի պետական մրցանակ:
Աշխատելով ՀՀ ԳԱԱ-ում եւ ԵՊՀ-ում՝ Ռ. Մարտիրոսյանն առանձնահատուկ կարեւորել է միջազգային համագործակցությունը: 25 տարուց ավելի նա ղեկավարել է Հայաստանի ԳԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը, երկար տարիների ընթացքում սերտորեն համագործակցել ՌԴ ԳԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ: Չափազանց բեղմնավոր էր վերոհիշյալ համագործակցությունը հատկապես երկրի ներքին պաշարների ուսումնասիրությանը նվիրված «Ինտերկոսմոս» ծրագրերի շրջանակներում: Ռ. Մարտիրոսյանի գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված գերբարձր հաճախային ռադիոմետրական սարքավորումները՝ բարձր զգայունության ռադիոընդունիչ սարքերը, լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» եւ «Օկեան» միջազգային գիտական ծրագրերում, ինչպես նաեւ ռադիոաստղագիտական եւ բժշկակենսաբանական հետազոտություններում: Բավականաչափ արդյունավետ է եղել նրա մասնակցությունը տիեզերական տարածության ուսումնասիրություններին նվիրված ծրագրերին: Ռ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծված սարքավորումները հաջողությամբ օգտագործվեցին տիեզերագնաց սարքերում: Մասնավորապես նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծված սարքավորումների օգնությամբ Վեներայի մթնոլորտում գործող աերոզոնդերի հետագծերը մեծ ճշգրտությամբ չափելու հնարավորություն է ընձեռվել:
Հանձինս Ռ. Մարտիրոսյանի՝ տիեզերական կապի մի շարք մշտական խնդիրներ ստացան իրենց գիտական ճշգրիտ լուծումները՝ շնորհիվ նոր ընդունիչ համակարգերի կիրառման թե՛ միութենական եւ թե՛ միջազգային տիեզերական կարեւորագույն ծրագրերում: Տիեզերքի հետազոտման ուղղությամբ կատարված այդ աշխատանքների համար ԽՍՀՄ տիեզերագնացության ֆեդերացիայի բյուրոյի նախագահության որոշմամբ նա 1987 թ.-ին արժանացել է նաեւ Յու. Գագարինի անվան ոսկե հուշամեդալի:
Այս ամենին զուգահեռ՝ ՀԳԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում քվանտային ուժեղացուցիչների ստեղծման եւ տարբեր ալիքային տիրույթների քվանտային ուժեղացման ֆիզիկական հիմունքների մշակման բնագավառում Ռ. Մարտիրոսյանը հիմնադրեց գիտական նոր ուղղություն՝ առաջինը հայտնաբերելով էներգետիկ մակարդակների գերբնակեցման նոր սխեմաներ, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ ուժեղացնելու տարբեր հաճախությունների երկու ազդանշաններ: Նրա ղեկավարությամբ մշակված ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը հաջողությամբ օգտագործվել է երկրի ամենամեծ՝ ՌԱՏԱՆ-600 ռադիոդիտակում, որը 14 անգամ բարձրացրել է ընդունիչ համակարգի զգայունությունը:
Ռ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ կատարված գիտական մշակումները լայն ճանաչում ունեն ԱՊՀ եւ արտասահմանյան երկրներում, որոնց գիտական մի շարք կենտրոնների հետ կնքվել են համաձայնագրեր, եւ համատեղ կատարվում են արդյունավետ հետազոտություններ:
Ռ. Մարտիրոսյանի՝ որպես գիտության կազմակերպչի գործունեության մյուս ուղղությունը, կատարված հետազոտությունների արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է: Նրա անմիջական ղեկավարությամբ Գորիսում հիմնված գործարանն արտադրում է անկյան թվային փոխակերպիչներ, որոնք լայն կիրառություն ունեն ժողտնտեսության տարբեր բնագավառներում: 1988թ.-ին՝ այն ժամանակ դեռեւս ԼՂԻՄ-ի մարզկենտրոն Ստեփանակերտում եւս կազմակերպվել է Ռ. Մարտիրոսյանի ղեկավարած ինստիտուտի գիտահետազոտական բաժինը, որտեղ աշխատում են նաեւ Երեւանից գործուղված մասնագետներ: Այդ բաժնի ներդրումը մեծ է հատկապես ռազմական տեխնիկայի բարդ համակարգերի վերանորոգման գործում, ինչը ժամանակին այնքան անհրաժեշտ էր Արցախի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում:
Արժեքավոր է Ռադիկ Մարտիրոսյան անհատի ներդրումը նաեւ բարձրագույն կրթության զարգացման գործում: 1965թ.-ից ի վեր նա դասավանդում է ԵՊՀ-ում, ընդհանուր եւ հատուկ դասընթացներ է վարում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: Նրա նախաձեռնությամբ 1983 թ.-ին այդ ֆակուլտետում կազմակերպվել է Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի ամբիոնը, որը որոշ ընդմիջումով (1986-2006 թթ.) ղեկավարում է առայսօր: Ռ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ երիտասարդ մի շարք գիտնականներ պաշտպանել են դոկտորական եւ թեկնածուական ատենախոսություններ: Նա ֆիզիկայի մասնագիտությամբ մի շարք ուղղություններով ԵՊՀ եւ ՀՀ ԳԱԱ դոկտորական ու թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նախագահն է, գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ, ՀՀ ԳԱԱ «Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիրը, բազմաթիվ գիտաժողովների ու կոնֆերանսների ակտիվ մասնակիցն ու կազմակերպիչը:
1993-2006 թվականներին ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը ղեկավարել է ԵՊՀ-ն: Այդ ընթացքում գիտնական-մանկավարժի նրա հմտություններին զուգակցվել են նաեւ եռանդուն կազմակերպչի ունակությունները: Հատկապես մեր երկրի համար ծանր տարիներին եւ դրանից հետո նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում իրականացվել են ուսումնակրթական ու գիտամշակութային առաջընթացին միտված բազմաթիվ ծրագրեր: Այդ առումով առաջին կարեւոր ձեռնարկումը, թերեւս, ԵՊՀ-ին առնչվող օրենսդրության նախագծի վերանայումն էր, որը, ի վերջո, ՀՀ կառավարության կողմից հաստատվեց 1996թ.-ին: Նրա ռեկտոր եղած ժամանակաշրջանում ԵՊՀ-ում բացվել են նոր ֆակուլտետներ (աստվածաբանության, միջազգային հարաբերությունների, ժուռնալիստիկայի, սոցիոլոգիայի), մի շարք մասնագիտություններ (քաղաքագիտություն, հոգեբանություն, արվեստաբանություն եւ այլն): Համալսարանական կառույցի ընդլայնման կարեւորագույն իրողություններից էր նաեւ 1994 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Իջեւան քաղաքում ԵՊՀ-ի մասնաճյուղի հիմնադրումը: Նրա ջանքերով են ստեղծվել նաեւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ն, «ԵՊՀ բարեկամների միությունը» եւ հասարակական-մշակութային այլ կազմակերպություններ:
Ռ. Մարտիրոսյանի պաշտոնավարման ընթացքում ԵՊՀ-ում խոշոր քայլեր են արվել նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան համալսարանական կրթություն ու գիտություն ապահովելու համար՝ անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծման ուղղությամբ: Բուհը հնարավորինս ապահովվել է ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, համակարգչային ցանցով, ուսումնամեթոդական գրականությամբ: Կատարվել են շինարարական ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներ: Մեծ է Ռ. Մարտիրոսյանի ներդրումը նաեւ միջազգային գիտակրթական եւ մշակութային կառույցների հետ՝ ԵՊՀ-ի արդյունավետ համագործակցության բնագավառում: Տարիներ շարունակ նա եղել է համալսարանների միջազգային եւ համաեվրոպական ընկերակցությունների խորհուրդների լիիրավ անդամ, Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ՝ միջազգային համագործակցության ասպարեզում ակտիվ գործունեության եւ հաջողությունների համար 1998թ.-ին արժանանալով Համալսարանների նախագահների միջազգային ընկերակցության պատվոգրին:
Արդյունավետ է անվանի գիտնականի գործունեությունը նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում: Կարճ ժամանակում ծանոթանալով ՀՀ ԳԱԱ-ի հոգսերին ու կարիքներին՝ նա կարողանում է նոր մարտահրավերների առջեւ կանգնած ՀՀ ԳԱԱ-ն դժվարին կացությունից դուրս բերելու ուղիներ մշակել: Կրկին հանդես բերելով հմուտ ղեկավարի եւ եռանդուն ու կամային հատկանիշներով օժտված կազմակերպչի ունակություններ՝ այս անգամ արդեն ՀՀ ԳԱԱ -ի համար կարեւորագույն մի փուլում նրա նախաձեռնությամբ իրականացվեցին գիտակրթական եւ ինստիտուցիոնալ առաջընթացին միտված բազմաթիվ ծրագրեր:
Հայրենական բարձրագույն կրթությանն ու գիտությանը մատուցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաեւ հասարակական ակտիվ գործունեության համար ակադեմիկոսն արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների ու շքանշանների, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Նա պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն» եւ «Պատվո նշան» շքանշաններով, գիտական ուսումնասիրությունների եւ բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար՝ ԵՊՀ մեդալով: Անտարակույս, շնորհված բոլոր պարգեւներն ու կոչումները գիտնականի վաստակի արժանի գնահատականներն են, որոնք նաեւ պարտավորեցնող ու եռանդուն գործունեության խթան են:
Ծննդյան 75-ամյա տարեդարձի առթիվ շնորհավորելով ականավոր գիտնականին՝ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին, մաղթում ենք քաջառողջություն, տոկունություն, բազում հաջողություններ, անսպառ եռանդ ու երջանկություն:

Ա. Հ. ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթ.
անդամ, պրոֆեսոր
ՅՈՒ. Լ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի
ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել