Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտուր՝ Չարենցի «քթի» տակ

Մայիս 04,2011 00:00

\"\"Մաշտոցի պողոտայում գտնվող Չարեցի տուն-թանգարանի դիմաց երկու օր է՝ ծաղիկների վաճառքի տաղավար է տեղադրված: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում անհանգստություն հայտնեց, որ դա դիտմամբ տեղադրվել է երկուշաբթի օրը, երբ թանգարանը չի աշխատել. «Երբ այսօր մոտեցա ծաղիկներ վաճառող երիտասարդին ու հարցրի՝ ունե՞ք առեւտուր իրականացնելու թույլտվություն, ասաց՝ այո՛: Խնդրեցի ցույց տալ, ասաց՝ ում որ պետք է՝ նրան ցույց ենք տվել…»:

Ծաղկավաճառը նույնկերպ վարվեց նաեւ մեզ հետ: Լ. Հակոբյանը նշեց, որ վերը նշված հարցով ցանկանում է դիմել Երեւանի քաղաքապետին. «Կարեւոր չէ՝ այստեղ ծաղի՞կ են վաճառում, թե՞ սննդամթերք. թանգարանի շքամուտքի առջեւի այդ փոքրիկ կանաչ մասը, որը մեզ եւ այցելուի համար օազիսի պես մի բան է, գոնե պահպանեն: Մի անգամ էլ էին տաղավար տեղադրել՝ թերթեր, ամսագրեր եւ գրքեր վաճառելու համար, բողոքեցինք եւ հանեցին, քանի որ պոռնոամսագրեր էլ էին վաճառում: Կարծում եմ՝ չի կարելի այսպես վարվել Չարենցի հետ: Ախր հենց նույն տարածքում Կարսից հող եւ ջուր ենք բերել, եղեւնի տնկել, թանգարանի շքամուտքում էլ կանգնեցրել Չարենցի պատգամով ցուցատախտակը՝ «Ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ հանկարծ բերում են ու այդ եղեւնու կողքին ծաղկի վաճառք են կազմակերպում: Բնական է, որ ամռանը, երբ բացենք թանգարանի դռները, ծաղիկների մնացորդների ու աղբի պատճառով ճանճերը լցվելու են թանգարան»:

Լ. Հակոբյանը գտնում է, որ թանգարանի շքամուտքի կանաչապատ հատվածը պետք է անձեռնմխելի լինի, մինչդեռ նա «Առավոտին» ներկայացրեց մի քարտեզ, որտեղ գծագրված է թանգարանի անմիջապես դիմացով անցնող հնարավոր ավտոճանապարհի շինությունը. «Այս քարտեզն ինձ տվել են մի քանի ճարտարապետներ: Ըստ քարտեզի, թանգարանի շքամուտքի մոտ գտնվող պուրակի տեղում ավտոճանապարհ է կառուցվելու: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու»:

Քաղաքապետարանից հարցի առնչությամբ խոստացան մեկնաբանություն տալ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել