Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՂԻ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

Մայիս 10,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, Դամասկոսից ստացվող տեղեկությունների համաձայն, քաղաքի արեւմտյան շրջաններից մեկում՝ Մուադխամիայում, երկուշաբթի օրն ինտենսիվ փոխհրաձգություն է եղել: Իրավապաշտպան շարժման ակտիվիստների վկայությամբ, սիրիական բանակը կրակել է հակակառավարական ցույցի մասնակիցների վրա: Ընդդիմադիր կայքերի մատուցմամբ էլ, հիշյալ թաղամասի վրա սեւ ծխի ամպեր են երեւացել: Թաղամասը շրջափակվել է բանակային զորքերի կողմից, անջատվել են էլեկտրական հոսանքն ու հեռախոսակապը: Օտարերկրյա լրագրողների մուտքը Սիրիա՝ առաջվա նման փակ է, ուստի տեղից ստացվող լուրերի հավաստիությունը ստուգելու աղբյուրները սահմանափակ են:
Անցած հանգստյան օրերին բանակայինները մտել էին երկրի մի քանի քաղաքներ: Սիրիայի պետական լրատվական գործակալությունները հաղորդում են, թե իշխանությունները մարտեր են մղում «զինված ահաբեկչական խմբերի» հետ Դարաա, Խոմս եւ Բանիյաս քաղաքներում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, թե մտադիր չեն դադարեցնել պայքարն ու հանձնվել իշխանություններին: Անանուն աղբյուրը նաեւ ասել է, թե քաղաքներից մեկում ոստիկանությունն ու բանակը հրաժարվել են կրակել ցուցարարների ուղղությամբ, ու եզրակացրել է, թե իշխանական օղակներում որոշակի տարակարծություններ կան: Հիշեցնենք, որ, ըստ իրավապաշտպանների, Սիրիայում հակակառավարական բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր երկրի ուժայինների հետ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 500 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել