Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը՝ ըստ Սիդորովի

Մայիս 04,2011 00:00

Նկարահանվող ֆիլմի անունն արդեն հայտնի է՝  «Այս աչքերը տեսել են ցեղասպանությունը»

\"\"«Առավոտը» նախորդ համարներում գրել էր, որ Երեւան են գալիս ռուսական հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության փորձառու մասնագետները: Նրանցից մեկը, օրինակ՝ հեռուստաընկերության փրայմ-թայմ հեռարձակման գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, անչափ տպավորվել էր Հայաստանով՝ հայոց պատմությամբ ու մշակույթով, հայկական կոնյակով ու մշակութային հուշարձաններով:

Բացի Էջմիածնից, Սեւանա լճից, Գառնիից ու Գեղարդից, հյուրերը այցելել էին Հայոց ցեղասպանության թանգարան, ծաղիկներ դրել Եղեռնի հուշահամալիրի անմար կրակի առջեւ՝ երդվելով, որ մեր երկիր նորից կգան:

«ՕՐԴՖԻԼՄ» ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Երեւան գալու պատրաստակամություն է հայտնել Ստանիսլավ Սիդորովը: Վերջինս մի լայնածավալ վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափար ունի: Հեռախոսով զրուցեցինք Ստանիսլավ Սիդորովի հետ:

Հարցին, թե պարոն Սիդորովը ի՞նչ ֆիլմ է ցանկանում նկարահանել, նա պատասխանեց. «Երբ ես ինքնաթիռում էի, հեռանում էի Հայաստանից, տպավորությունները շատ մեծ էին: Ազդեցիկ էր հատկապես Ցեղասպանության թանգարանում անցկացրած ժամանակը: Ես հայոց պատմության այս սեւ էջի մասին միայն մի քանի բան գիտեի: Որոշեցի Մոսկվա հասնելուն պես զբաղվել այդ գործով, եւ մի քանի օրից արդեն Երեւանում կլինեմ՝ էկրանավորելու թղթի վրա ունեցած գաղափարս»:

Ս. Սիդորովն ասում է, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր շատերն են նկարահանել, մեկի մոտ հաջող է ստացվել, մյուսի մոտ՝ ոչ այնքան, դրա համար ինքը ցանկանում է առանց մեկնաբանությունների մատուցել ասելիքը, ֆիլմն էլ ցուցադրել ոչ միայն ռուսական «HTB»-ի շրջանակներում, այլեւ ներկայացնել միջազգային հեղինակավոր կինոփառատոների: «Ես մի սկզբունք եմ որդեգրել: Եթե անում եմ մի գործ, ապա պետք է որակով ու լավ անեմ: Մենք հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Հայաստանում դեռ կան ցեղասպանության վկաներ… Հիմնականում ներկայացնելու եմ վավերագրական, զգայացունց կադրեր. ինքս վավերագրության կողմնակից եմ»,- նշում է Ս. Սիդորովը:

Նա հետեւյալ կարծիքի է. «Ֆիլմում պետք է շեշտվեն մարդկանց աչքերը, կարգախոսը, որը հավակնում է դառնալ նաեւ ֆիլմի վերնագիրը, մոտավորապես այսպես է ձեւակերպվում. «…Այս աչքերը տեսել են ցեղասպանությունը» կամ էլ՝ «Աչքերը՝ արցունքով լցված»: Եվ հերոսների խոսքերի ժամանակ ենթագրերից երեւալու է, թե, օրինակ, քանի մարդ է ցեղասպանության զոհ գնացել, քանիսը կենդանի մնացել եւ այլն»:

Ռեժիսորը ուրախ է, որ Երեւանում իրեն ուղեկցելու են «ՕՐԴՖԻԼՄԻ» ընկեր- գործընկերները, առանձնակի անկեղծությամբ է նշում. «Եթե տղաները չլինեին, դժվար թե այս նախագիծը կարողանայի այսքան շուտ իրականացնել: Ես Երեւան եմ գալու մեն-մենակ: Օպերատորական աշխատանքները իր ուսերին է վերցրել երեւանաբնակ իմ վստահելի ընկեր-գործընկերներից մեկը՝ Ալեք Հովհաննիսյանը: Իսկ Հայկ Օրդյանը իր ռեժիսորական աչքով կօգնի ինձ իրականացնելու հայաստանյան նկարահանումները»:

Ստանիսլավ Սիդորովը հայաստանյան նկարահանումներով չի սահմանափակվելու, նկարելու է Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, եւ, միանշանակ, Թուրքիայում: «Ականատեսների վկայությունների հիման վրա ներկայացնելու ենք նաեւ հարցազրույցներ հայտնի պատմաբանների հետ: Աշխարհի տարբեր անկյուններում, եթե հաջողվի, կնկարահանենք նաեւ ցեղասպանությունից փրկված հայերի»:

Հարցին՝ ֆիլմում լրագրող լինելո՞ւ է, Ստանիսլավ Սիդորովը ժպիտով ասում է. «Այդ մասին շատ երկար եմ մտածել: Ո՞վ կարող է ավելի լավ ներկայանալ ֆիլմում՝ որպես լրագրող: Եվ այս օրերին ես մի հետաքրքիր լուծում գտա՝ իսկ ինչո՞ւ չներկայացնել հայի: Ամենայն հավանականությամբ, լրագրողի աշխատանքը ֆիլմում կվստահեմ հայազգի Տիգրան Քյոսայանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել