Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ՞

Մայիս 04,2011 00:00

\"\"Եվս մեկ կոմպոզիտորների կազմակերպությունԿոմպոզիտորների

երկու միություններին վերջերս ավելացավ եւս մեկը՝ Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորումը: Առատությունը լավ բան է, մանավանդ, եթե այս միությունները իրար չեն խանգարում: Ի դեպ, «Առավոտի» հետ զրուցած արվեստագետների գերակշռող մասի կարծիքով, առատությունը նաեւ արդյունք է այն բանի, որ ավանդական միություններում ինչ-որ բան, այնուամենայնիվ, այնպես չէ:

«Առավոտը» հանդիպեց կոմպոզիտոր, նորաստեղծ Հայ երիտասարդ կոմպոզիտորների եւ կատարողների միավորման հիմնադիր նախագահ Արսեն Բաբաջանյանի հետ:

Ողջունելի է, որ երիտասարդ կոմպոզիտորները միավորվում ու ստեղծում են իրենց միությունը, իսկ մի՞թե հնարավոր չէր, օրինակ, Ռ. Ամիրխանյանի ղեկավարած Կոմպոզիտորների ավանդական միության կառույցում ստեղծել երիտասարդական բաժանմունք, այսպես նաեւ թարմություն բերելով միության գործունեությանը: Ըստ Ա. Բաբաջանյանի, ցանկալի էր իրենց գործունեությունը կոնկրետ Կոմպոզիտորների միության հետ, բայց քանի որ չեն գտել համագործակցության եզրեր, հիմնել են իրենց միավորումը: Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի ղեկավարած Հայկական երաժշտական համաժողովին, մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենք դեռեւս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին են ոչ միայն համագործակցել, այլեւ աջակցություն ստացել համաժողովից, սակայն վերջինիս ձեւաչափը այլ է:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ իրենց միությունը հանդես է գալու հեղափոխական գաղափարներով, երիտասարդ կոմպոզիտորը պատասխանեց. «Հեծանիվ չենք հնարելու, ուղղակի փորձում ենք ժամանակին հորինված հեծանիվը ճիշտ վարել»: Հետաքրքրվեցինք՝ երիտասարդ կոմպոզիտորների թիվը մի՞թե այնքան էր, որ անհրաժեշտ էր նոր միավորում, մանավանդ 2010թ. Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարան է ընդունվել ընդամենը 1 ուսանող, Ա. Բաբաջանյանը հայտնեց հետեւյալը. «2008թ. ՀՀ կոմպոզիտորների միության կողմից անցկացված փառատոնին մասնակցում էր 25 ստեղծագործող: Կոնսերվատորիայում իմ ուսումնառության տարիներին կուրսում 7 կոմպոզիտոր էինք… Ի վերջո, խնդիրը քանակի մեջ չէ, այլ որակի, իսկ ամենացավոտ հարցն այն է, որ սերնդակիցներս, հասկանալի պատճառներով, հեռանում են հայրենիքից»:

Թե ինչ է հասցրել անել միավորումը, կոմպոզիտորն ասաց. «Ժամանակին գործընկերներիս՝ Քաջիկ Գրիգորյանի, Անդրանիկ Ֆատալյանի, Գեւորգ Բադալյանի հետ համախմբվեցինք միեւնույն գաղափարի շուրջ եւ արդեն մեկ տարի հետո՝ 2010թ. ծավալեցինք գործունեություն: Առաջին նախագծերը իրականացրինք մայրաքաղաքի եւ մարզային կրթօջախներում, ներկայացնելով չորս կոմպոզիտորներիս ստեղծագործությունները: Դրանց տպագիր «ձեռագրերը» նվիրաբերեցինք դպրոցներին, գրադարաններին եւ հանդիսատեսին: Այս տարի շարունակեցինք այդ նախագիծը, արդեն ներկայացնելով մեր ավագների երկերը: Անցյալ տարի, օրինակ, կազմակերպեցինք երեկո՝ «Երիտասարդ կոմպոզիտորների համերգ՝ սեփական նախաձեռնությամբ» խորագրով, ինչը նոր անուններով կրկնեցինք նաեւ այս տարի: Նաեւ համերգներ ենք անցկացրել՝ հնչեցնելով կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի շուրջ 20 ուսանողների երկերը: Կազմակերպել ենք անվանի կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 80 եւ կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի մանկավարժական գործունեության 50-ամյակներին նվիրված երեկոներ, որոնց, չգիտես ինչու, մշակույթի նախարարությունը մինչ օրս չի անդրադարձել»: Հետաքրքրվեցինք, թե պատկան մարմիններից մինչ օրս երիտասարդները որեւէ աջակցություն ստացե՞լ են: Ա. Բաբաջանյանի պատասխանը հետեւյալն էր. «Մշակույթի նախարարությունից մեկ անգամ՝ մարզերում դպրոցական ծրագրեր իրականացնելիս եւ Քեչեկի երեկոն անցկացրել ենք կոնսերվատորիայի հետ համատեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել