Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԿՏՈՐԻ ԱՆՄՐՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 10,2011 00:00

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ընտրությունն այս էլ 2-րդ անգամ մեկ թեկնածուով էր ու այդ մեկը ինստիտուտի շրջանավարտ, 1985 թվականից այս բուհում աշխատող՝ հանրապետական Գուրգեն Կիպրոնի Խաչատրյանն է: Բուհի կառավարման խորհրդի անդամներից ոչ մեկը չէր ցանկացել նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել, պատճառաբանելով՝ թե ձեռնտու չէ: «Ստիպված ենք լինելու մտնել լծի տակ, սոցիալական պայմանների հետ կապված ուսանողների թիվը տարեցտարեց կրճատվում է, ինչը ցավալիորեն կբերի նաեւ դասախոսների թվի կրճատման: Այս տարի էլ դիմորդների քիչ քանակը ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի»,- համոզված է Կառավարման խորհրդի նախագահ, Լոռու նախկին մարզպետ, հանրապետական Հենրիկ Քոչինյանը:
4500 ուսանող ունեցող ՎՊՄԻ-ում 310 դասախոս է աշխատում, 90-ն էլ աշխատում է համատեղության կարգով` համապատասխան մասնագետներ չունենալու պատճառով:
Դասախոսական կազմից ոչ մեկն էլ չէր համարձակվել մտնել թեկուզ պայքարի «լծի տակ» ու ելույթ ունեցողներն էլ միայն դրական խոսքեր ասացին թեկնածուի մասին: Օրինակ, պատմական գիտությունների պրոֆեսոր Սամսոն Քառյանը գնահատում է ուսանողների՝ պատմամշակութային վայրեր ուխտագնացությունների կազմակերպումը:
Կառավարման եւ գիտական խորհուրդների անդամները սուսուփուս լսեցին միակ թեկնածուի ռազմավարական ծրագիրն ու կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-12թթ. միջոցառումների համալիր ծրագիրը: Հատկապես կոռուպցիայի դեմ պայքարն է ուշագրավ, եթե հաշվի առնենք, որ վերընտրված ռեկտորը 1987-ից այս բուհում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2006-ից  ռեկտոր է: «Առաջիկա 5 տարիներին կառավարման եւ գիտական խորհուրդը ամեն ինչ պիտի անի, որ ներկայացված ծրագիրը իրականություն դառնա»,- վստահ է կառավարման խորհրդի նախագահ, նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել