Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերապատումների հրավառություն

Մայիս 04,2011 00:00

Խոստանում են փառատոնի կազմակերպիչները

Մայիսի 6, 7 եւ 8-ին Երեւանը «կշնչի» պատկերապատումներով: Հայաստանում պատկերապատման զարգացման միության նախաձեռնությամբ եւ ՀՀ առաջատար օպերատոր «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության աջակցությամբ կանցկացվի «Պատկերապատման հրավառություն» միջազգային փառատոն:

«Պատկերապատման հրավառություն 2011»-ի կազմակերպիչ, պատկերապատման քննադատ, ֆրանսահայ լրագրող, սցենարիստ Լորան Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ զգացված է լրագրողների այդչափ ուշադրությանն արժանանալով. «Անցյալ տարի, երբ գալիս էինք Հայաստան` փառատոնի, ֆրանսիացի հեղինակների հետ էինք, իսկ այս անգամ միայն ֆրանսիացի նկարիչ-պատկերապատող, ֆրանսիական Անգուլեմ քաղաքում Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմինիկ Բեղտայն է, որին կարելի է անվանել Բեղտալյան: Ինձ համար նշանակալից է նաեւ այն, որ այս անգամ կազմակերպվող միջոցառումները հայերի կողմից են իրականացվելու: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ինձ ցույց տվեցին Ուոլթ Դիսնեյի գործերից՝ ռուսերեն տարբերակով, որը դեռ պատկերապատում չէր: Հետո Ֆրանսիայում հանդիպեցի Հայաստանի պատկերապատման զարգացման միության նախագահ Ժան Մարտիկյանին ու որոշեցինք Հայաստանում այլ շահագրգիռ արվեստագետների հետ զարգացնել պատկերապատումը»:

Լ. Մելիքյանի բնութագրմամբ, պատկերապատումը մասնավորապես կարեւոր է երեխաների համար, քանի որ պատկերապատումների գիրք կարդալիս երեխան մեխանիկորեն կապվում է իր երկրի մշակույթին, եթե, իհարկե, այդ գիրքը գրված է հայերեն: Միեւնույն ժամանակ՝ այն նշանակալի է նաեւ չափահասների համար, քանզի պատկերապատումը արտահայտվելու հարուստ միջավայր է եւ պետք է չափահասներին էլ թույլ տալ հաղորդակցվել իրար հետ պատկերապատումների միջոցով:

Լ. Մելիքյանը գտնում է, որ պատկերապատողները չպետք է մտածեն, թե պատկերապատման վերջնական նպատակը այն ֆիլմի վերածելն է, քանի որ միայն ամենահայտնի պատկերապատումներն են, որ դառնում են ֆիլմ: Նա որպես օրինակ նշեց «Ադելի արկածները» պատմությունը, որը ստեղծվելուց 30 տարի հետո է վերածվել ֆիլմի:

Նա հայաստանցի լրագրողների հետ հանդիպում նշանակեց 10 տարի հետո՝ Փարիզում, խոստանալով այդտեղ ցուցադրել հայկական պատկերապատման ձեւաչափով ֆիլմ:

Պատկերապատող սցենարիստ, միջոցառման կազմակերպիչ Իրինա Մրյանը ներկայացրեց 3 օրերի ընթացքում կայանալիք միջոցառումները եւ մեկնաբանեց «Պատկերապատման հրավառություն» խորագիրը. «Ելնելով միջոցառումների բազմազանությունից, որոշեցինք այս տարվա փառատոնի խորագիրը դնել հրավառություն, քանի որ երեք օրերի ընթացքում իսկապես պատկերապատումների հրավառություն է տեղի ունենալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել