Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՆՎԱԾ Է

Մայիս 03,2011 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Պակիստանում ամերիկյան զորքերի՝ ծովային հետեւակի հատուկ ստորաբաժանման իրականացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Նրա մարմինը գտնվում է ամերիկացիների ձեռքում: Վաշինգտոնը նաեւ հայտարարել է, որ անցկացնում է սպանվածի ԴՆԹ-ի հետազոտություն, իսկ նրա անձը նույնականացնելու հարցում հատուկ ծառայություններն օգտագործել են հատուկ տեխնոլոգիաներ: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ ԿՀՎ նախկին օպերատիվ աշխատակից Բոբ Բայերը BBC-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե դժվար թե երբեւէ բացահայտվեն հետախուզական այն աղբյուրները, որոնց տվյալները հնարավորություն են տվել իրականացնել այդ գործողությունը: Բայերի ասելով, բեն Լադենի մահը «շատ կարեւոր խորհրդանշանակ արդյունք է եւ մեծ հաջողություն ԱՄՆ-ի համար»:
«Արդարադատությունն իրականացավ»,- ըստ աղբյուրի, կիրակի երեկոյան իր հատուկ ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Իրականացված գործողության դերակատարներին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, թե բեն Լադենը սպանվել է գլխին արձակված կրակոցից: «Ալ-Քաիդայի» մահը հաստատել են նաեւ Պակիստանի իշխանությունները:
Reuters-ը՝ հիշեցնելով, որ բեն Լադենը 2001թ. սեպտեմբերի 11-ի՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաաղմկահարույց ահաբեկչության հեղինակն է, փոխանցում է, թե աշխարհի թիվ մեկ ահաբեկչի նկատմամբ ԱՄՆ հատուկ ծառայություններն արդեն 10 տարի «որս» էին հայտարարել: Ամերիկացիներն այդ լուրը ցնծությամբ են ընդունել եւ չնայած ուշ ժամին՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ինքնաբուխ տոնակատարություններ են եղել: Բեն Լադենի նկատմամբ հաջող «որսը» վերջին երկու տարիների ընթացքում առաջին ամենախոշոր հաղթանակն էր ԱՄՆ ազգային անվտանգության համատեքստում, որը, Reuters-ի մատուցմամբ, կարող է բարձրացնել Օբամայի վարկանիշը 2012-ին սպասվող նախագահական ընտրություններից առաջ, որոնց նա մասնակցելու մտադրություն է հայտնել: Մյուս կողմից, Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող հանգստավայրային քաղաքի էլիտար թաղամասում գտնվող առանձնատան գրոհը կարող է բարդացնել Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ առանց այն էլ լարված հարաբերությունները՝ քանի որ Պակիստանի իշխանությունները բեն Լադենի դեմ ձեռնարկված գործողության մասին իմացել են միայն դրա ավարտից հետո: Բեն Լադենին ոչնչացրել են Աբբոտաբադ քաղաքի առանձնատներից մեկում՝ Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա:
Բացի բեն Լադենից, նրա առանձնատան վրա կատարված 40 րոպեանոց գրոհի արդյունքում զոհվել են նաեւ նրա տղան եւ եւս երկու տղամարդ ու մի կին: Գործողությանը մասնակցած բոլոր ամերիկացիները կենդանի են, բայց տեխնիկական անսարքության արդյունքում կորցրել են մեկ ուղղաթիռ: Այդ փաստը հաստատել է նաեւ Վաշինգտոնը:
Օբաման ասել է, թե առանձնատունը, որտեղ ապրել է բեն Լադենը, ամերիկյան հետախուզությունը ի հայտ էր բերել 2010թ. օգոստոսին: Մեկ մլն դոլար արժողությամբ հսկայական ամրոց-առանձնատունը ապահովված է եղել անվտանգության մի քանի մակարդակներով, շրջափակված փշալարերով եւ կրկնակի դարպասով: Տանը չի եղել ո՛չ հեռախոս, ո՛չ համացանց, նույնիսկ աղբը առանձնատան սահմաններից դուրս չի բերվել, այլ տեղում այրվել է: Առանձնատան դիտարկումը ամերիկացներին համոզել է, որ այնտեղ բեն Լադենն է ապրում, իսկ արդեն անցած ուրբաթ օրը Օբաման հրաման էր արձակել՝ բռնել կամ սպանել բեն Լադենին:
BBC-ն, վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, փոխանցում է նաեւ, թե ԱՄՆ իշխանությունները որոշել են հուղարկավորությունը կատարել մահմեդական ավանդույթներով՝ մահից հետո 24 ժամվա ընթացքում, ու բեն Լադենին արդեն թաղել են ծովում, որպեսզի նրա հետնորդները Ուսամայի թաղման տեղն ուխտագնացության վայր չդարձնեն:
ԱՄՆ դեպարտամենտն արդեն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես կարող են փակվել ԱՄՆ-ի՝ արտերկրում գտնվող դեսպանատները: ԱՄՆ-ն անհանգստացած է, որ «թիվ մեկ ահաբեկիչ», «Ալ-Քաիդայի» դեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո կարող են հակաամերիկյան գործողություններ իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել