Լրահոս
Օրվա լրահոսը

armscoop.com-ն ու երիտասարդները

Մայիս 10,2011 00:00

Հայկական գիտական համագործակցության առաջին ձեռքբերումները

Արդեն մի քանի ամիս է՝ գործում է «Հայկական գիտական համագործակցության» (Armenian Scientific Cooperation) armscoop.com կայքը, որը հիմնադրել են մի քանի երիատասարդներ: «Առավոտը» զրուցեց նրանց հետ: Պարզվեց, որ նախքան «Հայկական գիտական համագործակցություն» կայքի ստեղծումը, վերջինիս հիմնադիր-համանախագահ Արմեն Մարտիրոսյանը արդեն Տիեզերքի ու աստղագիտության վերաբերյալ գիտական զանազան նորություններ տարածող կայք ուներ: Մոտավորապես կես տարի առաջ նա եւ նրա ընկերներ՝ Լեւոն եւ Սամսոն Հովհաննիսյանները որոշեցին ստեղծել նոր գիտական կայք, որը կընդգրկեր տարբեր գիտական ուղղություններ եւ կնպաստեր համացանցում հայկական գիտական ներուժի համախմբմանը եւ զարգացմանը: Գաղափարը ենթադրում էր ոչ միայն հայաստանյան, այլեւ արտասահմանյան տարբեր գիտաճյուղերի ներկայացուցիչների հետ համագործակցության հաստատում, այստեղից էլ՝ կայքի անվանումը:
«Հայկական գիտական համագործակցությունն» ինչպիսի՞ մարդկանց է համախմբել եւ ընդհանրապես ի՞նչ է ենթադրում իրենց պատկերացրած գիտական համագործակցությունը: Կազմակերպության հիմնադիր համանախագահ Սամսոն Հովհաննիսյանը նշեց. «Կայքը համախմբել է հիմնականում հայկական մի շարք պետական բուհերի բարձր կուրսերի ուսանողների եւ ասպիրանտների, դասախոսների եւ գիտնականների (այդ թվում եւ՝ արտասահմանյան): Ծրագրվում է համագործակցություն հաստատել նաեւ տարբեր գիտական հաստատությունների հետ, եւ այդ ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ: Ընդհանրապես, կայքի հիմնական նպատակն է գիտության, ինչպես նաեւ կրթության բնագավառների տարբեր ներկայացուցչների հետ սերտ համագործակցության միջոցով ժամանակակից համացանցային, վիրտուալ միջավայրում հայատառ բովանդակությամբ ապահովել գիտության զարգացումը, կայքը դա փորձում է անել գիտական հոդվածների հրապարակման, ինչպես նաեւ գիտատեղեկատվական ու գիտակրթական տարաբնույթ տեղեկատվության տարածման միջոցով՝ այդ թվում արտասահմանում սովորելու տարաբնույթ հայտարարություններ: Կայքում ստեղծվել է առցանց գրադարան, որը շուտով կհամալրվի արժեքավոր աշխատություններով: Համագործակցում ենք Հայկական աստղագիտական ընկերության, մասնավորապես՝ ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի հետ, ինչի արդյունքում առաջիկայում կայքում կհրապարակվեն անվանի գիտնական Վիկտոր Համբարձումյանի հեղինակած տասնյակ աշխատությունները, որոնցից շատերը համացանցում կլինեն առաջին անգամ: Մոտ ամիսների ընթացքում պատրաստվում ենք կազմակերպել գիտաժողովներ եւ սեմինարներ, ինչը մեծ խթան կլինի գիտական համագործակցության ամրապնդմանը»:
Արմեն Մարտիրոսյանին հարցրինք, թե ի՞նչ տեսակ հոդվածներ են տեղադրվում armscoop.com-ում, եւ ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում նյութի կարեւորությունը գնահատելիս: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Առայժմ կայքում հրապարակվում են հիմնականում հումանիտար գիտություններին վերաբերող հոդվածներ: Թեմատիկ սահմանափակում չկա, սակայն ընտրվում են այն հոդվածները, որոնք հնարավորինս համապատասխանում են գիտականության չափանիշներին եւ հանդիսանում ինքնուրույն աշխատանքի արդյունք»:
Տղաները պատմեցին, որ կայքի նպատակներից է նաեւ արտասահմանում բնակվող հայ գիտնականների հետ կայուն համագործակցության հաստատումը, հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն գրանցել են որոշակի հաջողություններ:
Իսկ կա՞ գերնպատակ, որի իրականացման պահը, ըստ երիտասարդների, դեռ չի հասունացել: Նրանք հայտնեցին, որ որպես գերակա նպատակ, կարող են նշել Հայաստանում 21-րդ դարի պահանջներին համապատասխան գիտական համագործակցության մեծ ցանցի ստեղծումը, որի ուղղությամբ առաջին քայը համարում են armscoop.com կայքի հիմնադրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել