Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՌԱՆԸ ԿՏՐՎԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԵԿՆԱՐԿԸ

Մայիս 04,2011 00:00

\"\"Օգոստոսի 13-21-ը Հայաստանում կանցկացվեն Համահայկական 5-րդ՝ հոբելյանական խաղերը

Աշխարհի մարզական քարտեզի վրա սա բացառիկ երեւույթ է եւ, գուցե նույնիսկ՝ միակ դեպքը, երբ օլիմպիական խաղերի կազմակերպման սկզբունքով, մի ազգի ներկայացուցիչները չորս տարին մեկ հավաքվում են Մայր հայրենիքում եւ շուրջ երկու շաբաթ պայքարում 10 մարզաձեւերում: Դրա համար է, որ մարզական այս խոշոր իրադարձությանը տրվում է նաեւ «Համահայկական օլիմպիական խաղեր» անվանումը: Երեկ հանդիպեցի Համահայկական համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանին:

– Պարոն Գրիգորյան, երբ 1999 թվականին տրվում էր 1-ին խաղերի մեկնարկը, դրա ակունքում կանգնած անձինք երկու հիմնական նպատակ էին դրել իրենց առջեւ՝ սպորտի միջոցով սփյուռքի մեր հայրենակիցներին, հատկապես երիտասարդներին բերել Հայաստան եւ կապել հայրենիքին, ապա՝ այդպես աշխուժացնել հանրապետության մարզական կյանքն ու արտասահմանում բնակվող լավագույն հայ մարզիկներին հայաստանյան թիմեր եւ ազգային հավաքականներ ընդգրկելու հեռանկարներ բացել: Անցած 12 տարիներին ակնկալիքներն արդարացե՞լ են:

– Միանշանակ՝ այո: Կայացած չորս Խաղերում՝ մեկնարկից մեկնարկ, ավելանում է թե մասնակից մարզիկների, հյուրերի, թե երկրների եւ քաղաքների թիվը: Եթե առաջին երեք Խաղերում, բացի մարզական ցուցանիշից, պակաս կարեւորություն չէր տրվում արտասահմանում բնակվող մեր երիտասարդ հայրենակիցների համար առաջին անգամ Հայաստան գալու առիթ ստեղծելուն, հիմա այդպիսի խնդիր այլեւս չկա: Աշխարհով մեկ սփռված հազարավոր հայ երիտասարդներ են կապվել հայրենիքին: Ավելին ասեմ, Համահայկական խաղերի ընթացքում եւ դրանց արանքում հարսանիքներ են եղել: Իսկ ինչ վերաբերում է սպորտին, այստեղ էլ որակական կտրուկ աճ ունենք՝ հատկապես բասկետբոլում եւ ֆուտբոլում: Ու պատահական չէ, որ այս երկու մարզաձեւերում կազմակերպում ենք միջանկյալ մրցումներ:

– Ասացիք, որ մասնակցության քանակն ավելանում է: Օրինակներ կբերե՞ք:

– Գիտեք, որ Խաղերին մասնակցելու հայտերը գրանցվում են քաղաքներով, ապա՝ երկրներով: Չորրորդ Խաղերից հետո ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել տարբեր աշխարհամասերում գործող հայկական համայնքների հետ: Օրինակ, դրանց արդյունքում Մոնտեվիդեոյում հիմնվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի նոր օղակ, որը աշխատանքներն է կոորդինացնում Հարավային Ամերիկայում, զբաղվում է նորանոր քաղաքներ եւ թիմեր ներգրավելով: Նոր օղակ ենք հիմնել նաեւ Փարիզում: Տեղյակ եք, որ ֆրանսահայերը մեր ամենաակտիվ մասնակիցներն են, սակայն այս ընթացքում Փարիզն է պասիվ եղել: Հիմա այդ բացն էլ է լրացվում: Հայաստանում շատերն են ճանաչում նորվեգաբնակ Ջիմի Վարթիվարյանին՝ մարդ, որը բնակվելով Հայաստանից շատ հեռու, հայկական սպորտի մեծ նվիրյալներից է ու ամենագործուն աջակիցը: Նա տարիներ շարունակ նախաձեռնել եւ կազմակերպել է տարբեր մարզաձեւերի հայաստանցի մարզիկների մասնակցությունը Նորվեգիայում անցկացվող միջազգային մրցումներին: Ես նրա հետ հաճախակի եմ հեռախոսով զրուցում: Վերջին անգամ Ջիմին հետաքրքրվում էր, թե ինչ է հարկավոր անել Համահայկական խաղերին թիմեր ներկայացնելու համար: Հիմա ես մտադիր եմ մայիսի 31-ին կայանալիք Համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստում նրան առաջադրել որպես Նորվեգիայում եւ սկանդինավյան երկրներում մեր լիազոր ներկայացուցիչ:

– Այս տարվա Խաղերի նախապատրաստությունն ինչպե՞ս է ընթանում:

– Մեկ տարի առաջ հրավիրված գործկոմի նիստում որոշվեցին 5-րդ խաղերի անցկացման ժամկետները, քննարկվեցին կազմակերպչական բազում հարցեր: Դրանից հետո բավականին աշխատանքներ կատարվել են ու դեռ շարունակվում են: Մասնավորապես, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հետ կայացել է համատեղ նիստ, որում հստակեցվել են մարզական կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքներն ու մանրամասները: Տրվել են հանձնարարականներ ֆեդերացիաներին: Նշածս մայիսի 31-ին հրավիրված գործկոմի նիստում արդեն անելիքները վերջնականապես կկոնկրետացվեն: Դրանից հետո ծրագիրը կներկայացնենք կառավարություն՝ նաեւ Խաղերի կառավարական հանձնաժողով ստեղծելու համար: Հանձնաժողովում կընդգրկվեն բոլոր շահագրգիռ ու պատասխանատու գերատեսչությունները:

– Նախորդ Խաղերի ժամանակ Հայաստան ժամանած հյուրերը դժգոհ էին մեր հյուրանոցային տնտեսության եւ սպասարկումների գներից: Այս հարցում ինչ-որ բան կարգավորվե՞լ է:

– Դեռ առաջին խաղերի նախապատրաստման ժամանակ սփյուռքի մեր համակարգողները ցանկություն էին հայտնել, որ իրենք անձամբ հարաբերվեն ձեր նշած ոլորտների հետ: Ու այդպիսի որոշում ընդունվել է: Դրա համար Համաշխարհային կոմիտեն այդ հարցին չի միջամտել: Այ, հիմա էլ նրանք են անմիջականորեն բանակցում այդ ոլորտների պատասխանատուների հետ: Այնպես որ, մենք այդ ամենի հետ որեւէ առնչություն չունենք:

– Մեր մարզաբազաները պատրա՞ստ են ընդունել այդքան մեծաթիվ հյուրերի:

– Այդ հարցով զբաղվում է Խաղերի մրցավարական հանձնաժողովը՝ գլխավոր մրցավար, սպորտի եւ երիտասարդության նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանի գլխավորությամբ: Բայց ասեմ, որ հիմա մեր բոլոր մարզաբազաներն էլ այն վիճակում են, որ հենց հիմա էլ կարող են ընդունել ցանկացած մակարդակի մրցում:

– Ժամանակին քիչ չեն եղել նաեւ դժգոհությունները մրցավարությունից:

– Այո, նման բան եղել է: Բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ: Մրցավարական սխալմունքներն անխուսափելի են, անգամ աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում: Մենք նման երեւույթները նվազագույնի հասցնելու նպատակով ժամանող բոլոր քաղաքների թիմերին հորդորում ենք պատվիրակության մեջ ներգրավել նաեւ մրցավարների:

– Հայաստանի թիմերում պրոֆեսիոնալ մարզիկներ ունենալ թույլատրվո՞ւմ է:

– Դրա իմաստը չկա: Նախ, ոչ մի պրոֆեսիոնալ մարզիկ իրեն թույլ չի տա հանդես գալ այս կամ այն սիրողական թիմում: Երկրորդ, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Համահայկական խաղերի հաղթող դառնալը աշխարհի չեմպիոնի կոչում նվաճել չէ: Համաշխարհային կոմիտեն այս գաղափարը միշտ էլ փորձել է հասու դարձնել մեր թիմերի ղեկավարներին:

– Խաղերի կազմակերպման գաղափարը համահունչ է սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Դուք նախարարության հետ համագործակցո՞ւմ եք:

– Նաեւ միմյանց լրացնում ենք: Մենք արտգործնախարարության հետ համատեղ տարբեր երկրներում գործող Հայաստանի դեսպանատների եւ հյուպատոսությունների հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի Խաղերի ծրագրով Հայաստան ժամանողների համար վիզաների հարցում խոչընդոտները հասցվեն նվազագույնի: Իսկ սփյուռքի նախարարությունն էլ իր հերթին պիտի աջակցի, որպեսզի ավելի մեծ թվով հայեր գան Հայաստան: Իսկ թե ինչն ինչպես պետք է կազմակերպվի, կարծում եմ, կհստակեցվի կառավարական կազմկոմիտեի ստեղծումից հետո միայն: Եթե մեր եւ սփյուռքի նախարարության ջանքերը համատեղվեն, արդյունքը անհամեմատ ավելի մեծ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել